Գայանե Խաչատրյանի «Apricot» -ը՝ նոր հույսերի և հնարավորությունների հարթակ
Դեռ երկու տարի առաջ մասնագիտությամբ տնտեսագետ Գայանե Խաչատրյանը Վանաձորից՝ ոգևորված իր հիմնադրած «Apricot» ՍՊԸ-ի արտադրանքի վաճարքից, որոշեց ընդլայնել տեսականին՝ ներգրավելով նոր աշխատակիցների: Նոր գաղափարի հիմքում հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելու ցանկությունն էր:
Գայանեի խոսքով Վանաձորում շատ մարդիկ կան, ովքեր թեև ունեն տեղաշարժման խնդիր, սակայն զուրկ չեն ստեղծագործական ձիրքից և մեծ պատասխանատվությունից, պարզապես նրանց տանից դուրս գալու հնարավորություն և առիթ է պետք: Կազմակերպության գլխավոր աշխատուժը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, ովքեր ունեն ձեռքի շնորհք և հասարակությանն օգտակար լինելու ձգտում:
Ամեն օր նրանք շտապում են աշխատանքի, արագ տեղավորվում են իրենց աշխատասեղանների շուրջ ու կենտրոնանում այս կամ այն զարդեղենի հղկման, մշակման վրա, մեկ-մեկ էլ կատակում են, ծիծաղում: Սա նրանց երկրորդ ընտանիքն է, որտեղ բոլորը հավասար են, հարգում են մեկմեկու և ընդունում վարպետի խորհուրդն ու նկատողությունը:
Գայանեն պահանջկոտ է, բայց ոչ խստապահանջ.
-Իմ նպատակն է աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Հայկական էսքիզներով ձևավորված փայտե հուշանվերներ, արծաթյա զարդեր, ահա այն տեսականին, որոնք ստեղծվում են նրանց երևակայության և վարպետության շնորհիվ,- ասում է Գայանեն:
Սակայն «Apricot» -ի արտադրանքի տեսականին միայն հուշանվերներով ու զարդերով չի սահմանափակվում: Գայանեն իր աշխատանքում ներգրավում է նաև սահմանամերձ համայնքների կանանց, ովքեր սեզոնին հավաքում են հայկական դեղաբույսեր, որոնք էլ հետագայում սովորական թեյերին իրենց համային և բուժական հատկանիշներով գերազանցող ու նաև փայտե և կավե գեղեցիկ փաթեթավորմամբ մեծ պահանջարկ են վայելում շուկայում, հատկապես զբոսաշրջիկների շրջանում:
«Apricot» ՍՊԸ-ի բրենդի հաջողության գործում Գայանեն կարևորում է նաև գործընկերների՝ Վահե Դերձյանի և Ադա Էնֆիաջյանի ներդրումը, ովքեր իր հետ միասին ձևավորում են արծաթյա զարդերի և հուշանվերների նրբաճաշակ դիզայնը:
Գայանեի խոսքով Վանաձորում իրենց արտադրանքի պահանջարկը չկա, սակայն Երևանի քաղաքապետարանում, Հյուսիսային պողոտայում երբեմն կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառներում հաճախ կարելի է հանդիպել այցելուների ուշադրությունը գրավող «Apricot»-ի արտադրանքին: Իսկ երբ վաճառքը հաջող է անցնում, կարելի է նաև մոռանալ դրան հասնելու համար հաղթահարած բոլոր դժվարությունները: Իսկ դրանք քիչ չեն:
-Այն, ինչի հասել ենք, , հասել ենք առանց որևէ մեկի աջակցության՝ սեփական ուժերով, թեև նման առաջարկ չի էլ եղել: Վաճառքից ստացված շահույթը բավարարում է միայն հումքի, աշխատավարձի և տրանսպորտային ծախսերի վճարման համար: Պատահել է, որ վարկ եմ վերցրել աշխատավարձը վճարելու համար, ես չեմ կարող մարդկանց սպասեցնել տալ, այդ պահին պետք է տեսնել նրանց հպարտ ու կենսուրախ դեմքերը, որ կարողանում են ինչ-որ բանով օգնել իրենց ընտանիքներին, ինքդ էլ ես լավ զգում: Այդ վարկով նաև հումք եմ գնել, որ աշխատանքը կանգ չառնի: Հումքի՝ փայտի հայթայթումը նույնպես ծախսատար է, սակայն գտնվում են մարդիկ, ովքեր իրենց հողամասում կտրած ծառը բերում են մեզ, իմանալով թե ում և ինչի համար է: Ցանկանում եմ նոր սարքավորումներ ձեռք բերել, -ոգև որված շարունակում է Գայանեն, ում դեմքից ողջ զրույցի ընթացքում ժպիտն անպակաս էր…
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4106