Կառավարությունը հաստատել է Հայաստանի հերթական զեկույցը՝ CEDAW –ի կատարման վերաբերյալ
ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում հաստատվել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) կատարման վերաբերյալ Հայաստանի հինգերորդ և վեցերորդ համատեղ պարբերական զեկույցը: Այն սահմանված կարգով կթարգմանվի անգլերեն և կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին ներկայացնելու համար:
Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, 1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան: Կոնվենցիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն նախատեսում է պետության ստանձնած պարտավորությունների կատարման պարբերական հաշվետվություն:
Փաստաթղթի համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են, պարբերաբար զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին Կոնվենցիայի դրույթների կատարման համար ձեռնարկված քայլերի և ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ:
Վավերացումից հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանը Կոնվենցիայի կոմիտեին է ներկայացրել չորս հաշվետվություն: 2009 թվականի փետրվարին կոմիտեն դիտարկել է ՀՀ 3-րդ և 4-րդ համատեղ զեկույցը, ինչի արդյունքում ընդունվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարման ընթացքի մասին երկիրը պետք է տեղեկացնի Կոմիտեին` հաստատված ժամկետների համաձայն:
Ըստ այդմ, ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցը նախապատրաստելու նպատակով հիմնվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի աշխատանքները համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Ա.Հակոբյան
Հ.Գ. Նշենք, որ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ ընդունված 1979 թ. դեկտեմբերի 18-ին, ըստ էության, ներկայումս միակ միջազգային իրավաբանական գործիքն է, որը նախատեսված է տղամարդկանց և կանանց անհավասարության դեմ պայքարի համար: Կոնվենցիան նաեւ ամենամեծ թվով երկրների կողմից վավերացված մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթուղթն է:
Հայաստանը՝ վավերացնելով 1993 թվականին այս կոնվենցիան , դրանով իսկ պարտավորություն է ստանձնել ոչ միայն դե-յուրե հռչակելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները , այլ նաև դե- ֆակտո ապահովելու հավասար հնարավորությունները դրանց իրականացման համար: 2013-ին ընդունված Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքը հենց այս Կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններից է բխում:
Հիշեցնենք նաեւ, որ 2006 թվականի մայիսի 23-ին, հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է նաեւ Կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը, որն ընդունվել է 2000 թ. դեկտեմբերին: Այս փաստաթղթով կանանց նոր հնարավորություն է ընձեռում ազգային բոլոր միջոցներն սպառելուց հետո անձամբ կամ կազմակերպությունների անունից բողոք ներկայացնելու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե կոնվենցիայով պաշտպանվող իրենց իրավունքների խախտման մասին:
Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը արտացոլված է գենդերային հավասարությանը նվիրված ՄԱԿ-ի բոլոր հետագա փաստաթղթերում, մասնավորապես, Պեկինյան գործողությունների ծրագրում և Հազարամյակի զարգացման հռչակագրում, որոնց նույնպես Հայաստանը միացել է:
Դիտումների քանակը` 6008