Բիզնեսը հավասարություն է ենթադրում

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի կենտրոնական թեմաներից մեկը՝ կանայք եւ բիզնեսն է: Պեկինի գործողությունների ծրագրում այս թեման առանձնացված է «Կանայք եւ տնտեսությունը« խնդրահարույց ոլորտում: Ըստ այդմ, նստաշրջանի շրջանակում մեծ թվով բիզնես առաջնորդների, պետությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հատուկ  քննարկում էր  կազմակերպվել կանանց  տնտեսական հնարավորությունների ընդլայնման շուրջ:

 

Քննարկմանը մասնակցում  էին  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի  Քլինտոնը, Քլինտոնը, ով,  ի դեպ , 1995-ն մասնակցել էր Պեկինի գագաթնաժողովին:

 

Քննարկման հիմքում էին  դեռ 2010 թ. ՄԱԿ-Կանայք ստորաբաժանման  նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրով մշակված «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքները»: Ըստ այդ սկզբունքների,  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը դիտարկվում է որպես  բիզնես ընկերությունների հաջողությանը  եւ համընդհանուր բարօրությանը նպաստող ռազմավարություն: Դա բիզնեսի սոցիալական պատասխանատվության ոլորտում խոշոր համաշխարհային նախաձեռնություն է, որն այսօր միավորում է ավելի քան 8 հազար բիզնես կառույցներ և այլ շահագրգիռ կողմեր աշխարհի ավելի քան 135 երկրներից,  թեպետ 2010-ին իր մեկնարկի պահին ունեցել է  ընդամենը 40 ստորագրյալներ:

 

«Կանայք և տղամարդիկ, ովքեր հասկանում են, որ գենդերային հավասարությունը արդարացված է  ոչ միայն բարոյապես,  այլ նաեւ ամենախելամիտ մոտեցումն է ընկերությունների և երկրների զարգացման համար, օր օրի շատանում են », –  ասաց  քննարկման ակտիվ բանախոս Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքով,  վերջին 20 տարիների առաջընթացը պատահական չէ. դրա համար պահանջվել է հանձնառություն, հաշվետվողականություն, միասնություն և ծանր աշխատանք: «Ես շատ հուզված եմ այսօրվա առիթով, և, մասնավորապես, այն բանի համար, որ այստեղ ներկա են այսքան բիզնես ոլորտի ներկայացուցիչներ , որոնք գիտակցում են իրենց  դերը  կանանց հնարավորությունների ընդլայնման հարցում», – նշեց նա, կոչ անելով գործել միասնաբար՝ ներգրավելով ողջ բիզնես աշխարհը:

 

Իր բացման խոսքում ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի Մունը նշեց, որ կանանց հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքները տրամադրում են ցանկացած բիզնեսին  ճանապարհային քարտեզ՝ կանանց իրավունքները հարգելու և պաշտպանելու համար:

 

«Սա այն կարևորագույն պահն է, երբ  մասնավոր հատվածը պետք է զբաղեցնի իր կարևոր տեղը որպես գործընկեր և գենդերային հավասարության հասնելուն միտված փոփոխություններ մտցնի: Եթե ստատուս քվոն շարունակվի, ոչինչ էլ չի փոխվի: Ես կոչ եմ անում միավորվել Կանանց հնարավորությունների ընդլայնման սկզբունքների ակտիվ իրականացման շուրջ:   Մենք ուզում ենք տեսնել մեծ թվով բիզնեսներ, որոնք կորդեգրեն այս սկզբունքները հաջորդ հինգ տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք հասնել լիակատար հավասարության մինչև 2030 թ.», – ասաց ՄԱԿ-ի Կանանց գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգուկան:

 

Նիստին հայտնի դարձան այն  5 բիզնես կազմակերպությունները, որոնք  ճանաչվել են գենդերային հավասարության մեջ առաջատարներ: Մրցանակաբաշխության վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային կարող եք ծանոթանալ այստեղ :

Նշենք, որ «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման 7 սկզբունքներն»  ենթադրում են.

 

1. Ընկերության ղեկավարության մակարդակով ձևավորել գենդերային հավասարության ապահովմանը նպաստող միջոցառումների ակտիվ աջակցություն:

 

2. Արդար մոտեցումներ ցուցաբերել  աշխատավայրում  կանանց և տղամարդկանց. հարգել և սատարել մարդու իրավունքները և բացառել  խտրականությունը:

 

3. Ապահովել բոլոր աշխատակիցների` տղամարդկանց և կանանց, առողջությունը, անվտանգությունը և բարեկեցությունը:

 

4. Օժանդակել կանանց կրթությանը, որակավորման բարձրացմանը և մասնագիտական աճին:

 

5. Բիզնեսի զարգացման, մատակարարումների և իրացման շղթայի ոլորտում կիրառել կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը նպաստող մոտեցումներ:

 

6. Աջակցել իրավահավասարությանը նախաձեռնությունների միջոցով տեղական համայնքների մակարդակում և շահերի պաշտպանության ուղիով:

 

7 Անցկացնել արդյունքների գնահատում և հանրությանն իրազեկել գենդերային հավասարության հասնելու ասպարեզում հաջողությունների մասին:

 

 Երեւան-Նյու Յորք

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Դիտումների քանակը` 4155

Գլխավոր էջ