«Կան խնդիրներ, որոնք ավելի արագ և արդյունավետ կարող են լուծվել հենց կանանց շնորհիվ». ավագանու անդամ

Տեսակով պայքարող և նախաձեռնող Աշտարակի նորընտիր ավագանու անդամ Մերի Դատումյանը դեռ փոքր հասակից ակտիվ մասնակցություն է ունեցել հասարակական-քաղաքական կյանքին։ Այդ ակտիվությունն իրեն աստիճանաբար տարավ դեպի ՏԻՄ համակարգ։ 2021 թ.-ին առաջադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով և դեկտեմբերի 5-ին  կայացած ընտրությունների արդյունքներով դարձավ Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ։

 

 

Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ է, շուրջ 10 տարի աշխատել է այդ ոլորտում, թեև ասում է՝ անցումն այդ բնագավառից քաղաքականի բարդ չի եղել, քանի որ մշտապես ապրել է պայքարի մեջ՝ մասնակից լինելով տարբեր շարժումների և գործընթացների։ 

 

 

«Դպրոցական տարիներին մասնակցել եմ Ղարաբաղյան շարժմանը, համախմբված, խրոխտ, հայրենասիրական երգերով, դրոշները ծածանելով՝ գնում էիք։ Փորձում էի նաև դպրոցում ստեղծել իմ պատկերացրած հեղափոխական խումբը, որի համար միշտ ծնող էին կանչում»,- պատմում է Մերի Դատումյանը։ 

 

 

Վստահեցնում է՝ հանուն իր համայնքի բարեկեցության միշտ պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը, թեև ասում է՝ մինչ ընտրվելը ևս զբաղվել է համայնքում առկա հիմնախնդիրների լուծմամբ։ 

 

 

«Որպես տեղացի, խնդիրներին միշտ ծանոթ եմ եղել՝ շնորհիվ իմ հաճախակի հանդիպումների և շփումների»,- ասում է նա և հավելում, որ ավագանու պաշտոնը հնարավորություն է տալիս իրեն ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու և առկա խնդիրները ավելի արագ լուծելու։ 

 

 

Մինչ ավագանիում ընդգրկվելը նա աշխատել է որպես քարտուղար Աշտարակ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  տարածքային գրասենյակում։ Ասում է՝ աշխատանքի շրջանակներում իրականացնում էին տարբեր նախաձեռնություններ, որոնք վերաբերում էին համավարակին, հետագայում նաև պատերազմին։ 

 

 

Նրա խոսքով՝ նման նախաձեռնություններից է եղել «Օգնության ձեռք»-ը, որի շրջանակներում աջակցություն էր տրամադրվում տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և անապահով ընտանիքներին, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո օգնությունը կազմակերպվում էր՝ ըստ իրավիճակի։ «Ինչքան մեզ ձեռք մեկնողների շրջանակը մեծանում էր, այնքան մեծացնում էինք մեր օգնության ծավալն ու  շահառուների թիվը»,- նշում է Մերի Դատումյանը։ 

 

 

Որպես ավագանի ստեղծել է աշխատանքային խումբ՝ այցելելով համայնքի շուրջ 29 բնակավայրեր. «Այցելությունները կապված էին Սոցիալական Ներդրումների և Տեղական զարգացման (ՍՆՏԶ) ԼՖ ծրագրի երկրորդ բաղադրիչի հետ, որի ընթացքում միաժամանակ հետաքրքրվում էինք գյուղացուն հուզող խնդիրներով։ Այնուհետև, խնդիրների արձանագրումներից և քննարկումներից հետո դասակարգում էիք դրանք  ըստ առաջնայինների և փորձում լուծել դրանք»: 

 

 

Աշտարակը՝ որպես խոշորացված համայնք դեռևս ձևավորման փուլում է, ասում է՝ գործընթացի ավարտից հետո նախատեսում են ավելի հաճախակի այցելություններ կազմակերպել տարբեր բնակավայրեր։ 

 

 

Ըստ Մերի Դատումյանի՝ բնակիչներն իրեն հաճախ են դիմում ամենատարբեր հարցերով, օրինակ՝ մանկարատեզների, ասֆալտապատման, ճանապարհների վերանորոգման հետ կապված։ 

 

 

Համայնքում ամենակարևոր խնդիրներից մեկը, ինչպես նշում է ավագանու անդամը՝ թափառող շների խնդիրն է, որի լուծման համար, սակայն, համապատասխան վերադաս մարմինների աջակցությունն է անհրաժեշտ։ 

 

 

«Առաջնային խնդիրներից է նաև կրթական ոլորտի բարելավումը, որի ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվում։ Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում դպրոցներում, որպեսզի տեսնենք՝ որտեղ ինչ խնդիր է առկա, լուծենք»,- ասում է նա և հավելում, որ միայն որակյալ կրթության ապահովման դեպքում կունենանք որակյալ հասարակություն։ 

 

 

Նրա խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում նաև համայնքներում մշակութային օջախների ակտիվացման ուղղությամբ։ «Համայնքներում կան շատ տաղանդավոր երեխաներ, բայց տեղերում  խմբակների կամ ֆինանսների բացակայության պատճառով շատերը չեն կարողանում հաճախել։ Ուստի առաջարկել եմ՝ համայնքներում բացել անվճար խմբակներ, սակայն այդ առաջարկս և խմբակի ուսուցիչների վճարման հարցը դեռևս քննարկման փուլում են»,- նշում է նա։

 

 

Մերի Դատումյանը հավաստիացնում է՝ չնայած այս ամենին՝ կան նաև խնդիրներ, որոնք իրավական դաշտում են ու ժամանակ պահանջող, իսկ որոշները լուծելու համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը։

 

 

 

Մերի Դատումյանը նշում է, որ իրենց համայնքում կանայք բավականին ակտիվ են հասարակական և քաղաքական ոլորտներին առնչվող հարցերում։ Կարծում է՝ այդ ոլորտներում կանանց ներգրավվածության առումով հասարակության մտածելակերպն բավականին փոխվել է տարիների ընթացքում ։ 

 

 

Այն կանանց, ովքեր մտադրություն ունեն մուտք գործելու քաղաքական դաշտ, սակայն երկմտում են, ավագանու անդամը խորհուրդ է տալիս. «Ավելի համարձակ լինել, առհասարակ չվախենալ սեփական խոսքն առաջ տանելուց, քանզի կան խնդիրներ, որոնք ավելի արագ և արդյունավետ կարող են լուծվել հենց կանանց շնորհիվ»:

 

 

Նշենք, որ Աշտարակի   նորընտիր ավագանին կազմված է երեք խմբակցությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր», ՀՅԴ, «Հայրենիք»։ Ավագանու 27 մանդատներից 21-ը բաժին են հասել ՔՊ-ին, 4-ը ՀՅԴ-ին, 2-ը՝ «Հայրենիք»-ին։  Կանանց ներկայացվածությունն ավագանիում  26% է, ընդ որում կանայք ներկայացված են միայն ՔՊ-ի կազմում ՝  խմբակցության 21 անդամներից 7-ն են  կին: Մնացած  երկու խմբակցությունների անդամների թվում կանայք չկան։

 

 

Մերի Մաթևոսյան

 

 

Դիտումների քանակը` 1527

Գլխավոր էջ