«Կույր մի՛ եղեք». արցախցի կանանց ու մայրերի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

 

Այսօր Միացյալ ազգերի կազմակեպության (ՄԱԿ) երևանյան գրասենյակի դիմաց հավաքվել էին Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով Երևան տեղափոխված արցախցի կանայք և երեխաները, ում ամուսինները, հայրերը, որդիներն ու եղբայրները դիմակայում են Ադրբեջանի ագրեսիային առաջնագծում:

 

 

Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ–ից պահանջում էին կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան։ Հավաքվածները ձեռքներին պաստառներ ունեին, որոնց վրա անգլերեն և ռուսերեն գրված են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը. «Կույր մի՛ եղեք», «Ճանաչե՛ք Արցախը», «Ահաբեկչությունն արդեն ձեր քթի տակ է», «Լռությունը բռնություն է»,  «Մենք խաղաղությո՛ւն ենք ուզում»:  Ակցիայի նախաձեռնողներից  մի կին` Իրինա Սաֆարյանը, հայտնեց, որ նամակ են պատրաստել, որը փոխանցելու են Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպման ժամանակ:  

 

«Ուզում ենք լսելի դարձնել մեր ձայնն ամբողջ աշխարհին, որպեսզի աշխարհը չլռի։ Այն, որ միջազգային կազմակերպությունը չեզոք կոչեր են անում, հասկանում ենք, որ այստեղ խոսում են շահերը, մարդասիրական ոչ մի բան չի մնացել։ Ամեն դեպքում, մենք չենք կորցնում հույսներս, որ արդարությունը կհաղթի։ Այս պահին մեր միակ միջոցը, որ կարող ենք անել, չլռելն է, որպեսզի միջազգային հանրությունը վերջապես իրենք բացի աչքերը և սկսի խոսել»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, Արցախում քաղաքացիական օբյեկտները, քաղաքներն ու գյուղերը հրետակոծության տակ են, մարդիկ նույնիսկ ապահով չեն զգում ապաստարաններում։  «Արդեն չորրորդ շաբաթն է պատերազմի, ահաբեկչության, որն իրականցվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և մենք չենք տեսնում միջազգային հանրության արձագանքը։ Ոչ մի խիստ պատիժ այս մղձավանջը կանգնեցնելու համար»,- ասաց Իրինա Սաֆարյանը՝ նշելով, որ հավաքի մասնակիցների միակ պահանջը պատերազմը կանգնեցնելն է։

 

 

ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անող արցախցի կանանց միացան նաև հայաստանցիները։ Հազարից ավել մարդիկ Երևանի կենտրոնում իրականացված քայլերթով եկան ՄԱԿ գրասենյակ ու միացան արցախցի կանանց։ Բոլորը միասին սպասում էին  ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպմանը՝ ակնկալելով, որ նա գնա  Արցախ, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում, արձանագրի ու ներկայացնի միջազգային հանրությանը։

 

 

 

Ինչպես ավելի ուշ հայտնեց Իրինա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում, ցույցի արդյունքում իրենց  հաջողվեց հանդիպել ՄԱԿ հայաստանյան ծրագրերի համակարգող Շոմբի Շարփի հետ։

 

 

«Ցույցը և հանդիպումը ուներ հատուկ նպատակ՝ ներկայացնել իրավիճակն Արցախում հենց այն մարդկանց կողմից որոնք հասել են Երևան առաջնագծից, նկուղներից, արկերի տակից, բառիս բուն իմաստով սպրդելով Արցախի ռմբակոծվող գյուղերից և քաղքներից, նույնիսկ խոսքիս մեջ ասացի, որ մեջքիս հետևում գտնվող կարմիր պայուսակս միակ բանն է, ինչ կարողացա ինձ հետ վերցնել Երևան գալուց։

 

Նշեցինք, որ Արցախի տարբեր շրջաններից եկած կանայք ենք, որոնք անմիջական առնչություն ունեն պատերազմի հետ, որոնք իրենց հետևում թողել են հայր, ամուսին, եղբայրներ առաջնագծում և ամեն մեկը իր օրինակով կներկայացնի այն ահաբեկչական գործողություններն, որոնք իրականացվում են Թուրքիա-Ադրբեջան մարդասպան տանդեմի կողմից, ոչ թե լուրերից, այլ հենց անմիջապես մեր ականատեսների կողմից», – տեղեկացրել է Սաֆարյանը ՝ ներկայացնելով նաև Շոմբի Շարփի հետ կայացած զրույցի որոշ մանրամասները։

 

 

Հարց . Ինչու չեք այցելում Արցախ և ձեր գլխամասային գրասենյակին ներկայացնում այնտեղ տեղի ունեցող վայրագությունները, սկսած խաղաղ բնակչության ռմբակոծումից մինչև հաշմանդամ երեխայի սպանություն և գերիների գնդակահարություն։

 

 

-Ես իրավասու եմ ՀՀ տարածքում տեղի ունեցածի համար, Արցախի սահմանները չեն մտնում իմ իրավասության տակ և ըստ այդմ ինձ չի թույլատրվում գնալ Արցախ, հակառակ դեպքում առաջին իսկ հնարավորոթւյան դեպքում կլինեի այնտեղ։

 

 

Հարց. Դուք խոսում եք ՀՀ և Արցախի սահմանների մասին այն պարագայում, երբ մենք ակնհայտորեն գործ ունենք ահաբեկչության հետ։ Ինչ սահմանների մասին կարելի է խոսել, եթե 1000-որ անմեղ մարդիկ են մահանում։ Արդյոք սահմաններն են որոշում և կանգ առնում ՄԱԿ-ին իր գլխավոր գործառույթից՝ այն է խաղաղություն հաստատել, կանխել ահաբեկչությունը և պատերազմը։ Չեք կարծում, որ ՄԱԿ վաղուց արդեն սպառել է իրեն և այսօր Արցախի պարագայում նույնպես լուռ մնալով նա վերջնականապես արժեզրկում է իրեն։ Չեք կարծում, որ եթե այսօր էլ լռեք, ապա վաղը ձեր կառույցը մեկ կոպեկ անգամ արժեք չի ունենա։ Արդյոք դրա համար էր ստեղծվել ՄԱԿ-ը։

 

 

-Ճիշտ եք ասում։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ սահմանները ոչինչ են, եթե մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Ես ձեզ մարդային առումով հասկանում և կարեկցում եմ։ ՄԱԿ հայաստանյան գրասենյակը պատրաստ է առաջարկել իր հումանիտար օգնությունը ՀՀ-ում գտնվող բոլոր արցախցիներին, որոնք ունեն դրա կարիքը։

 

 

Հարց. Մեր պահանջն այն է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում նստած մեկը ունենա կարեկցելու և հասկանալու այն մարդկային հատկանիշները, ով կկարողանա խոսքերից անցնել գործի։ Հումանիտար օգնության համար շնորհակալ ենք իհարկե, բայց մենք այսօր հումանիտար օգնության խնդիր չենք բարձրացում, քանի որ ունենք մեր մեջքին Հայաստան և Սփյուռք։ Մենք ձեզնից պահանջում ենք խաղաղություն հաստատել մեր երկրում։ Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները և այնտեղ ապրել խաղաղ ու հանգիստ։

 

 

-Ես հասկանում եմ ձեզ, հավատացեք, որ անում ենք ամեն հնարավոր բան, հումանիտար խողովակ բացելու և Արցախ հասնելու համար։ Այսօր աշխատում ենք հենց այդ ուղղությամբ։

 

 

Իրինա Սաֆարյանի տեղեկացմամբ,  հանդիպման ավարտին նամակ ներկայացրեցին, որում ամփոփված են  իրենց բոլոր պահանջները՝ ցույցի մասնակից կանանց ստորագրություններով։ «Սպասում ենք ՄԱԿ-ի այսօրվա նիստին և պրն Շարփի անձնազոհ ջանքերին։ Հակառակ դեպքում պայքարը շարունակվելու է….»,- եզրափակել է  Իրինա Սաֆարյանը։

 

Դիտումների քանակը` 1042

Գլխավոր էջ