Այս տարվա «Խիզախ կին» մրցանակը շնորհվեց Ջեմմա Հասրաթյանին
Հունիսի 23-ին Երևանում Կոնգրեսս հյուրանոցում կայացած Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում «Խիզախ կին» անվանակարգում պարգևը շնորհվեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանին:
Նախաձեռնության կազմակերպիչներն էին ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Ինչպես նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը, «Խիզախ կին» մրցանակը շնորհվել է Ջեմմա Հասրաթյանին այն նշանակալի ավանդի համար, որը նա ունեցել է կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների գաղափարն առաջ տանելու գործում: «Տիկին Հասրաթյանը շատ ակտիվ, հարգանք վայելող հասարակական գործիչ է, ով մշտապես հետամուտ է եղել հասարակության մեջ կանանց դերակատարման մեծացմանը և խթանել է ժողովրդավարական արժեքները: Որպես Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա ՀԿ-ի հիմնադիր և նախագահ՝ տիկին Հասրաթյանը քաղաքական կյանքում և որոշումների ընդունման գործընթացներում կանանց ներգրավման առաջխաղացման գործում ցուցաբերել է հետևողականություն և նախաձեռնողական մոտեցում», – նշեց պրն Ավակովը:
Ընդունելով պարգևը Ջ. Հասրաթյանը նշեց, որ դիտարկում է այն, որպես Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից արդեն 20 տարի իրականացվող գործունեության գնահատանք: « Կարծում եմ խիզախությունը՝ գաղափարին և գործին հավատարիմ մնալու մեջ է նաև», – ասաց նա:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը անցկացվում է 2012 թվականից և նշանավորում է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայցուցիչների ունեցած ներդրումը։
Միջոցառման նպատակն է մեծարել այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, կառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Միջոցառման ընթացքում մրցանակներ շնորհվեցին նաև «Ազատության պաշտպան», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ» ,«Ներառման խթանում», « Արդարության խթանում բոլորի համար» անվանակարգերում:
Մեդիա դաշտում պարգևի արժանացավ «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը #ElectricYerevan 2015 ֆոտոշարքի համար: «Ներառման խթանում» մրցանակին արժանացավ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը՝ հաշմադնաոմւթյուն ունեցող անձանց նկատմամբ տաբուները կոտրելու և հասարակության մոտեցումները փոխելու ուղղությամբ նշանակալի ներդրման համար: «Ազատության պաշտպան» անվանակարգում գնահատանքի արժանացան «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդմները, ովքեր դիտորդական առաքելություն էին իրականացնել սահամանադրական հանրաքվեի ընթացքում եւ իրենց բացառիկ ներդրումն ունեցան ընտրությունների թափանցիկության ապահովման մեջ : Կառավարման ոլորտի վերաձոխիչ մրցանակը ստացավ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ՝ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար, իսկ արդրարադատության ոլորտի մրցանակը շնորհվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հավակիմյանին համարձակ և անդրդվելի ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում անկախ դատական համակարգի ձևավորմանը:
WomenNet.am – ը շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին՝ նորանոր հաջողություններ մաղթելով իրենց:
Դիտումների քանակը` 3989