«Միմիայն բարետես արտաքինով» կամ «դրակոններին խնդրում ենք չդիմել»

 Գործատուների հին ռեպերտուարն ուժի մեջ է

 

Հայաստանում, ինչպես հայտնի է, իրավիճակ է փոխվել՝ փոխվել է իշխանությունը, փոխվել են քաղաքական խաղի կանոնները, մարդկանց ընկալումները: Սակայն   աշխատանքի շուկայում իրավիճակը շարունակում է մնալ նույնքան տարակուսելի, որքան  մեկ կամ հինգ տարի առաջ: Եվ դրա վառ արտացոլումն աշխատանք առաջարկող հայտարարություններն են, որոնք ցույց են տալիս, թե կանանց իրավունքներն աշխատաշուկայում որքան չպաշտպանված ու ոտնահարված են:

 

Այս խնդրի մասին WomenNet.am-ը բազմիցս է բարձրաձայնել: Ցավոք, նոր Հայաստանում էլ աշխատաշուկայում կան որոշ գործատուներ, որոնց համար կինը գեղեցիկ փաթեթավորմամբ մի հավելում է իրենց աշխատանքին, հետևապես նրանց դեպքում կարևորվում է կնոջ արտաքինը, այլ ոչ թե նրա պրոֆեսիոնալ կարողություններն ու հմտությունները: Ասվածում համոզվելու համար բավարար է ժամանակ  առ ժամանակ ընթերցել հայտարարությունների կայքէջերը և համոզվել՝ ոչինչ չի փոխվել: Իսկ եթե առանձնահատուկ ուսումնասիրություն կատարվի, ապա կհաստատվի այն կասկածը, որ շատ գործատուներ պարբերաբար նույն պահանջներով հայտարարություն են տեղադրում, քանի որ իրենց կողմից առաջարկվող  նախապայմաններով ոչ բոլորը կարող են երկար աշխատել… կամ էլ հենց նրանց է ձեռք տալիս արագ փոխել «բարետես արտաքինով աշխատակցուհիներին»:

 

WomenNet.am-ը ներկայացնում է նման հայտարարությունների հերթական օրինակները: Ընդ որում , միայն այն փաստը, որ հայտարարությունները գրվում են լատինատառ, արդեն իսկ վկայում է այսպես կոչված գործատուի անլրջության և ոչ պրոֆեսիոնալիզմի մասին.

 

Օրինակ.

«Rich holdingi erevanyan grasenyaki tnorenin anhrajesht e ognakan
Tariq@__minchev 40 tarekan
Ashx. Jamer___10-17
Ashxatavardz__600 evroin hamarjeq dram
Pahanjner___MI MIAYN BARETES ARTAQIN
Harcazruycin masnakcelu hamar u
xarkel mi qani hat AZAT vochi lusankar rich.holding@yandex.ru elektronayin hascein»:

Այս հայտարարության հիմնական մեխը «մի քանի հատ ազատ ոճի լուսանկարներն են», որ աշխատանք փնտրող կանայք պետք է ուղարկեն նշված հասցեով: Իսկ թե որտե՞ղ և ի՞նչ նպատակով այդ լուսանկարները կօգտագործվեն, ո՞ր կայքերում՝ մնում է միայն կռահել:

 

Հաջորդ հայտարարությունն աչքի է ընկնում ոչ միայն պարտադիր «հաճելի արտաքինով» պահանջով, այլև հետգրությամբ, որը բավականին խոսուն է.

 

«Պահանջվում է աշխատանքային փորձով գործավար- տնօրենի օգնական: Պահանջները ՝ կիրթ, խելացի, աշխատասեր, պարտաճանաչ և հաճելի արտաքին տվյալներով….
 Առանձնահատուկ
խնդրանք. Հարգելի դրակոններ, խնդրում ենք այս անգամ մեզ մի անհանգստացրեք. (Տնօրինություն)»:

 

Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են:

 

Տարօրինակ է նաև, որ ապագա գործատուն, ով դարձյալ «բարետես ու աշխույժ գործավարուհի է» փնտրում մինչև 30 տարեկան, պարտադիր պայման է նշում CV-ի հետ ոչ միայն լուսանկարներ ուղարկելը, այլև հղումը Facebook-յան էջին: Դժվար թե պոտենցիալ ապագա աշխատակցուհուն «աղջիկ ջանով» դիմող գործատուն սոցիալական ցանցի անձնական էջում ակնկալում է գտնել աշխատանքային պարտականություններին համապատասխանության ապացույց կամ դիպլոմների պատճենները: Միակ բանը, որ նման «գործատուին» հետաքրքրում է, դա ֆեյսբուքյան տեղեկատվությունն է, թե ինչպիսին է աղջիկը (սա տվյալ գործատուի դիմելաձևն է) առօրյայում, ինչպես է հագնվում կամ ինչպես է սիրում անցկացնել ազատ ժամանակը: Էլ չենք ասում նրա մասին, որ տառասխալներ անող գործատուն կասկածներ ունի   պոտենցիալ աշխատակցուհիների մտավոր  կարողությունների հետ կապված՝ խնդրելով ուշադիր կարդալ իր հայտարարությունն. 

 

«Ընկերությանն անհրաժեշտ է 23-30 տարեկան, բարետես արտաքինով, աշխույժ և պատասխանատու աղջիկ` Տնօրենի օգնականգործավարուհու պարտականությունները կատարելու համարԻնքնակենսագրականները (CV) –ն և 2-3 նկար ՊԱՐՏԱԴԻՐ` Ուղարկել էլ. Փոստով` elec.sard@gmail.com, նաև կատարել հղում ձեր Ֆեյսբուքյան էջին, տվյալների համապատասխանելու դեպքում պատասխան նամակը կլինի երկու օրվա ընդացքում։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ! ՀԱՐԳԵԼԻ ԱՂՋԻԿՆԵՐ, ԽՆԴՐՈւՄ ԵՆՔ ՈւՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ և CVՆ ՈւՂԱՐԿԵԼՈւՑ ՀԵՏՈ ՈւՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ էԼ. ՓՈՍՏԻՆ։
Շնորհակալություն ուշադրության համար»: (https://www.list.am/item/9476138)

 

Դե իսկ եթե հայտարարության վերնագրում հիշատակվում է գործածությունից գրեթե դուրս եկած քարտուղարուհի անունը, ապա դա նշանակում է, որ հայտարարատուն այլ ակնկալիքներ ունի, օրինակ՝ ազատ շփվելու պարտադիր պայման.

 

«Կազմակերպության անունը: Ավտոդպրոց

Պահանջվում է քարտուղարուհի բարետես արտաքինով 20-40 տարեկան, ազատ շփվելու ունակությամբ։Հարցերի դեպքում խնդրում ենք գրել այս համարի Viber-ին»:  

Նմանատիպ հայտարարությունների պակաս նշված հայտարարությունների կայքում չի զգացվում: Բայց մեծ է ցանկությունը, որ վերջապես Հայաստանում իրավիճակ փոխվի նաև աշխատաշուկայում ու կանայք նման վերաբերմունքի կամ ոտնձգությունների զոհ չդառնան:

 

Ի դեպ, WomenNet.am-ը հրավիրում է սիրելի ընթերցողներին  կիսվել իրենց պատմություններով, թե ինչպես են նման երևույթների առերեսվել կամ  ենթարկվել   աշխատավայրում  սեռական ոտնձգության: Ձեր պատմությունները կարող եք ուղարկել khliya@yandex.ru էլեկտրոնային հասցեով: Ժամանակն է, որ բոլորովս պայքարենք նման երևույթների դեմ ու բացառենք դրանց շարունակականությունը: Գաղտնիությունն, եթե անհրաժեշտ եք համարում,  երաշխավորում ենք:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

«Հաստ շուրթեր»-ը որպես աշխատանքային բարձր ունակությունների ցուցանիշ  

 

Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ.  նոր զարգացումներ  

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

 

 

Դիտումների քանակը` 3666

Գլխավոր էջ