AWID 2012-ն առաջին , բայց ոչ վերջին կոնֆերանսն էր իմ մանակցությամբ
AWID 2012 միջազգային ֆորումն ավարտված է: Ավելի քան երկու հազար գաղափարակից հավաքվել էին միմյանցից սովորելու, միմյանց հետ փորձով փոխանակվելու և պարզապես ծանոթանալու համար: Միջոցառումը կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնամածավալ կոնֆերանս էր, որը հրապարակ էր տրամադրում միասնական որոշումներ կայացնելու, կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները հաղթահարելու համար:
Միջոցառումը կազմակերպված էր մանրակրկիտորեն: Բարձրակարգ կահավորմամբ ավելի քան տասնյակ կոնֆերանս-սրահներ էին նախատեսված միաժամանակ քննարկումներ անցկացնելու համար: Յուրաքանչյուրն ազատ էր ՝ընտրելու իր նախասիրություններին համապատասխան քննարկման թեմա: Հետաքրքիր քննարկումներով և միջոցառումներով լի չորս օրեր էին:
Երեկոյան միջոցառումների շարքում կցանկանայի առանձնացնել «Տարօրինակվող (Queer) Արաբ կանանց պատմություններ» ստեղծագործության հիման վրա կազմակերպված բեմադրությունը: Ամենից շատ ես հավանեցի այն, որ բեմադրությունը բարձրացայնում էր խնդիրն ու տալիս հանգուցալուծման այլընտրանքային տարբերակներ. շատ կարևոր, բայց ոչ միշտ իրագործվող հանգամանք:
Ֆորումի շրջանակներում գործում էին նաև մի շարք հետաքրքիր անկյուններ, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ֆեմինիստների անկյուն», «Առողջության անկյուն», «Տնտեսագիտության անկյուն», որոնց կարող էր մասանկցել յուրաքանչյուրը՝ ընդմիջման կամ այլ ժամի. շատ հաճելի նախաձեռնություն:
Այս կանֆերանսն ուներ ևս մեկ յուրահատկություն. միջոցառումների ավարտին կոնֆերանսի անդամները մասնակցեցին Թուրքիայի՝ կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կողմից իրականացվող ցույցին: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր կանայք քայլերթ էին իրականացնում՝ աջակցելու Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությաև և գենդերային հավասարության գաղափարախոսությանը: Իմ կարծիքով, լավ գաղափար էր ՝ պատշաճ կերպով կազմակերպված կոնֆերանսն ամփոփելու համար:
Ես ուրախ եմ, որ ստացա հնարավորություն զգալ ինձ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված զորեղ կանանցնից մեկը: Ես ստացա բավականին տեղեկատվություն և նոր ծանոթություններ, որոնք անպայման կօգտագործեմ իմ հետագա գործունեության մեջ:
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որևէ ներդրում ունեցան միջոցառման կայացման հարցում: Հուսով եմ՝ AWID 2012-ն առաջին , բայց ոչ վերջին կոնֆերանսն էր իմ մանակցությամբ:
Էլվիրա Մելիքսեթյան
Դիտումների քանակը` 3693