Ինչպես Արփինեն ու Նոննան կարողացան մտերմացնել միմյանց «չհավանող» գյուղերի բնակիչներին
«Կինոակումբի ձայնը» ծրագրի իրականացումը, որպես տարբեր բնակավայրերի երիտասարդների համախմբման գաղափար, պատկանում է Սարապատ համայնքի կենտրոն համարվող Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, 26-ամյա Նոնա Մաթևոսյանին: Նախաձեռնության մասին պատմել է «Հետք»-ը, նշելով, որ թեև 2016թ. հոկտեմբերին Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 15 համայնքներ միավորվեցին Սարապատ փնջում, սակայն ոչ բոլոր համայնքների բնակիչներն են միմյանց նկատմամբ դրական տրամադրված եղել:
«Հակամարտող» գյուղերից հատկապես Ցողամարգի և Թորոսգյուղի միջև եղած մրցակցությունը, նույն այդ գյուղերի բնակիչների հավաստմամբ՝ ունի բավական խորը արմատներ: Հայրերից զավակներին, զավակներից թոռներին փոխանցվող մրցակցային տրամադրություններն իրենց զգացնել տվեցին նաև համայնքների խոշորացման գործընթացից առաջ, երբ որոշվում էր ձևավորվող փնջի կենտրոնն ու առաջադրվող թեկնածուների ցանկը:
«Այս երկու գյուղերը մրցակցում են ամեն ինչում՝ ու՞մ դպրոցն է ավելի լավը, որ գյուղի բնակիչներն են ավելի շնորհքով, որ գյուղից կան ավելի շատ ճանաչված մարդիկ և այլն»,-ծիծաղելով բացատրում է «Կինոակումբի ձայնը» ծրագրի համակարգող Արփինե Նիկոլյանն, ով Ցողամարգի բնակիչ է: Ծրագրի ղեկավարը՝ Նոնա Մաթևոսյանը Թորոսգյուղի բնակիչ է, աղջիկները մտածել ու հանգել են մտքին, որ տարիներով արմատացած կարծարատիպերը կոտրելը պետք է սկսել հարևան գյուղերի երիտասարդներին համախմբելուց: «Մտածեցինք, որ լավագույն տարբերակը համատեղ անցկացվող միջոցառումներն են, այդ թվում՝ կինոդիտումները»,-ասում է Նոնա Մաթևոսյանը:
Վերջինս 2014թ-ին, երբ Թորոսգյուղն առանձին միավոր էր և ինքնուրույն համայնք, իր երկու ընկերների հետ հաջողությամբ իրականացրել էր «Կինոակումբի» նախագիծը փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: «Մտածեցինք, որ կարող ենք ծրագիրը ընդլայնել և ընդգրկել ևս մի քանի համայնք»,- ասում է Նոնան: Թորոսգյուղի նախաձեռնող խմբի և Ցողամարգում գործող «Համայնք հանուն խաղաղության և զարգացման» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում 2017թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվեց «Կինոակումբի ձայնը» ծրագիրն արդեն 4 բնակավայրերի՝ Թորոսգյուղի, Ցողամարգի, Գոգհովիտի և Արփենիի երիտասարդների համար:
«Մեր նպատակն է այս ծրագրով նպաստել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գյուղական կյանքի աշխուժացմանը,- բացատրում է Նոնան,- Թորոսգյուղի հաջողված փորձը, մեր համագյուղացիների ոգևորվածությունը ստիպեց մտածել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու մասին: Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, համատեղ միջոցառումներ են եղել ու հարևան գյուղերի երիտասարդները սկսել են արդեն ճանաչել միմյանց, մտերմանալ: Ստեղծեցինք, կարելի է ասել, քննարկումների, երիտասարդներին հետաքրքրող ժամանցային միջոցառումների անցկացման հարթակ»:
Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Ա. Դ. Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնի տրամադրած փոքր ենթադրամաշնորհի շնորհիվ:
Երանուհի Սողոյան, «Հետք»
Դիտումների քանակը` 2703