Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի 50 տոկոսը
Այսօր Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկեց մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերին աշխատանքի վերադառնալու և դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում ստանալու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների մասին օրինագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:
«Նախագծով առաջարկվում է , որ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», – ասաց նախարարը, պարզաբանելով, որ, ըստ այդ կարգի, մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալ ցանկացող մայրերին հատկացվելու է փոխհատուցում` երեխայի խնամքը կազմակերպելու համար:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` որքա՞ն գումար է պետությունը նախատեսում հատկացնել այն մայրերին, ովքեր կորոշեն մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալ, իսկ երեխային խնամելու համար դայակ վարձել:
«Բնական է, եթե մայրը մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու որոշում է կայացնում, առաջանում է երեխայի խնամքի խնդիր: Այդ պարագայում նա կարող է որպես գործատու երեխայի համար դայակ վարձել: Մենք ասում ենք, որ պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ, ավել փոխհատուցումը չի լինի»,- պարզաբանեց նախարարը:
Նրա խոսքով, եթե ծնողները 110 հազար դրամից ավելի գումար են որոշել վճարել դայակին, ապա կարող են ակնկալել, որ կփոխհատուցվի միայն նվազագույն աշխատավարձի չափով 55 հազարը, մնացածն իրենց խնդիրն է: «Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում՝ փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն»,- նշեց նախարարը:
ի դեպ, պետությունը միայն այն դեպքում կվճարի իր 50 տոկոսը, եթե դայակի հետ պայմանագիր կնքվի: Պատգամավորները ակնարկեցին, որ այդ դեպքում գուցե ոչ բոլոր դայակները ցանկանան մտնել հարկային դաշտ: Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկվի:
Հ.Գ. Նշենք, որ քննարկման ժամանակ չի շոշափվել մանկապարտեզների և մսուրների ցանցի ընդլայնման հարցը, և շեշտը դրվել է հիմնականում դայակների վրա: Նաև լրագրողների հարցին` փոխհատուցելու է արդյոք պետությունը դայակի գումարը այն դեպքերում, երբ խնամող են հանդիսանում երեխայի տատիկը կամ այլ հարազատները, ովքեր չեն աշխատում, կորցրել են աշխատանքը կամ այդ պատճառով դուրս են եկել գործից, նախարարը պատասխանել է . «Եթե վարձու աշխատանք ձեւակերպվի, որեւէ սահմանափակում չի լինի»: Այս ճանապարհով պետությունը, կարծես թե, ուզում է միաժամանակ լուծել տարեցների զբաղվածության հարցը:
Դիտումների քանակը` 4433