«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Ինչպես հայտնի է Հայաստանում սկիզբ է առել ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Նույն նպատակով աշխատանքային խումբ է ձևավորված Ազգային ժողովում:
Օրերս «Հոդված 3» ակումբում հրավիրած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ավելի քան 50 փոփոխություններ են նախատեսում, այդ թվում փոփոխության է ենթարկվելու ընտրակարգը: Նրա խոսքով, բովանդակային մասով փոփոխությունները կարելի է մի քանի ուղղությունների բաժանել:
Առաջինը՝ ընտրակարգն է՝ այս պահին համամասնականի երկու տարբերակ է դիտարկվում համամասնական փակ ցուցակներ (երբ ընտրողը կուսակցությունն է ընտրում) և համապետական ռեյտինգային կամ բաց ցուցակներ (երբ ընտրողը ոչ միայն կուսակցությանն է ընտրում, այլև այդ ցուցակում իր նախընտրած անձին):
«Ըստ էության այն մտահոգությունները, որոնք քաղհասարակությունն ունի կապված տարածքային ռեյտինգային ընտրակարգի հետ, դրանք տարածվում են նաև համապետական ռեյտինգային ընտրակարգի վրա: Դրա համար ըստ էության, ես կարող եմ ասել, որ քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ սատարում են մաքուր համամասնական ընտրակարգը», -ասաց Իոաննիսյանը:
Փոփոխությունների հաջորդ փունջը վերաբերում է ընտրությունների ընթացքում խախտումների կանխարգելմանը, վերահսկողության մեխանիզմներին, ընտրացուցակներին, ձայների հաշվարկի ընթացքում խախտումների բացառմանը, որոնք կնպաստեն ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն Լուսինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը ընտրակարգի շուրջ, նշեց, որ իրենք առաջարկում են ամբողջ հանրապետությունը դիտարկել մեկ ընտրատարածք և ընտրողը իր քվեն տալով այս կամ այն կուսակցությանը, միաժամանակ հնարավորություն է ստանում իր նախասիրությունն արտահայտել կուսակցության ցուցակում ընդգրկված այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Արդյունքում ստացվում է, ոչ թե կուսակցություն է որոշում մանդատների բաշխման հերթականությունը, այլ՝ ընտրողը: Սա կարելի է մի քայլ առաջ որակել»,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով էլ, իրենց քաղաքական ուժը կողմ է, որ ընտրություններն անցկացվեն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, բացառում են ցանակացած տիպի վարկանշայինը: «Այստեղ մի խնդիր ենք ունենալու, հնարավոր է մարզերից ներկայացուցիչներ չլինեն: Այս դեպքում էլ կարելի է քվոատավորել, ասենք առաջին վեցնյակի թեկնածուներից մեկը անպայման լինի մարզից: Եթե նա ինքնաբացարկ է հայտնում, կամ ավելի ուշ հրաժարվում է մանդատից, ապա պետք է նրա մանդատը փոխանցվի նույն մարզից առաջադրված հաջորդ թեկնածուին»,-ներկայացրեց Բագրատյանը:
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանի խոսքով, բաց ցուցակնբերով համամասնական ընտրությունը բարդացնելու է իրավիճակը:
«Իրականում բաց համամսանական ցուցակները նույն քողարկված մեծամասնական սկզբունքով են: Որևէ կերպ դա առաջընթաց որակել չի կարելի: Իրականության մեջ ստացվելու է՝ ընտրում են այս կամ այն թեկնածուին, միաժամանակ ձայնը տալով այդ թեկնածուին առաջադրած կուսակցությանը: Կոպիտ ասեմ, ընտրաշուկայի բաժանում է լինելու, ինչը հնարավորություն կտա կուսակցություններին պայմանավորվել ու հասկանալ, թե ով որտեղ ավելի շատ ձայն կհավաքի: Կուսակցությունների զարգացման տեսանկյունից միակ իրատեսականը 100 տոկոսոնց համամասնական ընտրակարգն եմ համարում, որտեղ կլինի գաղափարախոսական իրական պայքար»,-ասաց նա, ավելացնելով, որ մինչ այժմ ռեյտինգային ընտրված անհատները հիմնականում ներկայացրել են իրենց բիզնես շահերը:
Վ. Գրիգորյանը՝ կարևորելով ընտրություններին կանանց մասնակցությունը, ասաց, որ բաց ցուցակների առկայությունը կլինի կանանց համար ամենամեծ խոչընդոտը: «Ոչ մեկ չի կարող մարդկանց ստիպել քվեարկելու կանանց օգտին, սակայն քվոտաների բարձրացման միջոցով նման արդյունք կարելի է ապահովել»,-ասաց նա:
Նշենք, որ մի շարք կազմակերպություններ բաց նամակ են ուղղել վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին, որում մտահոգություն են հայտնել , որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում կին թեկնածուների համար:
Հ.Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ.
Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ. միացե՛ք
Դիտումների քանակը` 2326