Միացե՛ք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը պահանջող կոչին
Հայաստանի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ ու քաղաքացիական ակտիվիստներ հանդես են եկել ուղերձով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելու մասին: Հոկտեմբերի 20 -ին նախաձեռնության հեղինակները հանձնելու են ուղերձը Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներին՝ հորդորելով դիտարկել Արցախի Հանրապետության անկախության անհապաղ ճանաչումը որպես այդ տարածքում պատմականորեն բնակվող խաղաղ հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք: Ողերձը բաց է կազմակերպությունների և անհատների միանալու համար այս հղումով:
ՈՒՂԵՐՁ
Մենք՝ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստները՝
հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի ու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի N 30 ընդհանուր երաշխավորության շրջանակում հռչակված սկզբունքները՝ մարդու իրավունքների նորմերի և միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքի անհրաժեշտության, հակամարտությունների ժամանակ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության մասին,
ահազանգում ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում նպատակաուղղված թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց և երեխաներին:
Անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը՝ Ադրբեջանը կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինամթերք է կիրառում Արցախի բնակավայրերի վրա՝ առանձնահատուկ տառապանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Հանրապետության քաղաքների ու գյուղերի, բնակելի տների, դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների, մշակութային և հոգևոր արժեք ներկայացնող կառույցների անդադար հրետակոծությունները հանգեցնում են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների, տարեցների շրջանում բազմաթիվ զոհերի և վիրավորների:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տվյալների համաձայն հոկտեմբերի 17-ի դրությամբ սպանվել, այդ թվում դաժանաբար գնդակահարվել են սեփական տներում 36 խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 115-ը, որոնցից 95-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Լրջորեն վնասվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների թիրախում հայտնված ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ խիտ բնակեցված քաղաքներ և գյուղեր, ոչնչացվել են ավելի քան 7800 անշարժ գույք, շուրջ 1310 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հարձակման են ենթարկվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածից 14 տարեկան երեխա է ծանր վիրավորվել:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության: Խաղաղ բնակչության կանխամտածված հրթիռակոծությունները չեն դադարել նույնիսկ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:
Այսօր Արցախում կանայք ու երեխաները, տարեցները ստիպված են շաբաթներով պատսպարվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ նկուղներում, երեխաները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, քանի որ վտանգված են նրանց կյանքն ու առողջությունը, ընտանիքների գոյատևման ողջ բեռը ծանրացած է կանանց ուսերին, հազարավոր մարդիկ պարտադրված են լքել ռմբակոծություններից ավերված իրենց բնակավայրերը՝ ապաստան գտնելով Հայաստանում: Հումանիտար այս աղետին գումարվում են COVID-19-ի համաշխարհային համավարակի վտանգները:
Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը՝ օգտվելով Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հանգամանքով պայմանավորված անպատժելիության մթնոլորտից, կոպտորեն խախտում է այդ տարածքի բնակչության Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նախևառաջ՝ կյանքի իրավունքը, անտեսում խոշտանգումների, քաղաքացիների արտաքսման արգելումը, միջազգային մարդասիրական իրավունքը: 1991 թվականից՝ այն ժամանակվա իրավական բոլոր մեխանիզմների կիրառման արդյունքում սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կերտող Արցախի ժողովուրդը հանրապետության չճանաչված լինելու պատճառով նույնիսկ հումանիտար աղետի պայմաններում զրկված է միջազգային պաշտպանությունից և աջակցությունից, ինչը մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի խախտում է:
Մինչ միջազգային կառույցները՝ մտահոգված լինելով քաղաքական չեզոքություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ, խուսափում են Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ագրեսիան դատապարտելուց և սահմանափակվում են կրակի դադարեցման և հակամարտության լուծման շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու երկու կողմերին ուղղված կոչերով, մարտական գործողությունների ընթացքում ամեն օր արձանագրվող փաստերը հստակ կերպով բացահայտում են Ադրբեջանի մտադրությունը՝ տեղահանել և բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը։ Այդ մտադրությունն ամրապնդվում է նաև շարունակական բնույթ կրող հայատյաց հայտարարություններով, որոնք տարիներ ի վեր հնչեցվում են և՛ պաշտոնական հարթակներում, և՛ առցանց տիրույթում՝ հող նախապատրաստելով բռնի ուժով լուծելու հակամարտությունը:
Ցավալի է, սակայն փաստ է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, արգելված զինամթերքի կիրառումը, խաղաղ բնակչության թիրախավորումը, ինչն ակնհայտորեն էթնիկական զտման նպատակ է հետապնդում, մինչ օրս չեն արժանացել համարժեք գնահատականի միջազգային հանրության կողմից: Պատշաճ արձագանքի չի արժանացել նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձած հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան, ինչն ահաբեկչության դեմ միջազգային պայքարի համատեքստում դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանը ու մարդու իրավունքների, այդ թվում՝ կանանց իրավունքների ողջ համակարգին և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանում բնակվող ժողովուրդների, այլև ողջ աշխարհի համար:
Ստեղծված իրավիճակում մենք՝ ստորագրյալներս,
- ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երկակի ստանդարտներ,
- ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ այսօր Արցախի Հանրապետության չճանաչված լինելը այնտեղ ապրող խաղաղ բնակիչների և նույնիսկ երեխաների տառապանքն ու մահը «արդարացնող» հանգամանք է դարձել,
- համոզմունք հայտնելով, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ կանանց, երեխաների, տարեցների և երիտասարդների բազմաթիվ կյանքեր խլող դաժան պատերազմը դադարեցնելու և Արցախում հումանիտար աղետը վերացնելու հստակ նախադրյալ,
Հորդորում ենք աշխարհի երկրների կառավարություններին և խորհրդարաններին՝
Միջազգայնորեն ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝
դիտարկելով անկախության անհապաղ ճանաչումը որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք:
«ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավազորման հիմնադրամ
«ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
ՎԻՆՆԵԹ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Անգել» Սոցիալական Կրթամշակութային ՀԿ
«Հեշտ Կյանք» ՀԿ
«Փրկություն» ՀԿ, համակարգող
«Սպիտակ Բազե» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ
«Մենք կարող ենք» ՀԿ
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
«Երիտասարդ Տավուշ» ՀԿ
«Փինք իրավապաշտպան» ՀԿ
«Սոցիոսկոպ» ՀԿ
«Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Էֆ Էմ» Անկախ լրագրության հարթակ ՀԿ
«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ
«Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ
Ողերձը բաց է այլ կազմակերպությունների և անհատների միանալու համար այս հղումով :
Դիտումների քանակը` 2030