Կանանց եռյակն՝ ընդդեմ Բելառուսի առաջին ու առայժմ միակ նախագահի

Այսօրվանից  Բելառուսում մեկնարկել է նախագահի ընտրությունների արտահերթ քվեարկությունը, որը  տեղի կունենա օգոստոսի 4-ից 8-ը: Դրան կհետևեն հիմնական ընտրությունները, որոնք կկայանան օգոստոսի 9-ին: Երկրի ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել արտահերթ քվեարկությանը ՝ առանց բացատրելու այն պատճառները, թե ինչու նա չի մասնակցելու ընտրատեղամասերում հիմնական քվեարկությանը: Նման ընթացակարգը  թելադրված է  կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով:

 

Նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու, որոնց թվում  են Անդրեյ Դիմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան, Սերգեյ Չերեպենը և պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ով  առաջադրվում է վեցերորդ անգամ: Եվս երկու հավակնորդների՝ Վիկտոր Բաբարիկոյի և Վալերի Ցեպկալոյի գրանցումը մերժվել էր։

 

 

Տիխանովսկայան՝ ընդդիմադիր ուժերի միացյալ թեկնածու

 

Նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների ձերբակալություններով, ինչպես նաև չարտոնված բողոքի ցույցերով։  Օրերս՝ օգոստոսի 1-ին Գրոդնո քաղաքում ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքն է անցկացվել է։

 

 

Deutsche Welle-ն  գրում է, տարբեր գնահատականներով 7-10 հազար քաղաքացիներ եկել էին լսելու նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի խոսը։ Հենց նա է դարձել 1994 թվականից Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը։  BBC-ի   փոխանցմամբ, նա ընտրողների հետ անկեղծացել է, նշել, որ ավելի կնախընտրեր տանը կոտլետներ պատրաստել, քան նախագահական ընտրություններում առաջադրվել։ Բայց Լուկաշենկոյի 26-ամյա իշխանությանը մարտահրավեր նետելու առաքելությունից չէր կարող հրաժարվել։

 

Տիխանովսկայան բելառուս հայտնի բլոգեր, ավելի վաղ նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Սերգեյ Տիխանովսկու կինն է։ Ամուսնու դեմ մի քանի քրեական գործեր հարուցելուց հետո նա հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնու փոխարեն մասնակցել ընտրություններին: «Ես հայտնվել եմ այս դիրքում՝ իմ ամուսնու նկատմամբ տածած սիրուց»,-հայտարարել էր կին թեկնածուն հուլիսի 17-ի ասուլիսում։

 

37-ամյա Սվետլանան, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է եղել իր երկու երեխաներին ուղարկել արտերկիր, դարձել է ընդդիմադիր ուժերի միացյալ թեկնածու և Բելառուսում  ակնկալվող փոփոխությունների առաջատար դեմքը:

 

Գրոդնոյում ելույթ ունենալով Տիխանովսկայան իրեն բնութագրել է որպես փոփոխությունների խորհրդանիշ, խոստացել է իր հաղթանակի դեպքում նոր նախագահական ընտրություններ անցկացնել, որոնց կկարողանան մասնակցել արդեն բոլոր թեկնածուները, այդ թվում նրանք, ովքեր հիմա բանտում են:

 

Սվետլան Տիխանովսկայի հետ ուժերը մեկտեղել են ընդդիմադիր գործիչներ Վերոնիկա Ցեպկալոն՝ չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոյի կինը և  մեկ այլ չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի քարոզչական թիմի մենեջեր Մարիա Կոլեսնիկովան: Միասին պայքարելու մասին նրանք հ այտարարեցին հուլիսի 19-ին։ Այս երեք կանայք ռեկորդային բազմություն են հավաքում ամբողջ երկրում:

 

 

 

«Նրանք Մարգարեթ Թետչերը չեն»

 

Բելառուս քաղաքագետ Վալերի Կարբալևիչը կարծում է, որ կանանց միավորումը Տիխանովսկայային կարող է լրացուցիչ դիվիդենտներ բերել։ Նախ հասարակությանը նրանք ավելի հեշտ են դուր գալիս, ապա այն, որ հենց կանայք են պայքարում իշխանությունների գործադրած բիրտ ուժի դեմ, վնասում է Լուկաշենկոյի իմիջին։ Քաղաքագետը սակայն նկատել է, որ  Տիխանովսկայան իրեն դիտարկում է  որպես տեխնիկանան թեկնածու, որ առաջադրվել է ոչ թե նախագահ դառնալու համար, այլ ամուսնուն բարոյական աջակցություն ցույց տալու, իսկ դա կարող է ընտրազանգվածի ձայները տանել այլ թեկնածուի։

 

«Նրանք Մարգարեթ Թետչերը չեն, նրանք այն կանանցից չեն, որոնք միշտ քաղաքականության մեջ են եղել, բայց նրանք շատ անկեղծ են»,-տրիոյի ունիկալ գրավչությունն այսպես է բացատրել Վերոնիկա Ցեպկալոն Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ։

 

Նա նաև նշել է, որ այս անգամ Լուկաշենկոն հանրային աջակցություն չունի, ահա թե ինչու է այդպես նյարդային։ Կանայք նշում են՝ իրենք անկեղծ են, բայց շատ մեծ աջակցություն են ստանում մարդկանցից, որոնք փոփոխություններ են ցանկանում։

 

«Դրանք թարմ օդի պես անհրաժեշտ են Բելառուսին, դրանց կարիքն ունենք, ինչքան հնարավոր է շուտ»,-նշել է նա այս անգամ BBC-ին  տված հեռախոսային հարցազրույցում։

 

Կանայք քաղաքական ծրագիր չունեն։ Ընդամենը մեկ բան են հայցում ժողովրդից՝ քվեարկեք Սվետլանայի օգտին, որպեսզի հեռացնեն Լուկաշենկոյին, ինչից հետո  Տիխանովսկայան  կանցկացնի թափանցիկ ու  արդար ընտրություններ, ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին: «Ես կկատարեմ իմ առաքելությունը, այնուհետև հանգիստ հրաժարական կտամ», – ասել է նա  հանրահավաքներից մեկի ժամանակ: 

 

Չնայած կանանց շուրջ առկա ու աճող հետաքրքրությանը, Բելառուսում ավելի քան երեք տասնամյակ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ անցկացված հարցումների, նույնիսկ այս պահին 70 տոկոս աջակցություն ունի։ Ընդդիմության կողմնակիցները վճռական են տրամադրված հնարավոր խախտումների դեմ։

 

РБК-ն գրում է, այն հարցին, թե ինչ կանեն մասսայական խախտումների դեպքում, և արդյոք պատրաստ են մարդկանց կոչ անել փողոց դուրս գալու համար, Տիխանովսկայան պատասխանել է. «Մենք պատրաստ ենք մարդկանց կոչ անել պաշտպանելու իրենց քվեն այնպիսի միջոցներով, որը կընտրի յուրաքանչյուր բելառուսցի»։

 

Իսկ մինչ այդ եռյակ միասնությունն իր նախընտրական արշավում հինգ սկզբունքներ է դրել՝ առաջինը, կոչ անել ընտրողներին, որ չբոյկոտեն ընտրությունները, գնան տեղամասեր ու քվեարկեն։ Հաջորդ սկզբունքի համաձայն, պետք է ընտրողներին իրազեկեն, թե ինչպես պաշտպանել իրենց ձայնը կեղծիքներից, կոչ են անում մասնակցել արդար ընտրությունների արշավին, դառնալ դիտորդ, հետևել մասնակցությանն ու ձայների հաշվարկին։

 

Տիխանովսկայայի հնարավոր հաղթանակի դեպքում երկու սկզբունքի շուրջ են համաձայնության եկել՝ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, որոնք անազատության մեջ են քաղաքական ու տնտեսական հոդվածներով, նրանց իրավունք կտրվի, որ գործերը վերանայեն անկախ ու ազնիվ դատարանները։ Դրանից հետո պետք է անցկացվեն կրկնակի արդար ընտրություններ, որոնք կարող են մասնակցել բոլոր այլընտրանքային թեկնածուները, այդ թվում նաև Վիկտոր Բաբարիկոն, Սերգեյ Տիխանովսկին, որոնք այս պահին գտնվում են մեկուսարանում։

 

Չգրանցված  թեկնածու Վալերի Ցեպկալոն 32 երկրի ղեկավարներին նամակ է ուղարկել` կոչ անելով աջակցել Բելառուսում «ազատ և արդար» ընտրությունների կայացմանը:

 

«Ողջ բելառուս ժողովրդի անունից ես խնդրում եմ ձեր աջակցությունը քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում միջազգային հսկողություն կազմակերպելու, ինչպես նաև ձեր երկրների տարածքում ապրող Բելառուսի քաղաքացիների համար ընտրությունների անցկացումը կազմակերպելու հարցում»,-գրել է Ցեպկալոն:

 

 

Նշենք,  որ   Ցեպկալոն նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոյի և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու հետ միասին համարվում էին Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներից, սակայն նրանցից որևէ մեկը չի մասնակցելու ընտրություններին: 

 

 

 

Լուկաշենկո.  «Կինը չի կարող դառնալ Բելառուսի նախագահ»

 

Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններին ԿԸՀ-ն բացի Լուկաշենկոյից ու Տիխանովսկայայից, գրանցել է նաև նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայային,  «Ասա ճշմարտությունը» արշավի ղեկավար Անդրեյ Դմիտրևին և Սերգեյ Չերեչնյային, որը Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է։

 

Մինչ կանայք բազմամարդ հավաքներ են անցկացնում, երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է՝ կինը չի կարող դառնալ Բելառուսի նախագահ։

 

«Մենք պետք է Սահմանադրությամբ ամրագրենք, որ նախագահի պաշտոնին չի կարող հավակնել մի մարդ, ով բանակում չի ծառայել։ Ի՞նչ գերագույն գլխավոր հրամանատար, եթե նա չգիտի, թե ինչ է բանակը»,-հուլիսի 16-ին հայտարարել է Լուկաշենկոն։

 

Ավելի վաղ նա նշել էր, որ Բելառուսի Սահմանադրությունն այնպիսին է, որ այդ բեռը հազիվ են տանում տղամարդիկ, իսկ եթեդ այդ ծանրությունը դնեն կնոջ ուսերին, ապա խեղճ կանայք  կտապալվեն։

 

 

Բելառուսցի երկու կին ՝ Անաստասիա Սամոիլովիչը և Նինա Վայսմանը տեսահոլովակ են պատրաստել ի խատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սեքսիստական ​​արտահայտությունների.

 

https://www.instagram.com/tv/CDn1ixSniWy/?utm_source=ig_web_button_share_sheet

 

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 1048

Գլխավոր էջ