«Աշխարհն ունի մեր կարիքը». «Ավրորայի» հավակնորդները ներկայացրեցին իրենց պատմությունները

 

Հայաստանի Ամերիկյան համալսարանում երեկ տեղի ունեցած հանդիպմանը  «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդներ Թոմ Քաթինան, Ֆարթուն Ադանը, Ջամիլա Աֆղանը, Դենիս Մուկվեգեն ներկայացրեցին իրենց պատմությունները:  Հավակնորդներից  մեկը՝ սիրիացի բժիշկ  Մուհամադ Դարվիշը հանդիպմանը չէր հասցրել գալ՝  փաստաթղթային  խնդիրների պատճառով: Նշենք, որ ընտրող  հանձնաժողովը այս տարվա  հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:

 

 

Հանդիպմանը ներկա հավակնորդները ներկայացրեցին իրենց պատմությունները, խոսեցին մարդկանց օգնելու իրենց առաքելության մասին, որն իրականացնում  են  անտեսելով վտանգը, սպառանալիքներն ու  դժվարին պայմանները:  

 

 

Ֆարթուն Ադան. «Մենք զբաղվում ենք մանկահասակների և կանանց իրավունքների հարցերով»

 
Ֆարթուն Ադանը ու  Իլվադ Էլմանը  Սոմալիից՝  մայր եւ դուստր են,    մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ  են, ովքեր  զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ  ու  մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ իրենց կողմից հիմնադրված  «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

 

 

1996-ին  Սոմալիում պատերազմող զինվորականները սպանեցին Ֆարթուն Ադանի ամուսնուն՝ նրա խաղաղարար գործունեության համար, որը «Ցած դիր զենքդ, գրիչ վերցրու» նախաձեռնության հիմնադիրն էր: Ամուսնու սպանությունից հետո նա փախչում է Սոմալիից եւ երեք դուստրերի հետ բնակություն հաստատում Կանադայում։ Սակայն 2007-ին  վերադառնում է հայրենիք՝ շարունակելու ամուսնու գործը։ Ֆարթուն Ադանի 27-ամյա դուստրը՝ Իլվադ Էլմանը, EPHRC հարցերով մոր գործընկերն է: 2010 թ. Ադանը նախաձեռնեց «Քույր Սոմալի» ծրագիրը՝ աջակցելու գենդերային բռնությունների ենթարկվածներին, որոնց հաջողվել է բռնաբարությունից հետո ողջ մնալ եւ խուսափել պարտադիր ամուսնությունից: Նա ստեղծել է սեռական բռնությունների առաջին թեժ գիծը Սոմալիում, իսկ 2011 թվականին Մոգադիշոյում հիմնել է Բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչեւ օրս կենտրոնն օգնել է ավելի քան 400 սոմալացի կանանց եւ աղջիկների՝ տրամադրելով խորհրդատվություն եւ բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ:

 

 

Հանդիպմանը ներա էր միայն մայրը՝ Ֆարթուն Ադանը։  «Իմ դուստրը նույնպես շատ էր ցանկանում լինել այստեղ, սակայն շատ կարևոր գործ ուներ, չկարողացավ գալ: Բանակցելու էր պատանդ երեխաների ազատելու շուրջ: Մենք զբաղվում ենք մանկահասակների և կանանց իրավունքների հարցերով: Կանանց բռնաբարության խնդիրը շատ լուրջ է այնտեղ: Ասում են, Սոմալին իսլամական պետություն չէ, չի կարող լինել բռնաբարություն: Սակայն մեր գործունեության արդյունքում բոլորն ընդունում են, որ այդ խնդիրը կա:  2011-ին Մոգադիշոյում հիմնեցի բռնաբարությունների ճգնաժամի կենտրոն: Մինչև օրս կենտրոնն օգնել է 400 սոմալացի կնոջ և աղջկա՝ տրամադրելով խորհրդատվություն և բժշկական աջակցություն, բիզնես նախաձեռնելու հնարավորություններ և ֆինանսական միջոցներ:  Ես էլ մայր եմ, ունեմ դուստրեր: Ամեն անգամ, երբ ինձ են դիմում բռնաբարված կանայք, ես մտնում եմ նրանց դրության մեջ: Նրանք տեղ չեն ունենում գնալու: Շատ դեպքերում հղի են լինում, ընտանիքը նրանց չի ընդունում: Նրանք պախարակված են, բայց ոչ իրենց մեղքով: Նրանց ընդունում ենք մեր ապաստարան: Մնում են այնքան, որքան պետք է լինում: Սկսում ենք բանակցել նրանց ընտանիքների հետ: Արդարություն չկա, որովհետև մեղավորը չի պատժվում», – ասում է  Ֆարթունը:

 

 

Թոմ Քաթինա. «Ինձ հիմնական շարժող ուժը կրոնական մոտիվացիան է»

 
Թոմ Քաթինան կաթոլիկ միսիոներ է, ով միակ վիրաբույժն է Սուդանի քաղաքացիական պատերամից տուժած Նուբա լեռներում, որի բնակչությունը կես միլիոնից ավելի է: Իրականացնում է  տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում  օրական ավելի քան 400 հիվանդի.

 

 

«Բժիշկ, վիրաբույժ եմ: Ծնվել եմ ԱՄՆ-ում: 17 տարի աշխատել եմ Աֆրիկայում, 9 տարի Սուդանում, որտեղ և ապրում եմ: Նուբայի լեռներում մարդիկ 30 տարի է պատերազմի մեջ են: Մեր հիվանդանոցն ունի 6 բաժանմունք, 435 մահճակալ: Պատկանում է կաթոլիկ եկեղեցուն: Ով դիմում է՝ մեծից, փոքր, բուժում ենք, ամեն տեսակի վիրահատություն անում ենք: Ունենք մանկական առողջության բաժանմունք: Նաև կեսարյան հատում ենք անում: Սակայն հիվանդանոցը տներից հեռու է գտնվում, այդ իսկ պատճառով շատ կանայք երեխա ունենում են տանը: Դրա պատճառով մանկական մահացությունը բավականին բարձր է: Ինձ հիմնական շարժող ուժը կրոնական մոտիվացիան է», – պատմում է  Քաթինան:

 

 
Տեղի սահմանափակ հնարավարորությունների պատճառով Քաթինան հաճախ ստիպված է լինում հիվանդնեին հին մեթոդներով բուժել: Հաճախ հաստատությունում չի լինում ջուր կամ էլեկտրանէներգիա: Քաթինայի գնահատմամբ, նա տարեկան հազար վիրահատություն է կատարում: Բժիշկ Քաթինան եղել է 2016 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդ եւ համարվում է համաշխարհային բժշկության ասպարեզում նշանավոր հումանիտար գործիչ:Որպեսզի Թոմ Քաթինան հնարավարություն ունենա թողնել հիվանդներին եւ գալ Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը, նրան փոխարինելու են գնացել երեք հայ բժիշկներ՝ Գեւորգ Ոսկանյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը:

 

 

Ջամիլա Աֆղանի. «Երբ մի ճրագ ես վառում, այն կարող է լույս տալ շուրջբոլորը»

 

 

Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, աշխատանքներ է տանում նաև  հազարավոր իմամների՝  մահմեդական առաջնորդների հետ՝ հավաստիացնելով կանանց կրթություն ստանալու, նրանց իրավունքները պաշտպանելու կարևորությունը՝ համաձայն իսլամական և միջազգային օրենքների: Ասում է, որ  սկսել է զբաղվել կանանց իրավունքներով՝ ունենալով իր անձնական պատմությունը: 14 տարեկանում, աֆղանական պատերազմի տարիներին, ստացել է գլխի հրազենային վիրավորում, ինչը տարիներով գամել է նրան անկողնուն։ Այս մեկուսացման մեջ նրա միակ մխիթարությունը գրքերն էին։ Երկարատեւ խնդրանքների արդյունքում նրան վերջապես հաջողվեց համոզել ծնողներին, որ չնայած աղջիկների կրթության նկատմամբ ողջ հակադրությանը՝ իրեն դպրոց ընդունել տան:

 

 

«Իմ հաշմանդամությունը պատճառը դարձավ, որ ինձ ծնողներս թույլ տվեցին կրթության ստանալ, ի տարբերություն քույրերիս և եղբայրներիս…  Կրթությունը կարող է փոխել աշխարհը, երբ կրթում ես կնոջը, կրթում ես նրա ամբողջ ընտանիքը, քանի որ նա սովորածը փոխանցում է բոլորին։ Երբ մի ճրագ ես վառում, այն կարող է լույս տալ շուրջբոլորը։ Սա է հասարակությանը լուսավորելու հիմնական ուղին: Իմ տրամաբանության մեջ չէր կարող տեղավորվել, թե ինչպես կրոնավորները թույլ չեն տալիս իրենց հետևորդներին կրթվել: Ինքս ուսումնասիրել եմ Ղուրանը,  հասկացել և բոլորին բացատրել, որ Ղուրանում մեկ տող անգամ չկա, որ կրթությունը վատ է կանանց համար:  Կրոնական առաջնորդների համար մշակեցի գենդերային ընկալման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ: 6000 իմամի հետ եմ աշխատում, ովքեր մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, դարձել են խաղաղության ջատագովներ: Բարդ է աշխատել իմամների հետ:  Աֆղանստանում կանայք միշտ գտնվել են տղամարդկանց իշխանության ստվերի տակ: Իմամների համար դժվար է ընդունել, որ կին է կանգնած նրանց առջև և ինչ-որ բան է սովորեցնում: Ինձ զորություն է տալիս Ղուրանի իմ իմացությունը: Աշխատում ենք նաև կանանց բռնի ամուսնության, մանկահասակների ամուսնության, անասունի, փողի դիմաց ամուսնացնելու խնդրի ուղղությամբ: Ղուրանի մի համարն ասում է՝ եթե փրկել եք մի մարդու կյանքը, փրկել եք մի ամբողջ մոլորակ: Իհարկե, մենք չենք կարող ամեն ինչ փոխել, կարող ենք փոխել այն, ինչ կարող ենք: Բայց այդ փոքր կաթիլները կդառնան օվկիանոս, կազդեն ողջ աշխարհի վրա: Միասին կարող ենք ամեն ինչ», – ասում է  Ջամիլա Աֆղանին:

 

 

Դենիս Մուկվեգե. «Երբեմն կանայք ինձ դիմում են այնպիսի վնասվածքներով, որ ես արտասվել եմ ուզում» 

 

 

Դենիս Մուկվեգե, գինեկոլոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50.000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին.

 

 

«Աշխատում էի մանկաբույժ, սակայն հասկացա, որ հնարավոր չէ միայն աշխատել երեխաների հետ, որոնց մայրերը մահանում են: Սկսեցի աշխատել որպես գինեկոլոգ-մանկաբույժ: Նոր էի աշխատանքի անցել, իմ առաջին հիվանդը եղավ մի կին, ով խմբակային բռնաբարության էր ենթարկվել, այնուհետև կրակել էին նրան վրա:  Կարծեցի՝ ինչ-որ պատմություն է, հետո արդեն մի քանի ամսում նման վիճակում հայտնված տասնյակ կանանց բուժեցի: Արդեն դաժան բռնաբարված 50 հազար կանանց ու աղջիկների եմ բուժել: Աշխատանքը, որը մենք անում ենք, սթրեսային է: Բազմիցս եմ ունեցել զգացողություն, որ հասել եմ իմ հնարավորությունների վերջին:  Երբեմն այնպիսի լուրջ վնասվածքով են գալիս, որ ուզում եմ լաց լինել: Ու ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես այդ կանայք  կարողանում են վերականգնեն իրենց կյանքը: Վիրահատությունից հետո երբ արթնանում են, առաջին հարցը տալիս են՝ ինչպես են երեխաները: Այդ կանանց ուժն է ինձ ուժ տալիս շարունակել աշխատել» – ասում է  բժիշկը :

 

Ինչպես նշվեց, հանդիպմանը ներկա  չէր Մուհամադ Դարվիշը , ով  Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

 

 

Հիշեցնենք, որ «Ավրորա-2017» մրցանակաբաշխությունը կայանալու է մայիսի 28-ին: Մրցանակի դափնեկիրը կստանա 100,000 դոլար պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաեւ 1,000,000 դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 

 

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւհումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը,Շիրին Էբադին,Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդուիրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւՄիջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայինախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն:

 

 

Թ.Հ.

Դիտումների քանակը` 4242

Գլխավոր էջ