AWID 2016 ֆորում. հույսի, համարձակության եւ ըմբոստության «գյուղ»
Պատմում են ֆորումի հայ մասանակիցները
WomenNet-ը գրել էր Բրազիլիայում սեպտեմբերի 8-11 –ը տեղի ունեցած AWID 2016 ֆորումի մասին, որին մասնակցել են նաեւ հայ ֆեմինիստներն ու Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները: Մեզ հետ զրույցում նրանք կիսվեցին տպավորություններով՝ առանձնացնելով ֆորումում հնչած կարեւոր մեսիջներն ու մեր երկրի ու տարածաշրջանի համար նշանակալի խնդիրները: Նշենք, որ ֆորումին մասնակցել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շուրջ 2000 պատվիրակներ 120 երկրներից:
Մարո Մաթոսյան,
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն.
– «Ֆորումի առաքելությունն է հզորացնել կանանց իրավունքների պաշտպանների եւ կազմակերպությունների ձայնն ու ազդեցությունը: ֆորումը թեեւ հասարակական կազմակերպությունների համար է, բայց նաեւ չգրանցված խմբեր ու անհատներ էին մասնակցում: Նրանք բարձրացնում էին խնդիրներ, գաղափարներ էին տալիս, սակայն ոչ միշտ է, որ լուծումներ էին ապահովում:
Մեզանից ոմանք առաջին անգամ էին մասնակցում AWID ֆորումին, այս առումով այն բավականին նշանակալի էր: Նրանք, ովքեր նախկինում մասնակցել էին, այս անգամ մոդեռացնում էին որոշ խմբեր: Շատ թեմաներ կային, որոնք արդիական են Հայաստանի համար, օրինակ գենդերային հիմքով բռնությունը, քաղաքական եւ կրոնական պահպանողականությունը, ֆեմինիզմը որպես խտրականության եւ հայրիշխանության դեմ դիմադրության միջոց: Ինձ համար շատ կարեւոր էր, որ կրոնական ֆունդամենտալիզմը ճանաչվեց որպես կանանց իրավունքների շարժման հիմնական սպառնալիք:
Թերեւս շատ կարեւոր էր այն միտքը, որ այլ խմբերին հասկանալու եւ ճանաչելու ճանապարհին անհրաժեշտ է դադարել դատապարտել նրանց: Հետաքրքրական էր նաեւ քննարկելը, թե ինչպես է Արեւելյան Եվրոպան եւ Եվրասիան հետ քայլ անում կանանց իրավունքներից: Շատ խմբեր ներկայումս դժվարությամբ են գոյատեւում աճող իրավական, ֆինանսական սահմանափակումների արդյունքում, կարծում եմ, որ սա եւս շատ ակտուալ է Հայաստանի համար»:
Զարուհի Հովհաննիսյան,
ֆեմինիստ իրավապաշտպան.
– «Ֆորումի ծրագիրը շատ հագեցած ու բազմազան էր: Կարեւորվեցին կանանց իրավունքների, խաղաղության, սեռական եւ վերարտադրության առողջության, տնտեսության մեջ ֆեմինիստական պատկերացումների եւ բնապահպանական թեմաները։ Մենք տարածաշրջանում ունենք կոնֆլիկտ եւ հետաքրքրական էր տեղեկանալ դրա հաղթահարման շրջանակներում կանանց դերակատարման ու այլ երկրներում կատարվող զարգացումների մասին, մասնավորապես խոսքը Թուրքիայում Քոբանիի կանանց շարժման ներկայացուցիչների փորձի մասին է: Իսկ քուրդ կանանց ինքնակազմակերպման ու ֆեմինիստական սկզբունքներին հավատարիմ լուծումներն ու տեսլականը ուղղակի նախանձելի էին։ Ազգային ազատագրման ուղին միայն իրավահավասարության ու կանանց ազատագրման միջոցով՝ սա չափազանց կարեւոր մեսիջ էր»:
Աննա Նիկողոսյան,
«ՖՐԻԴԱ» երիտասարդ ֆեմինիստական ֆոնդի հոգաբարձուների խորհրդի նախագահ
«AWID 2016 ֆորումը երազելու, կիսելու, ծրագրելու, մարտավարություն մշակելու եւ միասնաբար ստեղծելու վայր էր: Միջավայրը շատ բազմազան էր, ոչ մեկ մարգինալացված չէր, բոլոր այն համայնքները, որոնց ձայները լռեցվել են, հավասարապես ներկայացված էին այդտեղ: Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ կանայք էին մասնակցում, ինչպես նաեւ բնիկ էթնիկական խմբերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչնեչ: Դա պարազապես ֆեմինիստական «գյուղ» էր՝ հույսի, համարձակության եւ ըմբոստության «գյուղ»: Այս տարվա ֆորումը կենտրոնացած էր մեր դաշնակից շարժումների հետ համագործակցությունը խորացնելու վրա:
Հիմնվելով միասնական փորձառության վրա, մենք փորձում էինք գտնել նոր ճանապարհներ՝ միասին աշխատելու եւ միասնաբար ֆեմինիստական ապագա ստեղծելու: Նաեւ հատուկ ուշադրության արժանացավ արվեստն ու ակտիվիզմը թեման՝ ճանաչելով դիմադրության մեջ արվեստի կարեւոր դերը: Որպես Ֆրիդայի ներկայացուցիչ ես խոսեցի միջսերնդային լիդերության մասին»:
Լիդա Մինասյան,
«Հասակություն առանց բռնության » ՀԿ-ի գործադիր տնօրեն
– «AWID-ը մեծ կարևորություն ունի տարբեր երկրներից ակտիվիստների միջեւ հաղորդակցությունն ու համագործակցությունն ամրացնելու, ինչպես նաեւ նոր կապեր հաստատելու համար: Շատ նշանակալի էր, որ ֆորումում ներգրավված մասնակիցները բավականին բազմազան էին եւ ներկայացնում էին տարբեր խմբեր: Միևնույն ժամանակ, ցավոք, մեր տարածաշրջանը` Արեւելյան Եվրոպա, Հարավային Կովկաս, եւ մեր հիմնախնդիրները բավականաչափ ներկայացված չեն նման ֆորումների ժամանակ, թեեւ մեր տարածաշրջանում էլ բավականին խոչընդոտներ կան, որոնց կարեւոր էր անդրադառնալ»:
Անի Ջիլոզյան,
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի անդամ
– «AWID ֆորումին մասնակցելը իսկապես ոգեւորիչ փորձառություն էր, եւ ոչ միայն մոտ 2000 գաղափարակից ֆեմինիստներին հանդիպելու, այլեւ այդ աննախադեպ իրադարձության մասը կազմելու առումով: Ես զարմացա՝ տարբեր խնդիրների շուրջ երկխոսության այդչափ խորությամբ եւ հիացա այն մարդկանցով, ովքեր նոր մոտեցումներ եւ մեթոդներ են կիրառում իրենց օրակարգն առաջ տանելու համար:
Ես դեռ շատ պիտի խորհեմ ֆորումի մասին, բայց մի բան, որ հաստատ բերել եմ հետս, խաչվող ու միջսեկցիոնալ մոտեցումներն են ու ցանկությունը դրանք կիրառել հայաստանյան կոնտեքստում։ Երկար ժամանակ ես նույնականացրել եմ միջսեկցիոնալ մոտեցումը իր նպատակներից միայն մեկի հետ՝ լսելի դարձնել նրանց, ում ձայնը սովորաբար պակաս ներկայացված է: Ու չնայած մտածել եմ նեոլիբերալիզմի ու ճնշվածության համակարգերի արդյունքում արմատացած անհավասարությունների մասին, միայն ֆորումի ժամանակ էր, որ կանանց իրավունքները հիմնովին կապեցի ազատ առեւտրի, կլիմայական գլոբալ հիմնախնդիրների, կորպորացիաների շահերի և այլ հարցերի հետ՝ միջսեկցիոնալ վերլուծական գործիքի միջոցով։ Վերջինս ինձ մտածելու մեծ տեղիք տվեց, և հուսով եմ, որ այս խոսակցություններն ու մտորումները կկարողանամ շարունակել իմ ընկերների ու գործընկերների հետ Հայաստանում»
Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հանուն իրավունքների եւ արդարության. աշխարհի շուրջ 2000 ֆեմինիստների ֆորումը Բրազիլիայում
«Կանանց շարժման նոր օրակարգը` տնտեսական իշխանության վերափոխում» – «Կինը եւ քաղաքականությունը» թերթի հատուկ թողարկում
Դիտումների քանակը` 3382