Արմինե Հովհաննիսյան. «Եթե բոլորս մայրական հոգատարությամբ վերաբերվենք համայնքին, կունենանք մեր երազանքի համայնքը»
WomenNet.am -ի զրուցակիցն է՝ Դիլիջան խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը: Արմինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի նախագահն է: Ամուսնացած է, ունի մեկ որդի:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք թվով 6 համայնքների համամասնական ընտրություններում Արմինեն միակ կինն է, ով զբաղեցնում է քաղաքական ուժի նախընտրական ցուցակի առաջին համարը՝ հավակնելով Դիլիջանի համայնքապետի պաշտոնին: Դիլիջանում ավագանու ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայրենիք», «Ապրելու երկիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն» կուսակցությունները։
–Ի՞նչն է Ձեզ միավորում «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ի՞նչն է խթան հանդիսացել միանալու հենց այդ քաղաքական ուժին:
– Ինչպես հայտնի է , 2020թ.-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, 4000-ից ավելի ընտրող ունեցող և խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով: Սա նշանակում է, որ խոշորացված համայնք հանդիսացող Դիլիջանում էլ ուղիղ մասնակցությամբ այլևս հնարավոր չէր մասնակցել ընտրություններին և ընտրապայքարի մեջ մտնելու համար պետք էր ընդգրկվել որևէ կուսակցության ցուցակում: Մեր թիմի անդամներից մի քանիսը «Ապագա հայկականը» նախաձեռնության անդամ ենք հանդիսանում (հիմնադիր Ռուբեն Վարդանյան –խմբ.): Նախաձեռնությունը օգոստոսի 2-ին քաղաքական ուժերին գործընկեերության առաջարկ էր արել և այդ առաջարկին անմիջապես արձագանքել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Հաշվի առնելով, որ մեր նախաձեռնության ու նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության տեսլականները համընկնում են մի շարք առանցքային հարցերում, մասնավորապես, կրթության և գիտության զարգացման հարցում, որոշեցինք միանալ հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը:
–Ե՞րբ և ինչպե՞ս եք կայացրել Դիլիջանի համայնքապետի թեկնածություն առաջադրելու որոշումը:
– Անկեղծ ասած, շատ դժվար ու պատասխանատու որոշում էր… Ծնունդով դիլիջանցի եմ ու պաշտում եմ իմ ծննդավայրը: Սիրում եմ իմ համայնքն ու վերաբերվում նրան այնպես, ինչպես իմ ընտանիքին: Միշտ երազել եմ մեր համայնքի բնակիչներին տեսնել անհոգ: Յուրաքանչյուր քայլս ուղղված է եղել Դիլիջանի հարուստ մշակույթն ու լավագույն ավանդույթները պահպանելուն: Աշխատանքի բերումով ամեն օր շփվել եմ բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրների մասին, քննարկել, որոշ դեպքերում նաև բնակիչների հետ համատեղ լուծումներ տվել այդ խնդիրներին… Տարիների աշխատանքի ընթացքում ձևավորվել է մտահոգ քաղաքացիների մի թիմ, որն էլ առաջադրել է իմ թեկնածությունը: Պատասխանատվության բարձր գիտակցումով որոշեցի համաձայնվել…
-Որո՞նք եք համարում այն երեք առաջնահերթությունները, որոնց լուծմամբ զբաղվելու եք ընտրվելու դեպքում:
-Խնդիրները շատ են, որպես կարևորագույն երեք առաջնահերթություն կառանձնացնեմ՝ քաղաքաշինության, տուրիզմի և զբաղվածության ոլորտները:
Տավուշում գործազրկության մակարդակը բավականին բարձր է: Մեր նպատակն է նպաստել գիտելիքահեն համայնքի ձևավորմանը՝ ստեղծելով կրթական տարբեր հնարավորություններ, հզորացնելով և ներգրավելով համայնքի յուրաքանչյուր բնակչի ներուժը: Մենք ուզում ենք խրախուսել շարունակական կրթությունը, որպեսզի մարդկանց համար ընդունելի դառնա այն միտքը, որ ցանկացած տարիքում կարելի է սովորել, ձեռք բերել նոր հմտություններ, դառնալ աշխատաշուկայում մրցունակ ու ֆինանսապես կայուն:
Մասնավորի, նոր գործընկերությունների ձևավորման արդյունքում հիմնելու ենք արտադություններ, ունենալու ենք գյուղմթերքի շուկա: Դիլիջանի կազմում այսօր կա 6 գյուղական բնակավարյր, որտեղ գյուղացին գյուղմթերքի իրացման խնդիր ունի: Փորձելու ենք ակտիվացնել նաև Դիլիջանի անտառների բերք ու բարիքի հավաքման ու վերամշակման գործընթացը: Հիմնելու ենք հարթակ՝ վերնիսաժ՝ համայնքի արվեստի ու արհեստի գործերի հանրայնացման համար:Խրախուսելու ենք փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը համայնքում:
Շատ եմ ուզում, որ Դիլիջանը վերականգնի նախկին՝ առողջարանային քաղաքի համբավը: Դիլիջանը նաև տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Դիլիջանը դառնա Հայաստանի այցեքարտը ու հետաքրքիր լինի ցանկացած տարիքի ու ոլորտի զբոսաշրջիկների ու այցելուների համար:
Քաղաքաշինության առումով նախատեսել ենք մշակել Դիլիջանի գլխավոր հատակագիծը, ըստ որի էլ առաջիկա հինգ տարիներին զարգացնելու ենք մեր համայնքը՝ դարձնելով այն բնակիչների երազած Դիլիջան, որտեղ լուծված են լինելու բարեկարգման, ջրամատակարարման, ճանապարհային ու այլ կենսական խնդիրներ:
–Ովքե՞ր են Ձեր ընտրողները, ինչո՞ւ պետք է դիլիջանցին ընտրի հենց Ձեզ:
-Կարծում եմ, որ մեզ ընտրողները լինելու են նրանք, ովքեր տարիներ շարունակ ականատեսն են եղել մեր թիմի անդամների և անձամբ իմ կողմից կատարված աշխատանքների: Մեր օգտին կքվեարկեն նրանք, ովքեր սրտացավ են համայնքի զարգացման համար և վստահ, որ մեր թիմի հետ միասին Դիլիջանը զարգանալու է առաջանցիկ տեմպերով, դառնալու է գիտական, կրթական ու ժամանցային միջոցառումների ամենացանկալի ու գրավիչ վայրերից մեկը։
–Ո՞րն է Ձեր նախընտրական ծրագրի հիմնական ուղերձն ու կարգախոսը:
-Մենք հանձնառու ենք կերտելու «Ապրելու Դիլիջան», պատասխանատվության բարձր գիտակցումով ամբողջ թիմն է լծվելու «Ապրելու Դիլիջան» ստեղծելու ու զարգացնելու գործին: Մենք չենք ասում, որ Դիլիջանը հիմա ապրելու տեղ չէ, ասում ենք, որ այն կարող է դառնալ վայր, որտեղ կցանկանան գալ, ապրել ու արարել շատ-շատերը:
–Ինչպիսի՞ նախընտրական պայքար եք ակնկալում, ի՞նչ մարտահրավերներ տեսնում Ձեզ համար և որքանո՞վ եք պատրաստ դիմագրավել դժվարություններին, այդ թվում տղամարդկանց կողմից թելադրվող խաղի կանոններին:
-Դիլիջանը շատ փոքր համանք է և կյանքի ընթացքում ես իմ աշխատանքով ցույց եմ տվել, որ ամենակարևորը հաշտության և համերաշխության մթնոլորտն է համայնքում: Հետևաբար, ակնկալում եմ, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընտրապայքարին մասնակից հինգ քաղաքական ուժերի հետ միասին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման մթնոլորտում կներկայացնենք մեր ծրագրերն ու մեր տեսլականը:
–Ո՞վքեր են Ձեր թիմի անդամներն ու աջակիցները:
-Ես պատիվ ունեմ այսօր գլխավորելու այն թիմը, որտեղ թիմի անդամներից յուրաքանչյուրը փորձառու մասնագետ է իր ոլորտում: Մեզ աջակցում են Դիլիջանի ապագայով մտահոգված բոլոր բնակիչները:
–Կնպաստի՞ արդյոք համամասնական ընտրակարգը համայնքներում կանանց ակտիվացմանն ու դերակատարման բարձրացմանը: Կառաջադրվեի՞ք որպես համայնքապետի թեկնածու, եթե ընտրությունները կայանային մեծամասնական ընտրակարգով:
-Մեզ համար կանանց մասնակցությունը օրենսդրական քվոտայի պահանջ չէ: Մենք հարցին նայում ենք բովանդակային մասով: Մեր թիմի նախընտրական ցուցակում ներկայացված է 23 անձ, որից 10-ը՝ մոտ 40 %-ը, կանայք են: Կանանց պատկառելի նեգրավվածությունը խոսում է համայնքի նկատմամբ մեր յուրահատուկ հոգատարության և նվիրվածության մասին: Մենք գտնում ենք, որ կանայք այսօր կարող ուժ են, կարող են ողջամիտ որոշումներ կայացնել: Կանայք կարող են այնպես հոգալ իրենց համայնքի մասին, ինչպես հոգում են իրենց ընտանիքների, իրենց երեխաների մասին:
Ինչ վերբերում է իմ առաջադրմանը, ապա մեծամասնականի դեպքում ևս կառաջադրեի իմ թեկնածությունը, որովհետև ես ուզում եմ փոփոխություններ բերել իմ համայնքում:
–Ինչպե՞ս կբնութագրեք կանանց դերակատարումը Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում և ի՞նչ խնդիրներ եք տեսնում դրա հետ կապված:
-Սովորաբար շատ դժվար է կոտրել կարծարտիպերը: Տղամարդիկ երբեմն թերահավատորեն են նայում և չեն ուզում ընդունել, որ կանայք էլ կարող են լինել լավ կառավարիչներ… Մենք այսօր ԱԺ-ում ունենք կին պատգավորներ, մեկ կին նախարար ունենք, բայց պետք է, որ կանայք շատ ավելին լինեն, պետք է նրանց ավելի շատ պորտֆելներ վստահել: Շատ ավելի ակտիվ պետք է լինի կանանց մասնակցությունը պետական կառավարման մակարդակում:
–Որո՞նք են լինելու Ձեր քայլերը՝ ուղղված կանանց ակտիվացմանը և համայնքի կյանքում նրանց մասնակցության ընդլայնմանը:
– Մենք սեփական օրինակով ենք խրախուսելու կանանց ներգրավվածությունը: Այն փաստը, որ մեր կուսակցական թիմում կանայք պատկառելի թիվ են կազմում, կարծում եմ, արդեն իսկ խրախուսող հանգամանք է շատ կանանց համար: բացի այդ կառույցը, որը ես տնօրինում եմ («Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն- խմբ. ), իրականացրել ու իրականացնում է կանանց հզորացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր, որոնք այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:
–Ձեր խորհուրդը կանանց...
-Հավատացեք ձեր ուժերին, դուք կարող ուժ եք, որովհետև դուք եք ընտանիքի հիմքը և համայնքն այսօր նույնպես յուրաքանչյուրիս ընտանիքն է: Եթե բոլորս մայրական հոգատարությամբ վերաբերվենք համայնքին, ապա կունենանք մեր երազանքի համայնքը:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2248