Հայ կանայք Պեկինում

Սեպտեմբերի 14-20-ը Չինաստանում տեղի է ունեցել տարածաշրջանային համաժողավ  «Կանայք և զարգացումը» թեմայով, որին մասնակցելու  հրավեր  էր ստացել նաև ՀՀԿ կանանց խորհրդի պատվիրակությունը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն են ցուցաբերել 10 երկրների  օրենսդիր, գործադիր իշխանության և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: WomenNet.am-ի հետ զրույցում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` մատնանշելով , մասնավորապես,  աշխարհագրական մեծ ընդգրկումը ` Չինաստան, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա  և Հարավային Կովկասի պետություններ:

 

«Հավաքը  ոչ միայն կարևոր հարթակ հանդիսացավ ժամանակակից աշխարհում կանանց խնդիրների և դերի նկատմամբ նշված  երկրների մոտեցումների և տեսակետների ներկայացման և քննարկման համար, այլև հնարավորություն տվեց դիտարկել կողմերի միջև համագործակցության հեռանկարները և կոնկրետ կապեր հաստատել` այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարելու նպատակով»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:

 

ԱԺ փոխնախագահն կարևորեց նաև Չինաստանի առաջնային դերը` կանանց շարժման առավել հավասարակշռված, առաջադեմ և ժամանակակից ձևերի պաշտպանության մեջ, արժևորեց համաժողովի առանձնահատուկ ֆորմատը, որը  նպատակաուղղված էր  մասնակից երկրների քաղաքական կուսակցությունների և կանանց կազմակերպությունների միջև փոխշահավետ երկխոսության հաստատմանը:

 

Նշենք, որ գրեթե 20 տարի առաջ ` 1995-ին,  հենց Չինաստանում  էր  տեղի ունեցել  Կանանց  չորրորդ համաշխարհային գագաթնաժողովը եւ ընդունվել Պեկինի գործողությունների ծրագիրը, որը  և նախանշել էր   կանանց առաջընթացը ապահովող հեռանկարային   ուղղությունները  ինչպես պետական կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների   մակարդակով: Այդ գագաթնաժողովին  մասնակցել էր նաեւ հայ կանանց պատվիրակությունը

 

Հատկանշական է, որ այս տարվա համաժողովի  օրակարգը համահունչ էր  Պեկինի գործողությունների ծրագրի նպատակներին եւ՛  իր բովանադակությամբ, եւ քննարկումների  ֆորմատով : Այն   նվիրված էր հատկապես տնտեսության և սոցիալական զարգացման  հարցերում կանանց դերն ու մասնակցությունը  բարձրացնելու եւ այդ ուղղությամբ կոնկրետ նախագծեր մշակելու խնդիրներին:

 

«Ես վստահ եմ, որ  համաժողովի աշխատանքը  նշանակալի ներդրում կունենա հասարակական  կյանքի բոլոր ասպարեզներում   կանանց դերի հետագա բարձրացման  եւ առհասարակ  զարգացման գործընթացներում նրանց ներգրավման առումով: Ակնհայտ է, որ գնալով ավելի մեծ դեր և որակ է ստանում կանանց աշխատանքը լինի դա կառավարման ոլորտում , քաղաքականության մեջ, թե տնտեսական գործունեությունում,  »,- նշեց մեր զրուցակիցը:

 

Համաժողովի ծրագրային զեկուցումների բաժնում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել «Միավորել կանանց ուժերը Մետաքսի ճանապարհի համատեղ կառուցման գործում» ելույթով:

 

Խոսելով   իր զեկույցի  հիմնական թեզերի մասին, տիկին Նղդալյանը  նշեց. «Համաժողովի  բոլոր եզրահանգումները հենվում էին համընդհանուր ճանաչում գտած և անվիճելի այն ճշմարտության վրա, որ  ազատ առևտուրը, համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը վերջին հաշվով նպաստում են երկրների փոխադարձ բարգավաճմանը, դրան հակառակ` ինքնապարփակումը, բախումները և պատերազմները կործանում են զարգացման հեռանկարները: Այս կտրվածքով Մետաքսի մեծ ճանապարհի ըմբռնումը գլոբալիզացիայի այս դարաշրջանում կարող է դառնալ համաշխարհային զարգացման նոր օղակ և համաշխարհային համակարգերի նոր կենտրոն: Մետաքսի մեծ ճանապարհը ոչ միայն նշանակալի պատմական երևույթ էր, այլև կարող է կարևոր դաս լինել ապագայի համար»: Նա հիշեցրեց, որ  Մետաքսի մեծ ճանապարհը ծառայել է ոչ միայն որպես առևտրի և տնտեսական զարգացման հնարավորություն, այլև մշակույթների երկխոսության, ընդհանրապես մարդկային քաղաքակրթության զարգացման միջոց:

 

“ Մեր ժամանակներում, –  շարունակեց նա, – Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին կարող է և պետք է նոր նշանակություն ձեռք բերի որպես նոր տնտեսական միջանցք` քաղաքական շփումների զարգացման, միասնական ճանապարհային ցանցի ստեղծման, առևտրական կապերի հաստատման, մշակութային և տեղեկատվական փոխանակության խթանման միջոցով: Այս գործում այսօր կարող են կարևոր դեր խաղալ նաև կանայք, որոնք իրենց «չափավոր պահպանողականությանը»  զուգահեռ, գնալով ավելի մեծ դեր են ստանում նաև արտադրությունների ղեկավարման ոլորտում, աճում է նրանց ազդեցությունը կարևոր որոշումների ընդունման վրա, նրանք  ստեղծում են սեփական ձեռնարկություններ և ընկերություններ, աշխատատեղեր մյուս կանանց համար»,- հավելեց նա:

 

Ի դեպ, ներկայացնելով  զեկույցում  Հայաստանի իրավիճակը, Հ.Նաղդալյանը ընդգծել է, որ  ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ պակաս չափով կախված է կանանց դիրքորոշումից, քաղաքական և տնտեսական կյանքում նրանց ակտիվ մասնակցությունից: Իսկ դրա նախադրյալները Հայստանում, մեր զրուցակցի կարծիքով, անշուշտ առկա են:

 

“ Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է  տնտեսության ազատականության և շուկայական օրենքների կիրառման մակարդակով: Տնտեսության ազատականացման աստիճանով մեր երկիրը, ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների վարկանիշային գնահատականի,  2014 թվականին գրավել է 41-րդ տեղը, իսկ ըստ «Դուինգ բիզնես-2014» միջազգային տարեկան զեկույցի, 185 երկրների շարքում զբաղեցնում է 37¬րդ տեղը` Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ”, – թվարկեց մեր զրուցակիցը` նշելով, որ   ժողովրդավարական բարեփոխումներից եւ տնտեսության ազատականացումից մեծապես օգտվեցին կանայք. նրանք  սկսեցին ավելի ինքնուրույն որոշումներ կայացնել  և դրանց պատասխանատվությունը ստանձնել, նրանցից շատերն իրենց մոտ բացահայտեցին գործարար ընդունակություններ և դրսևորեցին դրանք բիզնեսում: Խնդիրը այժմ , ընդլայնել հնարավորությունները  և  ներգրավել ավելի մեծ թվով կանանց,  հավասար հնարավորությունների դաշտ  ստեղծել կանանց  տնտեսական ակտիվությունը բարձրացնելու նպատակով:

 

«Ես վստահ եմ, որ ներկա դարն ի վերջո լինելու է տնտեսական գործընկերության, իրական սոցիալական համերաշխության և  ընդհանուր հաշտեցման ժամանակաշրջան, որը հաշվի է առնում թե’ տղամարդկանց, թե’ կանանց իրավունքներն ու հնարավորություններն ու շահերը հավասարապես:  Եվ Չինաստանում կազմակերպված այս համաժողովը այդ ուղղությամբ ևս մի առաջընթաց քայլ էր»,- եզրափակեց տիկին Նաղդալյանը:

 

 

Էնզելա Մակարյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

Դիտումների քանակը` 3575

Գլխավոր էջ