CEDAW կոմիտեն քննարկում է Հայաստանի կառավարության պարբերական զեկույցը
Նոյեմբերի 4-ին Ժնևում ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 65-րդ նստաշրջանում քննարկվելու է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ Հայաստանի հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը: Կոմիտեն դիտարկելու է նաև քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված Հայաստանում կանանց իրավիճակի մասին 6 այլընտրանքային զեկույցները, նրանց թվում մեկը՝ Ադրբեջանից է:
Զեկույցը ներկայացնելու համար Ժնև մեկնած պետական պատվիրակության կազմում 11 պաշտոնյա է ներգրավված, նրանց թվում նաև Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական ներկայացուցչության անդամները: Նույնքան պատկառելի է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում են հայաստանյան մի շարք ՀԿ-ների անդամներ, ովքեր մասնակցել են CEDAW կոմիտեին ներկայացված այլընտրանքային զեկույցների պատրաստմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան 1993 թվականին : Կոնվենցիայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսում է պետության ստանձնած պարտավորությունների կատարման պարբերական հաշվետվություն: Փաստաթղթի համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են, պարբերաբար զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին Կոնվենցիայի դրույթների կատարման համար ձեռնարկված քայլերի և ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ:
Վավերացումից հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը Կոնվենցիայի կոմիտեին է ներկայացրել չորս հաշվետվություն: Վերջինը ՝ 3-րդ և 4-րդ համատեղ զեկույցն էր, որը կոմիտեն դիտարկել է 2009 թվականի փետրվարին, ինչի արդյունքում ընդունվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի մասին երկիրը պետք է տեղեկացնի Կոմիտեին` հաստատված ժամկետների համաձայն:
Հայաստանի կողմից այս տարի ներկայացվող զեկույցը 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցն է, որը ներառում է 2009-2012թ.թ. ժամանակահատվածը : Իրականում այն նախապատրաստվել է ՀՀ Կառավարությունում ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից (աշխատանքները համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը) և հաստատվել կառավարության որոշումով դեռ 2014-ի հոկտեմբերին: Սակայն CEDAW կոմիտեի ժամանակացույցով Հայաստանի զեկույցին հերթը հասել է միայն այս տարի:
CEDAW Կոնվենցիայի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նրա ընթացակարգերով խրախուսվում է այլընտրանքային և ստվերային զեկույցների ներկայացումը հասարակական կազմակերպությունների կողմից, ընդ որում ընթացակարգերով դա կարող են անել ոչ միայն հայաստանյան, նաև այլ երկրների կազմակերպությունները:
Ըստ այդմ, CEDAW կոմիտեի էջում պետական զեկույցի հետ միասին ներկայացված է նաև 6 այլընտրանքային զեկույցներ, որոնք նախապատրաստել են.
– Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան,
–մի խումբ ՀԿ-ներ կողմից (դրանց թվում են «Դեմոկրատիան այսօր», Ընդդեմ կանանց նկատմաբ բռնության կոալիցիան, «Դիսաբիլիտի ինֆո»-ն, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը, Եզդի կանանց միությունը),
– «Մեմորիալ» հակախտրական կենտրոնը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը համատեղ , ինչպես նաև
-Վրաստանից՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման կովկասյան կենտրոնը (CCHRM),
-Ադրբեջանից ՝ Մարդու իարվունքների կրթության և հետազոտությունների հանրային կենտրոնը (HRER) ,
–Երեխաների նկատմամբ մարմնական պատիժների վերացման Գլոբալ նախաձեռնությունը:
Բացի դրանից իր դիտարկումներն է ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Նշենք, որ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ընդունված 1979 թ. դեկտեմբերի 18-ին, ըստ էության, ներկայումս միակ միջազգային իրավաբանական գործիքն է, որը նախատեսված է տղամարդկանց և կանանց անհավասարության դեմ պայքարի համար: Կոնվենցիան նաև ամենամեծ թվով երկրների կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթուղթն է:
Հայաստանը՝ վավերացնելով 1993 թվականին այս կոնվենցիան , դրանով իսկ պարտավորություն է ստանձնել ոչ միայն դե-յուրե հռչակելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները , այլ նաև դե- ֆակտո ապահովելու հավասար հնարավորությունները դրանց իրականացման համար: 2013-ին ընդունված Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքը հենց այս Կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններից է բխում:
Հիշեցնենք նաև, որ 2006 թվականի մայիսի 23-ին, հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է նաև Կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թ. դեկտեմբերին: Այս փաստաթղթով կանանց նոր հնարավորություն է ընձեռում ազգային բոլոր միջոցներն սպառելուց հետո անձամբ կամ կազմակերպությունների անունից բողոք ներկայացնելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե կոնվենցիայով պաշտպանվող իրենց իրավունքների խախտման մասին:
Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը արտացոլված է գենդերային հավասարությանը նվիրված ՄԱԿ-ի բոլոր հետագա փաստաթղթերում:
WomenNet.am
Դիտումների քանակը` 3712