«Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք 

Ինչպես    հայտնի է ,   հունվարի 26-ին   ՀՀ կառավարության e-draft կայքում հրապարակվել է   «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի» իրականացման կարգն,  որի շուրջ կարելի է  առաջարկներ  ներկայացնել մինչեւ փետրվարի 12-ը: Փաստաթղթով կանոնակարգվում են  շահառուների ընտրության սկզբունքները, հստակեցվում  ծրագրից օգտվելու ընթացակարգերը, որոնք ավելի ամբողջական են դարձնում պետական աջակցության տրամաբանությունը, բայցև մի շարք նոր հարցեր առաջ քաշում: Մտահոգություններն էլ չեն պակասում:

 

Ամփոփաթերթում ներառված հարցերից մեկը, օրինակ, վերաբերում է դայակների աշխատավարձի հարկմանը և շատերին մտահոգող հարցին՝  ո՞վ է եկամտահարկը վճարելու, ծնողը, թե՞ դայակը: Այս հարցի պատասխանում, մասնավորապես, նշված է, որ « ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի շրջանակներում դայակին տրվող գումարից եկամտային հարկի վճարման համար, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, որպես հարկային գործակալ հանդես է գալիս գործատուն՝ տվյալ դեպքում ծրագրի շահառու հանդիսացող ծնողը»:

 

Հաջորդ մտահոգությունը վերաբերում է կագում նշված առաջնահերթություններին: Հիշեցնենք, ըստ նախագծի` ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անձանց, ովքեր՝

1) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են.

2) ունեն երեք և ավելի երեխա.

3) ունեն հաշմանդամ երեխա.

4) համարվում են միայնակ մայր:

 

Ընդ որում, այս կետերով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:

 

Շաքե Իսայան.  «Արդյո՞ք ներկայացված կարգը համապատասխանում է   ծրագրով դրված նպատակին»

 

Մեզ հետ զրույցում այս հարցի շուրջ իր մտահոգությունը  հայտնեց  ՀՀ  Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը: Նրա խոսքով,  կարգին ծանոթանալուց հետո իր համար պարզ դարձավ, որ կարգի առանցքային դրույթների  շեշտադրումները չեն համապատասխանում  ՀՀ  Զբաղվածության օրենքի մեջ արված փոփոխությունների տրամաբանությանը   եւ  դրանց շրջանակում  պատգամավորներին ներկայացված ծրագրի նպատակներին:

 

«Առաջնային նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրում, վերաբերում էր մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքի վերադարձող ծնողների աջակցությանը, ինչը եւ շատ  դրական արձագանք ստացավ: Սակայն, իմ տպավորությամբ, կարգում առաջ են քաշվել շահառուների ընտրության  որոշակի չափորոշիչներ, ինչպես, օրինակ, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում  հաշվառված լինելու հանգամանքը, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, որոնք կարող են խոչընդոտել, որպեսզի վերոնշյալ ծրագիրը ծառայի իր իսկ հայտարարած նպատակին: Դրա հետ կապված հարց է առաջանում, արդյո՞ք ներկայացված կարգը համապատասխանում է  ծրագրով դրված նպատակին, այն է. մոտիվացնել  մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին, որպեսզի նրանք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնան աշխատանքի: Այս հարցի պատասխանը ծրագրի իրականացման մեխանիզմները չեն տալիս», – ասաց նա:

 

Շաքե Իսայանը նաև նշեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել ոլորտի փորձագետների և շահառու անձանց հետ, որից հետո նախագծի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կձևավորի:

 

 

Թադևոս Ավետիսյան. « Իրատեսական չէ միանգամից լուծել հանրապետության  բոլոր աշխատող մայրերի խնդիրը»  

Մինչդեռ կառավարության ներկայացուցիչներն ընդգծում են, որ չափորոշիչների առկայությունը բոլորովին բնական է և նախագիծն առանց դրա թերևս դժվար էր պատկերացնել: Մասնավոապես, WomenNet.am-ի հետ  զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանը նշեց, թե միանգամից լուծել ՀՀ բոլոր աշխատող մայրերի խնդիրը և աջակցել նրանց վերադառնալ աշխատանքի մինչ երեխայի երկու տարին լրանալը իրատեսական չէ: Այն ամենը, ինչ այս պահին ներկայացված է, ըստ Ավետիսյանի, առաջին քայլն է` ՀՀ օրենսդրությունը նման ծրագիր չի ունեցել և եկել է դրան բավականին բարդ քննարկումների արդյունքում:

 

Նա ընդգծեց, որ  զբաղվածության ոլորտում աջակցության ցանկացած ծրագիր, ցանկացած սոցիալական ուղղվածության ծրագիր իր մեջ պետք է ունենա որոշակի առաջնահերթություններ, որովհետև միջոցները սահմանափակ են, իսկ հնարավոր է, որ եղած միջոցների պարագայում աջակցության կարիք ստանալու ցանկացողները լինեն ավելի շատ.

 

«Երբ նման առաջնահերթությունները կամ ֆիլտրերը ներդրվում են, դա քաղաքականությունն ավելի թիրախավորված է դարձնում և առաջինը, այո, պետք է աջակցությունից օգտվեն այդ անձինք: Երբ այս խմբերը կավարտենք և կունենանք ֆինանսական այլ հնարավորություններ, ապա ծրագիրը կընդգրկի նաև այլ շահառուների: Բայց ես կարծում եմ, որ ծրագիրն այնքան դրական է և արձագանքներն են դրա մասին հուշում, որ հետագայում, երբ այն հաջողությամբ ներդրվի ու ծառայի իր նպատակներին, կլինի արդյունավետ բոլոր կողմերի համար` և’ պետության, և’ ծնողի, և’ դայակների»,- կարծիք հայտնեց Ավետիսյանը:

 

Դիտարկմանը, որ ծրագիրը այս պահին ամենաշատը շահեկան է  հենց պետության համար` հավելյալ հարկերի հավաքագրման տեսանկյունից, իսկ  ծնողներն, ըստ էության,   ստիպված են  լինելու ավելի մեծ գումար հատկացնել դայակի աշխատավարձին, որպեսզի հարկման հետևանքով դայակի վարձատրությունը չնվազի ,  փոխնախարարն արձագանքեց.

 

«Ծրագրում ներգրավված դայակներին հարկերից ազատելու հարցը հարկային քաղաքականության և ֆիսկալ քաղաքականության տիրույթում են, բայց իմ անձնական կարծիքով` դայակը չպետք է հարկերից ազատվի, որովհետև դա կբերի անվերահսկելիության ու այլ ռիսկերի: Դրա հետ մեկտեղ,  հնարավոր է , որ աջակցության այս ծրագիրը  ներդրվելուց հետո, պրակտիկայում կառաջանան նաև իրավակիրառական խնդիրներ, որոնք շատ բարդ է կանխատեսել այսօր; Բոլոր դեպքերում, սա է ճանապարհը` ներդնել արդյունավետ ծրագիր, բայց դրանից հետո զարգացնել այն ըստ օբյեկտիվ անհրաժեշտության, կիրառման ժամանակ: Այնպես որ մոնիթորինգի ու դիտարկումների արդյունքում անշուշտ փոփոխություններ դեռ կլինեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Այս փուլում , նշեց նա,  մանրամասնորեն  մշակվում են կարգերը, թե ինչպես և ինչ տեսքով պետք է դայակ վարձելու փոխհատուցումը տրվի ծնողին և, ամենայն հավանականությամբ, դրանք գործի կդրվեն արդեն մարտից:

 

 «Եվ մենք ջանք չենք խնայելու, որ այս ծրագիրը, որքանով գեղեցիկ է թղթի վրա և մեր հիմնավորումներում, նույնպիսին լինի նաև կյանքում: Սա չի նշանակում, որ ծրագիրը չի զարգանալու, քանի որ որքան նա տեղ ունենա զարգանալու, այնքան բխում է և’ ժողովրդագրական քաղաքականությունից, և’ զբաղվածության արդյունավետ քաղաքականությունից, և’ գործատուի ու աշխատողի շահերից»,- եզրափակեց  փոխնախարարը:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Երիտասարդ մայրերը  դժվար ընտրության առաջ են կանգնում

«Մայրերին աջակցելու գաղափարն իսկապես ողջունելի է, սակայն այս տեսքով ծրագիրն իր նպատակներին չի կարողանա ծառայել»

Հրապարակվել է «Դայակ պետության հաշվին» ծրագրի նախագիծը. այն բաց է առաջարկների համար

  «Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 «Նախագծի նպատակն է ՝ աջակցության ձեռք մեկնել մանկահասակ երեխա ունեցող մայրերին» . հավաստիացրեց նախարարը

 Դայակ պետության հաշվին. մայրիկների արձագանքը

 Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

 Պետությունը կփոխհատուցի ձեր դայակի աշխատավարձի  50 տոկոսը

 Պետությունն աշխատելու  և սովորելու հնարավորություններ է ընձեռում երիտասարդ մայրերին. նոր մանրամասներ  

 Աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին

 Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը  աշխատանքային ժամերը կրճատելու մասին

 

 

Դիտումների քանակը` 3052

Գլխավոր էջ