«Հայաստանում ապրող  չղջիկները կորոնավիրուսի վարակակիրներ չեն». Աստղիկ Ղազարյան

Մեր զրուցակցի  Երևանի պետական  համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի գիտաշխատող Աստղիկ Ղազարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չղջիկներն են, որոնց հատուկ իմունային համակարգը հնարավորություն է տալիս դառնալ վիրուսային բազմաթիվ ինֆեկցիաների կրիչ և որոնք չինացի գիտնականների  պնդմամբ COVID-19 կորոնավիրուսի փոխանցողներ են հանդիսացել : Այդ վարկածը բավականին տարածված է  գիտական շրջանակներում,  սակայն Աստղիկ Ղազարյանի հավաստմամբ, չղջիկներից կորոնավիրուսի փոխանցումը մարդուն հազվադեպ  հանդիպող երևույթ է, ավելին, իր խոսքով,  չղջիկներից ուղիղ  մարդուն կորոնավիրուսի փոխանցման մասին հաստատված դեպքեր չկան:  Մինչդեռ համավարակի տարածումը վախ առաջացրեց  չղջիկների հանդեպ  ու մարդիկ  սկսեցին անխնա ոչնչացնել այդ  կենդանիներին:

 

 

-Գիշերային ապրելակերպը և յուրահատուկ արտաքին տեսքը չղջիկներին դարձրել են սարսափելի լեգենդների հերոսներ, սակայն  նրանք այնպիսին չեն,  ինչպես  ներկայացվում է,  և  պետք  չէ  նրանցից  վախենալ, առավել ևս ոչնչացնել: Այսօր կովիդի  մասին  ինֆորմացիան  շատ արագ  տարածվում է համացանցի  միջոցով, որտեղ քիչ չեն  կեղծ  տեղեկատվությունները, որոնք էլ  խուճապ են ստեղծում մարդկանց  շրջանում: Իսկ  համավարակի  տարածման  պատճառն այն էր, որ ժամանակին չկանխվեցին օդային  և  ցամաքային  ճամփորդությունները,  ինչն էլ  կոլապսային  իրավիճակ  ստեղծեց մոլորակի  վրա,- ասում է  գիտնականը:

 

Աստղիկ Ղազարյանը Եվրոպական չղջիկների պաշտպանության «Agreement on the Conservation of Populations of European Bats» (EUROBATS) կազմակերպությունում միակ ներկայացուցիչն է Հայաստանից: Համավարակի  ընթացքում EUROBATS-ի օն-լայն քննարկումների ընթացքում ներկայացվում է այս  կամ այն  երկրում համավարակի,  և հատկապես  չղջիկների հանդեպ  բնակչության արձագանքն ու վերաբերմունքը:

 

 

Կենդանական  աշխարհում չղջիկները  ներկայացվում են երկու մեծ  խմբով՝ մեգա և միկրո: Հայաստանում ապրում են  միկրոչղջիկներին  պատկանող  տեսակներ, որոնք տեղաշարժման  ընթացքում  արձակում են ուլտրաձայներ: Ինչ վերաբերում է մեգաչղջիկներին, ապա սրանք լավ  զարգացած  տեսողություն ունեն և սնվում են  տրոպիկական  տարբեր արևադարձային մրգերով  ու նեկտարով: Ահա, այս  խմբի չղջիկներն էլ  հանդիսանում են վարակի փոխանցողներ: Գիտնականները ենթադրում են, որ այդ  չղջիկներով սնվել են  օձերը և պանգոլինները, որոնց  օրգանիզմում  տեղի է ունեցել  մուտացիա, և արդյունքում առաջացած վիրուսը փոխանցվել է  մարդկանց:

 

 

WomenNet.am-ի  հետ զրույցում գիտնականը նշեց, որ իր ուսումնասիրությունների  արդյունքում փորձում է  պարզել, թե Հայաստանում տարածված  չղջիկների  մոտ  առկա՞ է արդյոք կորոնավիրուսի վարակ,  բացի դա ուսումնասիրում է նաև այլ  տեսակի վիրուսների առկայությունը:

 

 

Աստղիկ Ղազարյանի  խոսքով  Հայաստանում չղջիկների ուսումնասիրությունն  իրականացվում է Վայոց ձորի  և Սյունիքի  մարզերի տարածքներում, որտեղ  չղջիկները  ձմեռում են մեծ  գաղութներով /շուրջ 1000-ից-2000 չղջիկ/: Մինչ արցախյան  երկրորդ  պատերազմը ուսումնասիրություններ են  կատարվել  նաև Արցախի  Հանրապետությունում:

 

 

-Արցախում  իմ  գործընկեր Վահրամ Հայրապետյանի  հետ  կատարել ենք ուսումնասիրություններ,  օրինակ, Ազոխի  քարանաձավում  միայն  6 տեսակի  չղջիկների  մեծ  գաղութներ  կան: Այս  տարի  մեր ուսումնասիրությունները  ձախողվեց պատերազմի  պատճառով: Մեծ  քանակությամբ  չղջիկներ կան նաև Շուշիի  կիրճում գտնվող քարանձավներում, շատ հետաքրքիր  տվյալներ էինք ստացել Քարվաճառի  շրջանի Զուարի գյուղի  հարակից  շրջանում գտնվող  «Տաք ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուրի մերձակայքում: Այդ  տարածքներում էլ  բավականին  հետաքրքիր  տեսակներ կային, այնտեղ  նույնպես ուսումնասիություններ ենք  կատարել, որը  պետք է  շարունակվեր… Ավելին  ասեմ,  Ներքին Հանդում՝ Սոսիների պուրակում  չղջիկների համար կառուցել էինք մոտ 20 տնակ, որտեղ  նրանք պետք է  ձմեռեին,- պատմում է գիտնականը:

 

«Չղջիկների միջազգային  գիշեր»-ը Աստղիկ Ղազարյանի կարևորագույն ծրագրերից մեկն է,  որի նպատակն է ներկայացնել Հայաստանում տարածված չղջիկներին, նրանց վտանգված տեսակները, տեղեկացնել  բնության  մեջ  նրանց  օգտակարության  մասին, ինչպես  նաև մասնակցել կենդանական աշխարհի պահպանությանն ուղղված միջոցառումներին: Ծրագրի շրջանակներում ԵՊՀ մի շարք ուսանողներ մասնակցել են  դեպի Գնդեվազի ձոր արշավին:  Ուսանողները հնարավորություն են ունեցել նաև ժամանակակից մեթոդներով՝ չղջիկների համար նախատեսված ցանցերով որսալ 4 տեսակի չղջիկներ, ձայնագրել նրանց ուլտրաձայները, իսկ ուսումնասիրությունից  հետո բոլոր չղջիկները բաց են թողնվել:

 

 

Աստղիկ Ղազարյանի խոսքով ծրագիրը կրելու է պարբերական բնույթ, քանի որ նմանօրինակ միջոցառումներն օգնում են մարդկանց պահպանել Հայաստանի հարուստ, բայց միևնույն ժամանակ վտանգված կենդանական աշխարհը:

 

 

Մեր արշավներին գիտնականներից և ուսանողներից  բացի  միանում են  նաև կամավորներ: Նշեմ, որ այս  ծրագիրը  նախաձեռնել եմ 2016 թվականից, այն   իրականացվում է ամեն տարի, սակայն համավարակի ընթացքում դրա նշանակությունն ավելի կարևորվեց: Իմ  նպատակն է, որպեսզի մարդիկ  համոզվեն, որ մեր հանրապետությունում ապրող չղջիկները եթե անգամ  վարակակիր են, սակայն փոխանցող  չեն, նրանք վտանգավոր չեն, որ  պետք չէ  նրանց  վնասել,  սպանել, և  բոլոր այն  պատմությունները, թե  չղջիկները խճճվում են մարդկանց  մազերի մեջ, կծում մատը, որն անմիջապես  չորանում է, այդ  բոլորը  միֆ է: Չղջիկները  տարածության  մեջ  կողմնորոշվում են  իրենց  էխոլոկացիոն  ուլտրաձայնային հատկանիշների շնորհիվ, նրանք բնության  մի մասնիկն են  և ունեն  իրենց  դերը մեր մոլորակի վրա:

 

Աստղիկ Ղազարյանը հավաստիացրեց, որ անկախ կորոնավիրուսից չղջիկների  հետազոտությունները  կշարունակվեն, որ սահմանափակումները չեն  խոչընդոտի դաշտային  աշխատանքներին, քանի որ հարկավոր է շարունակել ուսումնասիրությունները Հայաստանում ապրող  չղջիկների  իմունային համակարգի ու էկոլոգիական  առանձնահատկությունները  պարզելու համար:

 

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

 

Դիտումների քանակը` 858

Գլխավոր էջ