«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »

«Հայոց թագուհիներ». Ֆիլմ կանանց մասին` տղամարդկանց համար 

 

Հայ կանայք ինչպես կան. հայ կանայք թագուհի, թե՞ ստրկուհի, հպա՞րտ, թե նվաստացած, ավանդապահ, թե՞ առաջադեմ, ինքնուրույն, թե՞ ենթակա. Հարցեր, որոնց պատասխանները իր «Հայոց թագուհիներ» ֆիլմով հասարակությանն է ներկայացնում ռեժիսոր Տիգրան Խզմալյանը` առաջարկելով իր դեղատոմսը:  Երկմասանոց, եռալեզու ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` Լոս-Անջելեսում: Այս տարվա հունվարին ֆիլմի պրեմյերան կայացել է նաև  Հայաստանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Մայիս ամսին ֆիլմը ցուցադրվելու է Սան Ֆրանցիսկոյում, նաև հայ համայնքի համար: Ֆիլմ, որ նաև հենց ռեժիսորին փոխեց, հույս ունի, որ կսրբագրի հանրության մեջ հայ կանանց վերաբերյալ պատկերացումները: Եվ, ինչպես ինքն է ասում, հայկական հեռուստաեթերով ցուցադրվելու հնարավորություն իրեն չի ընձեռվում` մտադիր է կազմակերպել նաև մարզային ցուցադրություններ:  Ռեժիսորի հետ հարցազրույցը ներկայացնում է « Առավոտ.ամ»-ում   «Հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնությունը : 

 

 

 

Ինչպե՞ս ծնվեց ֆիլմը:

 

-Իմ ֆիլմերը նվիրված են հիմնականում հայոց պատմությանը, մշակույթին: 2010-ին Տիգրան Մեծի 2150-ամյակի շրջանակներում նկարահանեցի «Տիգրանակերտ» ֆիլմը, որը համընկավ Արցախում Տիգրանակերտի պեղումների հետ: Վավերագրական մի փոքր ակնարկ Արցախի Տիգրանակերտի պեղումների մասին, որը վերաճեց ֆիլմի` նվիրված Տիգրան Մեծի պատմությանը, նրա կենսագրությանը, բանակաշինությանը, պետության ստեղծմանը: Ինչ-որ պահի անդրադառնալով մեր պատմությանը, նկատեցի, որ մեր մշակույթի, պատմության մեջ զարմանալիորեն բացակայում են կանայք: Եվ դա սկիզբն էր:

 

Միտում ե՞ք տեսնում, որ մեր պատմության մեջ կանանց սրբագրել են

 

-Այո, կարծում եմ, որ հայ տղամարդիկ ուրացել են կնոջը: Համեմատելով այլ մշակույթների հետ՝ հեշտությամբ կարող ենք տեսնել, որ հույները նվիրեցին աշխարհին աստվածուհիների, հերոսուհիների, թագուհիների մի ամբողջ աստղաբույլ: Հին հրեաները պաշտում էին իրենց կանանց, նույն կերպ էին վարվում վրացիները: Ֆրանսիան անհնար է պատկերացնել առանց Ժաննա դ,Արկի կամ Մարիանայի: Մեզանում հետաքրքիր պատկեր է ստացվել, հայկական դիցաբանության մեջ պատկերված է վավաշոտ ասորուհին` Շամիրամը, իսկ Նվարդը ստվերում է: Եթե պատմությունը հիշատակում է հայ թագուհի կամ իշխանուհի, կամ հայ կին, ապա կամ դավաճան Ալմաստն է, կամ խեղաթյուրված ներկայացված Փառանձեմ թագուհին: Հատկապես մեր մեծագույն թագուհու` Փառանձեմի, մասին ստեղծվել է չափազանց թյուր, աղճատված կարծիք, որը հիմնականում ներկայացվում է, որպես Արշակ Երկրորդի կնոջ` Օլիմպիայի, հնարավոր թունավորող, ինչը խայտառակ սուտ է: Ինձ պարտավորված զգացի հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես, չկայի՞ն այլ թագուհիներ: Հասկացա, որ խնդիրը թագուհու կերպարի մեջ չէ: Ուսումնասիրելով հայ կնոջ կերպարը պատմության մեջ, ես բացահայտումներ արեցի և կարող եմ փաստել, որ մեր պատմության ընթացքում հայ տղամարդիկ ուրացել են հայ կնոջը:

 

Հայ տղամարդիկ ինչո՞ւ են ուրացել հայ կնոջը:

 

-Պատմությունը գրում են հաղթողները, պատմությունը հեղինակել էին տղամարդիկ, հատկապես վանականները: Մեր պատմությունը արական պատմություն է: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ մեր մեծագույն թագուհին նկարագրվում է վհուկ, մարդասպան, հեթանոս, իսկ հայ կնոջ վեհությունը գրեթե չի արտացոլվում պատմության մեջ: Իսկ Փառանձեմի սխրանքը չգիտեն, նրա սարսափելի մահվան յուրահատկությունները, որևէ այլ ողբերգության հետ անհամեմատելի է, նրան սպանեցին՝ ոչնչացնելու համար Արշակունիների տոհմը, նվաստացնելու հայ ժողովրդին:

 

Հայ կանանց իմաստնության, խելքի կամ գործունեության ի՞նչ ակնառու օրինակներ են տալիս օտարների պատմությունը

 

-Օրինակներ շատ կան: Քչերը գիտեն, որ Ռուսաստանը քրիստոնեություն է ընդունել Աննայի շնորհիվ, որը ռուսական բոլոր հեքիաթների գլխավոր հերոսուհին է`Վասիլիսան, որը նշանակում է պարզապես արքայադուստր, իսկ Աննան Բյուզանդիայի մակեդոնական կամ հայկական արքայատոհմից /դինաստիա/ էր. նա ամուսնանում է Վլադիմիրի իշխանի հետ, նա էլ ընդունում է քրիստոնեությունը: Ռուսները գիտեն, սակայն լռում են, սակայն ինչո՞ւ ենք լռում մենք: Աննայի խորթ քույրը՝ Թեոֆանան, գերմանական կայսրության առաջին կայսրուհին էր, Օտտո երկրորդի կինը, որը կյանքի օրոք արժանացավ գերմանական կայսրուհու տիտղոսին: Նրան համարում են առաջին եվրոպուհին, ով, ունենալով բյուզանդական կրթություն`գիտակցեց եվրոպացիներին միավորելու անհրաժեշտությունը: Կարելի է ասել դրեց «ԵՄ-ի հիմքը»: Քսենոֆոնի Կյուրոպեդիայում ներկայացվում է հայ արքայադուստր Զարուհին, ով Տիգրան Երվանդունու կինն էր: Նա Պարթևստանում գտնվում է գերության մեջ, թեև Զարուհու գերությունը կարճ է տևում: Պետք է ընդգծել, որ Տիգրանը պատրաստ էր իր կյանքը զոհաբերել հանուն կնոջ ազատության և հենց դրան ի պատասխան՝ Զարուհին ասում է, որ չի նայել որևէ տղամարդու դեմքին, բացի նրա` ով իրեն ստրուկ չտեսնելու համար պատրաստ էր իր կյանքը տալ: Ահա այսպիսին էր մեր թագուհին, և մեր թագուհիներին չներկայացնելն ու անտեսելը ազգային խայտառակություն է: Օտարերկրյա պատմիչները, հեղինակները հայ կանանց ավելի բարձր են դասել, քան մեր սեփական պատմիչները:

 

Կանանց կերպարների ընդգծումը պատմության մեջ, պատմական ժամանակաշրջանում կանանց դերի կարևորումը ազդո՞ւմ է հետագայում հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման վրա:

 

-Անշուշտ, չմոռանանք, որ վրաց Շուշանիկ և Թամար թագուհիների բարձրացումը, ազդել է վրաց հասարակության մեջ կանանց դերի վրա: Ի դեպ, այս կանայք կիսով չափ հայկական ծագում ունեին: Հայ կանանց օտարազգիներն ավելի են գնահատում, քան մենք: Չմոռանանք նաև, որ ազատության խորհրդանիշը շատ անգամ ներկայացվում է կնոջ տեսքով՝ ինչպես Մարիաննայի կերպարը Ֆրանսիայում, կամ ԱՄՆ-ում Ազատության արձանը:

 

Իսկ ինչպիսի՞ն էր իրավիճակը 19-րդ դարից հետո

 

-19-րդ դարի վերջին և 20-րդ դարի իրադարձություններում հայ կանայք կատարում էին կարևորագույն դեր հատկապես ազատագրական պայքարում, հետաքրքիր է, որ պատմությունը հայ կնոջը պատկերում էր միայն բռնաբարված օրիորդի կամ որդեկորույս մոր տեսքով: Մինչդեռ գտել եմ բազմաթիվ արխիվային լուսանկարներ, որոնք պատկերում են զինված հայ կանանց: Անգամ զինված, երիտասարդ և գեղեցիկ Սոսեի պատկերն է շրջանառությունից դուրս եկել, մնացել է սևազգեստ, գլխաշորով, ակնոցով Սոսեի լուսանկարը: Շրջանառությունից հանվել է նրա պայքարող նկարը: Հայ տղամարդիկ 19-րդ դարում էլ, նաև հետո շարունակում են դավադրությունը կանանց հանդեպ.շարունակվում է ուրացումը:

 

-Եթե ավելի հեռվից գանք, երբ մայրիշխանությունը փոխվել է հայրիշխանությամբ. Կանայք դիրքերը զիջե՞լ էին

 

-Կարելի է այդպես ասել: Մարդկության պատմության մեջ եղել է Ոսկեդար, որը բնորոշվում է խաղաղ, բարգավաճ շրջանով, երբ պատերազմներ չեն եղել, մարդիկ ապրել են խաղաղության մեջ: Հետազոտություններն ապացուցում են, որ Ոսկեդարը հենց մայրիշխանության շրջանն էր: Մայրիշխանությունը կյանքի աշխարհայացք էր, երբ մարդիկ պաշտում էին կնոջը որպես կյանքի աղբյուր, մինչև հիմա էլ որոշ ժողովուրդների մոտ պահպանվել է մայրիշխանությունը, որտեղ ցեղի գլխավորը կինն է: Մայրիշխանության դրսևորումներ կան նաև կենդանիների շրջանում. ակնհայտ օրինակ են մեղուները, երբ Մայր մեղուն է ծնող-սնուցողը: Իսկ հայրիշխանությունը արդեն բնորոշվում է որպես ուժի, բռնության իշխանություն. Դա մահվան կրոն էր:

 

 –Ինչպիսի՞ն էր հայ կնոջ դերը

 

-Ավանդական ընտանիքներում կնոջ դերը կարևոր էր: Այժմ էլ կարևոր է. շերեփը հայ կանանց մոտ է, սակայն հայ կանայք այնքան խելոք են, որ դա թաքցնում են: Հիշենք, որ միջնադարում` մինչև ցեղասպանություն, տղամարդիկ կրեցին պարտություն` զիջելով երկիրը զավթիչներին: Մենք պետք է հասկանանք նաև, թե ինչո՞ւ տեղի ունեցավ ցեղասպանությունը: Ասեմ, որ հայ կինը ազգի ամենաազատատենչ մասն էր կազմում: Տղամարդիկ, լինելով տնտեսապես ներքաշված Օսմանյան կայսրության կյանքում` ստիպված էին ընդունել լեզուն, սովորույթները, փոփոխում էին ազգանունները, հագուստն էին փոխում, oրինակ ֆես էին կրում և այլն: Ոչ մի հայ կնոջ չես տեսնի թուրքական ազգային տարազ հագած, միայն հայկականը, հայ մայրերը շարունակում էին խոսել հայերեն, երեխաներին հեքիաթներ էին կարդում, երգում էին, պաշտպանում էին մեր արվեստն ու մշակույթը: Կանայք պահեցին ազգը և ազգային մշակույթը, տղամարդիկ շատ հեշտ ինտեգրվեցին և տղամարդիկ, չկարողանալով պաշտպանել կնոջը, երեխային, երկիրը, իրենց ներքին ցասումը թափեցին ամենախոցելի օղակի` կնոջ գլխին:

 

Այս շրջանում ի՞նչ փոխվեց

 

-Կնոջ պաշտամունքը փոխարինվեց թուրքերի կողմից խրախուսվող ադաթի, նամուսի սովորույթներով: Անգամ հայկական առաջին ֆիլմը կոչվում է «Նամուս», որտեղ կինը դառնում է տղամարդկանց բարդույթների, պատկերացումների, ստի և դավաճանության զոհը, բոլորը գիտակցում են, որ նա անմեղ է, սակայն նամուսը թույլ չի տալիս որևէ բան ուղղել, իսկ դա մահմեդական մշակույթ է, որ մերոնք յուրացրել են, հայ կինը իրավունք չի ստանում լինել անկեղծ, սիրել և սիրվել, զրկվում է որոշ իրավունքներից: Արևմտյան Հայաստանի այն վայրերում, որտեղ կանայք կայուն էին` Վանում, Սասունում, Զեյթունում, կարողացան պաշտպանություն կազմակերպել, իսկ այն վայրերում, որտեղ օտարել էին կանանց` չկարողացան պաշտպանվել: Հայ տղամարդիկ շարունակում են վախենալ հայ կնոջ խելքից, գեղեցկությունից, հայ կնոջ կրթությունից, կինը, որը դուրս է գալիս կաղապարից, վախեցնում է:

 

Իսկ մերօրյա կանանց և՞ս մերժում են

 

-Այս օրերին հաճախ եմ հայտնվում քաղաքացիական դիմադրության շարքերում, մեր շուրջ կանայք են, կանայք ընդդիմանում են թե ոստիկաններին, թե օլիգարխների վարձկաններին:

 

Ինչո՞ւ են հիմնականում կանայք

 

-Առանցքում ազգային արժանապատվությունն է, որի, երբեմն, միակ կրողը կանայք են. տղամարդիկ հեշտ են հանձնվում, զիջում են արժանապատվությունը, սակայն կանայք չեն զիջում: Կանանց կարող են ջարդել, սպանել, բայց նրանք չեն թողնում իրենց արժանապատվությունը: Մեր երկիրը կշահի, եթե բարձրագույն իշխանական օղակներում կանայք լինեն: Ես կարծում եմ, որ մեր փրկությունը կանանց ձեռքում է:

 

Ձեր ասելիքը այս ֆիլմով:

 

-Դա ֆիլմի ենթավերնագիրն է` հերոսուհիներից մեկի խոսքերը. «Հայ կինը ծնվում և դաստիարակվում է որպես թագուհի, սակայն ապրում և մեռնում է ինչպես ստրուկ»: Ասեմ նաև, որ ես ֆիլմում երեք կանանց եմ առանձնացնում: 20-րդ դարի հայ կանանց խորհրդանիշն են գրող Զապել Եսայանը, Հայոց առաջին կին դեսպան Դիանա Աբգարը և Սոսեն: Տարբեր կանայք, ովքեր եռապատում են կազմում` 20-րդ դարի հայ կնոջ փայլուն կերպար ներկայացնելով: Ասելիքս է՝ ցանկացած հայ կին` նաև թագուհի է:

 

 

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Աղբյուրը՝ Առավոտ 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

 

«Հայոց թագուհիներ». ֆիլմի թրեյլերը եւ հատվածներ սցենարից

 

Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 5840

Գլխավոր էջ