Բնակարանային խնդիրը երիտասարդների աչքերով

Հայաստանում երիտասարդներին հուզող հիմնական խնդիրների փոխկապակցված եռյակից` կրթություն, աշխատանք, բնակարան, հատուկ ուշադրության է արժանի բնակարանային հարցը: Այն հատկապես ակտուալ է դառնում այն ժամանակ, երբ երիտասարդները պատրաստվում են ընտանիք կազմել: Միակ հնարավորությունը  նրանց համար բնականարան ձերք բերել հիփոթեքով, ինչը նշանակում է ֆինանսական համակարգի գերի դառնալ առաջիկա 20-30 տարիներին, այն էլ միայն կայուն  եկամուտ ունենալու դեպքում: Անգամ այն գիտակցումը, թե որքան մեծ է հիփոթեքային վարկի ժամկետը, այնքան շատ գումար ես վճարելու` երբեմն նույնիսկ գնվող բնակարանի կրկնակի գինը, հետ չի պահում պոտենցիալ շահառուներին, քանի որ բնակարանը անհրաժեշտություն է և այլ ճանապարհ ուղղակի չկա:

 

Վիճակագրության համաձայն՝ 9 տարի առաջ մեկնարկած «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում, 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ բանկերի միջոցով տրվել է շուրջ 4000 վարկ, որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը գերազանցել է 30 մլրդ դրամը: Ընդ որում, վերցված վարկերի կեսը բաժին է ընկնում մարզերին: Սա, կրկնենք, միայն մի ծրագրի շրջանակում վարկավորման վիճակագրությունն է:

 

Եթե խոսենք այն մասին, թե ինչ է անում պետությունը, որպեսզի թեթևացնի այս հոգսը, ապա պետք է նշենք, որ լուծել այս խնդիրը փորձել են Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունները: Այլ հարց է, թե որքանո՞վ նպատակային ու շահառուների համար տեսանելի-շոշափելի: Օրինակ, 2016 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել էր ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիր, որում նախատեսված էին նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ներդրման ու իրականացման դրույթները: Մասնավորապես, հեղինակները նշում էին, որ 30 տարի շարունակ 1 միլիարդ դրամ ներդնելով Հայաստանի Հանրապետությունը կարող է լուծել երկրում բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների խնդիրը: Իսկ եթե տարեկան այդ ներդրումը կազմի 1 միլիարդ դրամ, ապա հնարավոր կլինի լուծել 1900 ընտանիքի խնդիրը: 

 

Սակայն կառավարությունը  2017-ին փոխվեց և հարցը մնաց օդում կախված, թեպետ նոր` գործող իշխանություններն էլ այս իմաստով ձեռքերը ծալած չեն նստում և, օրինակ, այս տարվա գարնանը կառավարությունը հաստատեց նույն այդ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում նախատեսված փոփոխությունների ու լրացումների նախագիծը: Նախ, փոխվեցին տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝  ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը հանվեց և այժմ մնաց միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը:

 

Առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին նաև հնարավորություն ընձեռվեց բնակարան ձեռք բերել 7,5 % տոկոսադրույքով՝ նախկին 9,5%-ի փոխարեն, կանխավճարն էլ կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը,  իսկ մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի: Բարձրացվեց նաև ձեռք բերվող բնակարանի արժեքը՝ հասնելով մինչև 30 մլն դրամի:

 

Եթե մինչ այդ գործող կարգավորումներով կանխավճար էր սահմանված 30 տոկոսը, ապա փոփոխությամբ կանխավճարը նվազեցվեց մինչև 10 տոկոս, իսկ այդ 20 տոկոս տարբերության համար կանխավճարի ապահովագրման ինստիտուտ ներդրվեց: 2018 թվականից հնարավոր դարձավ նաև հիփոթեքի վարկի մարման համար օգտագործել պետության կողմից վերադարձվող եկամտահարկը և արդարաության համար հարկ է նշել, որ շատ երիտասարդներ դրա շնորհիվ թեթևացրել են իրենց հոգսը: Բայց այստեղ էլ կան որոշակի սահմանափակումներ, իսկ ամենագլխավորն այն է, որ բնակարանը պետք է լինի նորակառույց բազմաբնակարան շենքում վերջնական կառուցված բնակարան` իր սեփականության վկայականով կամ դեռևս կառուցապատման փուլում գտնվող բազմաբնակարան շենքում, որից գնորդը ձեռք է բերում բնակարանի գնման իրավունք: Այլ կերպ ասած՝ երկրորդական շուկայից ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձ չի լինի:

 

Հիփոթեքով բնակարան. սպասելիքներ ու իրականություն

 

Ինչպես և շատ դեպքերում, հիփոթեքով բնակարան ձեռք բերելը միշտ չէ, որ համապատասխանում է մեր պատկերացումներին, այն է՝ գնացիր բանկ, պայմանագիրը կնքեցիր և վերջ: Դա երկարատև գործընթաց է, շատ բարդ, ինչի մասին պատմում է նաև WomenNet.am-ի զրուցակից 29-ամյա Աննան, ում դիտարկմամբ, միևնույն է այլ ելք չկա՝ եթե ուզում ես բնակարան ձեռք բերել, ապա պետք է պատրաստ լինես բոլոր դժվարություններին՝ թե՛ երևացող, թե՛ թաքնված.

 

«Բնակարանը ձեռք ենք բերել 2014 թվականին՝ Ավանի ԵՊՀ շրջանավարտների նորակառույցներում: Այդ ժամանակ ամուսնուս հետ ապրում էինք վարձով՝ ամուսնանալուց հետո որոշեցինք ապրել առանձին: Երբ եկավ բնակարանային այդ ծրագրին մասնակցելու պահը, ոչ մի րոպե չէինք կասկածում, որ պետք է փորձենք՝ որքան էլ դժվար լինի, հատկապես, որ ծրագրում էինք երեխաներ ունենալ…Վիճակահանությունը մեզ կանաչ լույս տվեց, դժվարությամբ, բայց վճարեցինք կանխավճարը ու սկսեցինք վճարումներ կատարել կառուցվող բնակարանի դիմաց, դրան զուգահեռ նաև վճարել վարձակալած բնակարանի համար…

 

Եթե ասեմ, որ մինչև նոր բնակարանը տեղափոխվելը շատ ծանր տարիներ էին, նշանակում է ոչինչ չասել: Եթե մեր ծնողները մեզ չօգնեին, մենք երևի թե հրաժարվեինք այդ ռիսկային նախաձեռնությունից, որովհետև մեր երկուսիս եկամուտը թույլ չէր տա փակել և՛ վարձակալության, և՛ ապագա բնակարանի պարտադիր ծախսերը (իսկ դրանք պարտադիր են անգամ եթե դեռ շենքը կառուցվում է), ինչպես նաև մեր սնվելու ու հագնվելու ծախսերը: Երբ տեղափոխվեցինք, շունչ քաշեցինք, որովհետև գոնե միայն վարկ էինք վճարում: Նոր բնականարանում երեխա ունեցանք, բայց այսօր էլ, հինգ տարի անց, մենք ԴԵՌ վճարում ենք վարկի տոկոսները ու մի քանի տարի այդպես կշարունակենք, այսինքն մայր գումարին չենք հասել: Սա ահավոր հոգեբանական պահ է, որովհետև դու գիտակցում ես, որ կյանքիդ մեծ մասը վճարելու ես մի բնակարանի համար, բայց արդյունքում քո վճարած գումարով կարող էիր երկրորդ բնակարանը գնել…բայց ի՞նչ արած:

 

Հիմա, արդեն այդ բոլոր մանրամասները իմանալով ես գիտակցում եմ, որ երևի թե այդ իմացությունը ինձ կխանգարեր հիփոթեքով բնակարան գնելու ցանկություն արտահայտել, որքան էլ դա անհրաժեշտ է: Թերևս հիփոթեքային ծրագրերի լավն այն է, որ դու չգիտես, թե ինչերի միջով պիտի անցնես (երբ շինարարության համար ամիսը մեկ մի ինչ-որ գումար են սկսում պահանջել), ու ռիսկով մտնում ես այդ բեռի տակ: Հակառակ պարագայում ոչ ոք դրան չի գնա, ու բոլորը կմնան անտուն: Դժվար է, բայց սա միակ տարբերակն է բնակարան ունենալ»:

 

Չմոռանանք, որ որքան էլ բարդ է բնակարան ձեռք բերել, ոչ պակաս դժվար է նաև այն կահավորել, որպեսզի հնարավոր լինի բնակվել այդ բաղձալի սեփականությունում…

 

Բոլոր դեպքերում , արդարացի է պնդումը, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելը ու հատկապես կանխավճար ապահովելը բոլոր երիտասարդներին չէ, որ հասու է` հաշվի առնելով միջին աշխատավարձի չափն երկրում և երիտասարդնետների շրջանում գործազրկության ցուցանիշները: Եվ սա էր պատճառը, որ 2016 թվականին կառավարությունը սկսեց քննարկել ևս մեկ ծրագիր, որով նպատակադրված էր վերացնել կանխավճարը: Մինչ շատերը չէին հավատում այս նախաձեռնությանը, իսկ բանկային համակարգը համառ դիմադրություն էր ցույց տալիս, այս տարբերակը լուրջ քննարկվում և նույնիսկ գովազդվում էր հիշատակված «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շրջանակում: Սակայն հաջորդ` Կարեն Կարապետյանի կաբինետի օրոք բնակարանային այս նախաճեռնությունը սառեցվեց, այնպես էլ մինչ օրս մնալով միայն բարի ցանկությունների շարքում, թեպետ, կարծում ենք, որ այն ուշադրության է արժանի նոր կառավարության անելիքների շրջանակում։

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1285

Գլխավոր էջ