Գենդերային քվոտան միշտ չէ, որ երաշխավորում է կանանց ներկայացվածությունը նորընտիր ավագանիներում

Դեկտեմբերի 5-ին  Հայաստանի 36 խոշորացված համայնքներում անցած   ՏԻՄ համամասնական ընտրությունների  արդյունքում ձևավորված ավագանու կազմերի ուսումնասիրությունը հաստատեց գենդերային քվոտայի արդյունավետությունը: Քվոտայի  շնորհիվ ավագանիներում կանանց միջին ներկայացվածությունը գրեթե թռիչքաձև աճեց 8.8%-ից մինչև 31%:  Դրա հետ մեկտեղ ընտրությունները բացահայտեցին, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան միշտ չէ, որ երաշխավորում է  նորընտիր ավագանիների կազմում  կանանց ներկայացվածությունը:

 

 

Մասնավորապես, դեպքեր արձանագրվեցին, երբ քաղաքական ուժերի ընտրացուցակներում քվոտայի պահանջը պահպանվում է և ընտրացուցակներում ոչ պակաս, քան 30% կին թեկնածու է ընդգրկվում, սակայն ընտրությունների արդյունքում  ձևավորված  ավագանու կամ խմբակցության կազմում կանայք չեն ընդգրկվում: WomenNet.am-ը փորձել է  պարզել  պատճառները՝ հիմք ընդունելով  ՀՀ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետը , որոնք երաշխավորում են պակաս ներկայացված սեռի  առնվազն 30% ներկայացվածությունը մանդատների բաշխման արդյունքում, ինչպես նաև  ընտրված խմբակցությունում  մանդատից հրաժարվելու դեպքում: 2021 թ.  ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած մի քանի դեպքերում  նշված երաշխիքը չի աշխատել , քանի որ այս կամ այն քաղաքական ուժի ընտրացուցակում ընդհանրապես կանայք չեն մնացել: Արդյունքում ավագանին համալրվում է տղամարդ թեկնածուներով և ընտրացուցակի գենդերային քվոտավորումը չի արտացոլվում ավագանիների կազմում։

 

 

 Ինչո՞ւ  Ապարանի նորընտիր ավագանին մնաց առանց կին անդամների

 

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու կազմում որևէ կին չկա, չնայած ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակներում թեկնածուների 32 %ը կանայք էին։

 

 

Ապարանի նորընտիր ավագանին կազմված է երկու խմբակցությունից։ «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն ունի 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 7 մանդատ։  Ավագանու 21 անդամների թվում կանայք չկան և ըստ էության այս դեպքում քվոտան չի աշխատել:

 

 

Պատճառը նրանում է, որ վերը նշված   երկու ուժերի ընտրացուցակներում ընդգրկված բոլոր կանայք մանդատից հրաժարվելու ու ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Դեկտեմբերի 16-ի թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի որոշմամբ բոլորի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։

 

 

 

Հիշեցնենք, որ նման իրավիճակ ստեղծվեց հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո Սյունիքի Տեղ համայնքում, երբ ավագանու 15 անդամներից միայն երեքն են կանայք, քանի որ ավագանու 5 անդամի մանդատ ձեռք բերած «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի բոլոր կին անդամներն ինքնաբացարկ էին հայտնել։ Արդյունքում այդ խմբակցության բոլոր 5 անդամները տղամարդիկ են։

 

 

Դեկտեմբերի 5-ի ընտրություններին արդյունքում  WomenNet.am-ը ընտրացուցակներում ընդգրկված կանանց կողմից փաստաթղթերը զանգվածաբար  հետ վերցնելու կամ ինքնաբացարկներ հայտնելու   դեպքեր էր արձանագրել առնվազն  6 համայնքներում, ինչի արդյունքում այդ համայնքների ավագանու կազմում կամ ընդհանրապես կանայք  չկան , կամ էլ ընդգրկված կանանց ցուցանիշը զգալիորեն  ցածր է 30 %-ից, քանի որ առանձին խմբակցությունների կազմում կանայք ներգրավված չեն:  

 

 

 

Արտաշատի  ավագանին չորս խմբակցությունից է կազմված՝ «Քաղաքացիական պայմանագիր»,  «Օրենք և արդարություն» «ՀՅԴ»-ն և «Հայրենիք»։  «Օրենք և արդարություն» խմբակցության ավագանու 9 անդամներից միայն 1-ն է կին։ ՀՅԴ խմբակցության  2 անդամներն էլ տղամարդիկ են։ «Հայրենիք» խմբակցությունը 2 անդամ ունի, որից 1-ն է կին։ ՔՊ խմբակցության 20 անդամներից 7-ը կանայք են։ Արդյունքում, ավագանու 35 անդամներից 9-ը կամ մոտ 26 %-ն են կանայք, թեև  ընտրացուցակներում կին թեկնածուների թիվը 35% էին կազմում։ Համեմատության համար նշենք, որ մինչ խոշորացումը, Արտաշատի ու այդ փնջի մեջ մտած հարակից գյուղերի ավագանու 267 անդամներից 46-ը կամ ավելի քան 17 %-ը կանայք էին։

 

 

 

Աշտարակի   նորընտիր ավագանին կազմված է երեք խմբակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր», ՀՅԴ, «Հայրենիք»։ Ավագանու 27 մանդատներից 21-ը բաժին են հասել ՔՊ-ին, որոնցից  7-ը՝  կանանց։  ՀՅԴ խմբակցության 4 անդամների և  «Հայրենիք» խմբակցության 2-անդամների  թվում կանայք չկան։ Արդյունքում Աշտարակի ավագանու 27 անդամներից 7-ն են կանայք կամ մոտ 26 %-ը։ Համեմատության համար նշենք, որ մինչ խոշորացումը Աշտարակում ու այդ փնջի մեջ մտած համայնքների ավագանիների 194 անդամներից 16-ը կամ 8.2 %-ն էին կանայք։

 

 

Գառնի համայնքի  ավագանին ունի 15 անդամ, երկու խմբակցություն։ «Հանրապետություն» խմբակցությունն ունի 5 անդամ, նրանց թվում կանայք չկան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 10 անդամ, որից 3-ը կանայք։ Արդյունքում ավագանու 15 անդամներից 3-ը կամ 20 %-ն են կանայք։ Համեմատության համար նշենք, որ մինչ խոշորացումը Գառնու փնջում ներառված համայնքներն ունեցել են ավագանու 37 անդամներ, որից 2-ը կամ մոտ 2.5 %-ն էին կանայք։

 

 

Թումանյանում ավագանու 15 մանդատները բաժանվել են «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։ ՔՊ-ի 7 անդամներից 3-ն են կանայք, իսկ  «Հանրապետության» 8 անդամներից 1-ն է կին,  ինչ հարց է առաջացնում կուսակցության կողմից ներկայացված ընտրացուցակի համեմատ: Արդյունքում, ավագանու 15 անդամներից 4-ը կամ մոտ 27 %-ը կանայք են։  Մինչ խոշորացումը Թումանյանում ու դրա կազմի մեջ մտած համայնքների ավագանին ընդհանուր առմամբ 23 անդամ ուներ, որից 2-ը կամ մոտ 9 %-ն էին կանայք։

 

 

 

Նոյեմբերյանի ավագանին 21 անդամ ունի, երեք խմբակցություն։  «Ապրելու երկիր» խմբակցությունը 6 անդամ ունի, որից 2-ը կանայք են։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը 6 անդամ ունի, նրանց թվում կանայք չկան։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը 9 անդամ ունի, որից 3-ն են կանայք։ Արդյունքում Նոյեմբերյանի ավագանու 21 անդամներից 5-ը կամ մոտ 24 % կանայք են։ Համեմատության համար նշենք, որ մինչ այս ընտրությունները Նոյեմբերյանի ու այդ փնջի մեջ մտնող համայնքների ավագանու անդամների թիվը 35 էր, որից 1-ը կամ մոտ 3 %-ն էր կին։

 

 

 

Սևանի ավագանու 27 մանդատները բաշխվել են երեք ուժերի՝ «Սարգիս Մուրադյան» դաշինքի, ՀՅԴ և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։ «Սարգիս Մուրադյան»  խմբակցությունն ունի 21 մանդատ, որից միայն 1-ն է բաժին հասել կնոջը։ ՀՅԴ 3 անդամների թվում կանայք չկան։  «Հանրապետություն» խմբակցությունն ունի ավագանու 3 անդամ, որից մեկն է կին։ Արդյունքում ավագանու 27 անդամներից 2-ը կամ 7 %-ն են կանայք։ Հիշեցնենք, որ այստեղ ընտրացուցակներում ընդգրկված կանանց գերակշռող մասը կամ հետ էր վերցրել փաստաթղթերը կամ ինքնաբացարկ էր հայտնել։

 

 

 

Մասնավորապես, Սևանում 13 կին թեկնածուներ փաստաթղթերը հետ էին վերցրել մինչև օրենքով նախատեսված գրացումը։  Եվ այս առիթով  հարց է ծագում՝  ինչպե՞ս  է ԿԸՀ-ն գրանցել այն քաղաքական ուժերի ընտրացուցակները, որոնց կազմում կանանց ինքնաբացարկներից հետո  30 %- անոց քվոտայի պահանջը չի պահպանվել:

 

 

 

Կարո՞ղ են արդյոք գրանցվել ընտրացուցակները, եթե դրանցում ընդգրկված կանայք հետ են վերցրել փաստաթղթերը

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասը  սահմանում է. «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %ը»։

 

 

 

Հարց է ծագում, արդյոք 30 %-ից ցածր կին թեկնածուներ ունեցող ընտրացուցակի գրանցումը օրենքի խախտում չէ՞։  Պատասխանելով այս հարցադրմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը WomenNet.am-ի հետ զրույցում  ասաց՝ օրենքի խախտում չկա։

 

 

 

 «Եթե քաղաքական ուժերի համամասնական ցուցակները ընտրատարածքային հանձնաժողովներ մուտք անելուց հետո, տեղի են ունենում փոփոխություններ, ապա դրանք գրանցելու վրա չեն ազդում։ Տրամաբանությունը ո՞րն է։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ կան երկու մրցակից քաղաքական ուժեր, և դրանցից մեկը՝ ունենալով լծակներ, փորձում է մյուսի ցուցակում ընդգրկված կանանց վրա տարբեր ձևերով ճնշում գործադրել, որպեսզի նրանք վերցնեն փաստաթղթերը և դրա հետևանքով մրցակից ուժի ընտրացուցակը չգրանցվի։ Նման ընթացքը բացառելու նպատակով օրենքն ասում է՝ փաստաթղթերը ներկայացնելու փուլում ընտրացուցակը պետք է բավարարի Ընտրական օրենսգրքի պահանջներին։ Սակայն հետագայում, եթե փոփոխություններ են լինում, քաղաքական ուժի գրանցելու համար այդ հանգամանքը խնդիր չի առաջացնում, քանի որ նա ի սկզբանե  պատշաճ կատարել է իր պարտականությունները», – պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը։

 

 

 

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 132-րդ հոդվածը սահմանում է կուսակցության ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու հանգամանքները. «Ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը, եթե  ընտրական ցուցակը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքով, որը ծագել է առաջադրումից հետո)» ։

 

 

 

Ի դեպ, WomenNet.am -ն նախորդ հրապարակումներից մեկում  թե՛ Սևանի, թե՛ Արտաշատի ՏԻՄ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ պատասխանելով  կանանց ինքնաբացարկների պատճառների մասին հարցին,  բացառեցին ընտրացուցակներում ներկայացված կին թեկնածուների վրա ճնշումները՝ նշելով փաստաթղթերը հետ վերցնելու, ինքնաբացարկ հայտնելու այլ պատճառներ, օրինակ չեն ցանկացել լինել ավագանու կազմում, որոշել են ընդգրկվել ընտրական հանձնաժողովի կազմում կամ նախընտրել են համայնքնապետարանում իրենց  վարձատրվող աշխատանքը շարունակել ։

 

 

 

Կանանց ներկայացվածության առումով որոշ համայնքներում արձանագրված հետընթացի հետ միասին, պետք է արձանագրել, որ  դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում  համայնքների գերակշիռ մասի ավագանիներում կանանց ներկայացվածությունը 33 % է կազմում, և այս փաստը հաստատում է քվոտայի արդյունավետությունը: Ավելին, ձևավորվել են ավագանիներ, որոնց  կազմում կանանց ներկայացվածությունը գերազանցում է քվոտայի պահանջը:  Կանայք առավել մեծ ներկայացվածություն ունեն   Լոռու մարզի Փամբակ, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքների ավագանիներում՝ 40- % են , դրանց հաջորդում է Վանաձորը՝ 39 %, Խոյ և Բաղրամյան համայնքները՝  38 % ցուցանիշներով։

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս փոխվեց կանանց ներկայացվածությունը ՏԻՄ-երում դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո/ ինֆոգրաֆիկա

Կանանց  ինքնաբացարկները ՏԻՄ ընտրություններում.  որո՞նք են պատճառները

 

 

 

Դիտումների քանակը` 1046

Գլխավոր էջ