Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
«Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, կոչ են անում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին ու փորձագետներին միանալ բաց նամակին, որը հասցեագրված է Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս,
մտահոգություն ենք հայտնում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման մակարդակում, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում կանանց ցածր ներկայացվածության առնչությամբ, ինչը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքի ուղղակի խախտում է և վկայում է կառավարման համակարգում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործման մասին՝ վտանգելով երկրի կայուն զարգացման ընթացքը:
ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին ընդառաջ, հիմք ընդունելով՝
-կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու ծրագրային փաստաթղթերը,
-ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում`ընտրովի մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը ապահովելու վերաբերյալ,
-ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ կետը, որով կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը սահմանված է պետական քաղաքականության հիմնական նպատակ,
հանդես ենք գալիս առաջարկով՝ ուղղված ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:
Մասնավորապես, առաջարկում ենք.
– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը, այդ թվում ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման հիմնախնդիրը:
Առաջադրված խնդրի լուծման կարևորության մասին են վկայում 2017 թվականին կայացած ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արված դիտարկումները: Մասնավորապես, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 18%-ը «չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:
Մենք պատրաստ ենք լրացուցիչ փաստեր և վերլուծություններ ներկայացնել նշված թեմայի և հատկապես այն խնդրի շուրջ, որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ է կին թեկնածուների համար: Ակնկալում ենք, որ այդ փաստարկները հիմք կհանդիսանան արդյունավետ երկխոսության համար, որի նպատակը բոլորիս համար մեկն է՝ ապահովել ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում:
***
Նամակը բաց է միանալու համար։ Խնդրում ենք տեղեկացնել Ձեր դիրքորոշման մասին`ուղարկելով նամակ lkochinyan@oxygen.org.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև սույն թվականի հուլիսի 3-ը, ժամը 15:00։
Համագործակցության ակնկալիքով ՝
- «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքներիպաշտպանության հիմնադրամ
- «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
- «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
- «Պրոգրես» ՀԿ
- Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
- «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
- «Իրավական նախաձեռնություններ կենտրոն» իրավապաշտպանհասարակական կազմակերպություն
- Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա «Ֆլորա» ՀԿ
- «Իրավունքի ուժ» ՀԿ
- Մշակույթի և կատարողական արվեստի միջազգային ակադեմիա
- «Ջինջ Արփա» ՀԿ
- «Երիտասարդ սերունդ» ՀԿ
- «Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային հասարակական կազմակերպություն
- «Սուրբ Սանդուխտ» կանանց հասարակական կազմակերպություն
- «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների ընկերակցություն» հասարակական կազմակերպություն
- «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպություն
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
- «Կանայք հանուն զարգացման» ՀԿ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամկազմակերպություններ՝
- Գորիսի Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
- Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
- Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
- Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
- Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
- Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
Նախաձեռնությունը բաց է միանալու համար:
Դիտումների քանակը` 3926