Պատգամավորները առաջարկում են արգելել հիվանդագին խաղամոլների մուտքը խաղատուն
Գաղտնիք չէ, որ խաղամոլությունը դառնում է բազմաթիվ ինքնասպանությունների, ամուսնալուծությունների, ընտանիքների կործանման պատճառ: Ըստ հոգեբանների՝ խաղամոլության պատճառով ինքնասպանության դիմողների թիվը կարելի է կրճատել, եթե պետական մակարդակով պարտադրվի խաղատներին, որպեսզի դրանք թույլ չտան խաղատուն մտնել խաղամոլության հատկանիշներ ունեցող մարդկանց: Հայ օրենսդիրները որոշել են հետևել այդ խորհրդին և օգնության ձեռք մեկնել խաղամոլությամբ տառապող քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:
Օրերս Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նախագծով առաջարկվում է հիվանդագին խաղամոլության հետևանքով իրենց ընտանիքները նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիներին՝ սահմանափակ գործունակ ճանաչել և արգելել նրանց մուտքը խաղատուն: Իսկ եթե անձը նշված հիմքով սահմանափակ գործունակ չի ճանաչվել` ապա նրան հնարավորություն է ընձեռնվում անձամբ ներկայացնել դիմում իր մուտքը խաղատուն արգելելու վերաբերյալ: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ ՝ օրինագիծը ընդգրկվել է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
WomenNet.am-ի հետ զրույցում օրինագծի համահեղինակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծն իրենից ներկայացնում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում բարելավման մեխանիզմներ, այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են եղել և երկուշաբթի օրը բացվող աշնանային նստաշրջանում օրինագիծը կքննարկվի:
Պատգամավորն ասաց, որ իր գործընկերների կողմից այն բավականին դրական է ընդունվել և մնում է միայն քննարկել ընթացակարգային խնդիրները` ինչպե՞ս է կիրառվելու օրենքը, ինչպե՞ս են ստուգելու որոշ տվյալներ արգելելու համար և այլն: Ամենակարևոր դրույթը` անձը ինքը դիմում գրի, որպեսզի իրեն արգելվի մտնել խաղատուն, ևս արժանացել է պատգամավորների դրական մոտեցմանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե մտավախություն արդյոք չունի, որ օրինագիծը կմերժվի, քանի որ հայտնի է, որ խաղատների բիզնեսի ետևում ոչ թե շարքային մահկանացուներն են, այլ պաշտոնյաներ, Էդմոն Մարուքյանն արձագանքեց: «Ոչ, չեմ կարծում…. Ամեն դեպքում այս պահին օրինագծի դեմ ուղղված նման լոբինգ չեմ զգացել»,- նշեց նա:
Է.Մակարյան
***
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոլախաղերով հրապուրվող մարդկանց մոտ 2-7 տոկոսը հակված է այսպես կոչված գեյմբլինգի կամ լուդոմանիայի (լատիներեն ՙludus՚ – խաղ), այսինքն հիվանդագին խաղամոլության, որն այսօր դիտվում է որպես յուրահատուկ կախվածության տեսակ, գիտակցությունը փոխելու միջոցով իրականությունից փախչելու ձև, հիվանդություն` այնպիսին ինչպիսին թմրամոլությունն է կամ ալկոհոլամոլությունը: Ինչպես և այդ հիվանդությունները, խաղամոլությունը նույնպես ծանր հետևանքներ է ունենում` հանգեցնում է անձի և միջանձնային հարաբերությունների լուրջ խաթարումների և, ի վերջո, կործանում մարդուն: Խաղամոլությունը կարող է բնութագրվել որպես հոգեկան ոլորտի խանգարում կամ հիվանդություն այն դեպքում, երբ վերածվել է կյանքի իմաստի, առաջատար պահանջմունքի, որին մարդն ի վիճակի չէ դիմակայել, ստիպել իրեն հրաժարվել ժամանակի ու գումարների նման անիմաստ վատնումից:
Պաթոլոգիկ խաղամոլության ախտանշաններն են`
1. Խաղի մասին մտահոգվածությունն ու անցյալ խաղերի մասին հիշողությունները:
2. Խաղալով, կարելի է ասել, գերագույն հաճույք է ապրում ու անդադար բարձրացնում գումարի չափը:
3. Դժվարությամբ է ընդհատում խաղը կամ ընդհանրապես չի կարողանում ընդհատել:
4. Խաղում է ընտանեկան պրոբլեմներից ու խնդիրներից, տարբեր տեսակի վախերից ու տագնապներից խուսափելու համար:
5. Խաբում է տան անդամներին ու ցանկացած պատրվակով փորձում է գնալ խաղալու:
6. Ցանկացած ճանապարհով փորձում է գումար հայթայթել` գողությամբ, անօրինական արարքներով, խաբեությամբ:
7. Խաղի պատճառով կարող է այնպիսի ռիսկի գնալ, ինչպիսիք են` աշխատանք կամ նույնիսկ հարազատ մարդուն կորցնելը:
Խաղային կախվածություն ունեցողը ոչ միայն ինքն է որպես անհատականություն կործանվում, այլև անհանգստություն է պատճառում շրջապատող մարդկանց: Այսպես, խաղամոլների ընտանիքներում լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս, շատ հաճախ նրանց ընտանիքները փլուզվում են: Մինչև 60% լուդոմանիայով հիվանդները իրավական խախտումներ են անում: Այս մարդկանց մոտ բարձր է սուիցիդի ռիսկը. մոտ 80 տոկոսը մտորում է ինքնասպանության մասին, իսկ 20 տոկոսն իրական փորձեր է կատարում:
Չնայած նրան, որ ազարտային խաղերի հանդեպ մոլուցքն ավելի շատ տարածված է տղամարդկանց մոտ, կանանց մոտ այդ կախվածությունն ավելի ծանր է լինում: Կանայք երեք անգամ ավելի արագ են ներքաշվում դրա մեջ և ավելի դժվար են ենթարկվում հոգեթերապիայի: Ի տարբերություն տղամարդկանց, կանայք խաղերից կախվածության մեջ են ընկնում ավելի մեծ տարիքում և այլ պատճառներով: Դրանցից ամենատարածվածը անձնական խնդիրներն են, որոնցից փախչելու համար նրանք խաղի մեջ են ընկղմվում: Առավել հաճախ դա պատահում է 21-50 տարեկանում և 1-4% դեպքերում կիրքն այն աստիճանի է հասնում, որ հոգեթերապեվտի կարիք է զգացվում: Յուրաքանչյուր երրորդ պաթոլոգիկ խաղացող կին է: Կանանց և տղամարդկանց սեռային տարբերությունները կայանում էին նաև նրանում, որ կանանց մոտ խաղային կախվածությունը հաճախ ուղեկցվում էր դեպրեսիայով, իսկ տղամարդկանց մոտ – ալկոհոլիզմով:
Ինչ վերաբերում է խաղային մոլուցքի հաղթահարման խնդրին, ապա այս առումով կարևոր դեր ունեն և’ պետությունը և’ հենց խաղատները: Մի շարք երկրներում խաղամոլության դեմ պայքարի հատուկ ծրագրեր են մշակվել, ծառայություններ ստեղծվել: Խաղատներում աշխատում են մասնագետներ, որոնք ախտորոշում են ՙհիվանդին՚, փորձում են օգնել նրան հաղթահարել իր մոլուցքը: Որպես ծայրահեղ միջոց կարող է արգելվել հիվանդի մուտքը տվյալ խաղատուն:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ահավոր ապրումների մեջ էի, որովհետև չէի ճանաչում իմ Արմենին»…
Դիտումների քանակը` 4609