Անժելա Խաչատրյան. «Քանի դեռ հասարակությունը չի տեսնում կին առաջնորդների, ապա քվոտան պարտադիր է»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ առաջադրվում է որպես պատգամավորի թեկնածու՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության փորձ ունի, այդ թվում և ռեյտինգային ընտրակարգով:  Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Անժելա Խաչատրյանը ներկայացված է «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակում՝ երրորդ հորիզոնականում: Տարածքային ցուցակով առաջադրվել է նաև Երևանի թիվ 1 ընտրատարածքում:

 

Անժելա խաչատրյանը   «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ է 2011 թվականից, քաղաքական գործընթացներում ներգրավված է 22 տարեկանից և կանանց օրակարգին էլ քաջ տիրապետում է:

 

-Ի՞նչ տարբերություն եք տեսնում  նախորդ տարի տեղի ունեցած և առաջիկայում կայանալիք ընտրությունների միջև:

 

-Տարբերությունը միանշանակ է՝ խաղի կանոններն են փոխվել: Վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր ընտրությունների տրամաբանությունը լրիվ այլ է եղել՝ ակնհայտ գործադրվել են կեղծիքի բոլոր մեխանիզմները, վարչական ռեսուրսը, ընտրակաշառք է բաժանվել, և այս ամենը  էապես ազդել է ընտրությունների ընթացքի ու որակի վրա: Նախորդ ընտրություններին նաև կիրառվել են այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին է վախի մթնոլորտի սերմանումը մեր քաղաքացիների շրջանում՝ մարդկանց վախեցրել են, որ եթե իշխանություններին չընտրեն, ապա խնդիրներ կունենա կյանքի բոլոր բնագավառներում: Թվարկածս մեթոդները այժմ չեն կիրառվելու և ակնհայտ է, որ դրանց բացակայության պայմաններում քաղաքական ուժերի հնարավորություններն ավելի մեծ են՝ ավելի ծրագրային ու ավելի գաղափարական պայքար իրականացնելու տեսանկյունից: Թեև չեմ կարող ասել, թե այս ընտրություններն էլ անցնում են մաքուր ու ծրագրային: Ես տեսնում եմ, որ կան դեռևս խնդիրներ, դեռևս հետհեղափոխական ֆոնն է պահպանված, ինչը բնական և օբյեկտիվ երևույթ է, և այդ ամենը հաշվի առնելով կարելի է ասել, որ դեռ չունենք մաքուր ծրագրային ընտրություններ, որ մարդիկ ընտրություն կատարեն զուտ ծրագրերի միջև: Բայց սա առաջին ընտրությունն է երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո և առաջին հնարավորությունն է հետագա ընտրություններն էլ ավելի լավը դարձնելու: Եվս մեկ խնդիր, որ ունենք այսօր, այն է, որ Ընտրական օրենսգիրքը, ցավոք, չբարեփոխվեց և դեռ ունենք ռեյտինգային ընտրակարգ: Բայց այսքանի հետ մեկտեղ միանշանակ է, որ ՀՀ քաղաքացին այսօր ինչ-ինչ վախերի մթնոլորտում չի գնալու ընտրության:

 

-Դուք հիշատակեցիք ԸՕ փոփոխությունները, որոնք չհաջողվեց ընդունել մինչ այս ընտրությունները: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մշտապես հանդես է եկել քվոտաների շեմի բարձրացման առաջարկով և այդ գաղափարի ջատագովն է եղել…

 

-Այո, մեր կուսակցությունը միշտ բարձրաձայնել է այդ անհրաժեշտությունը: 2016 թվականին, երբ խորհրդարանը քննարկում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացրած առաջարկներից մեկը հենց նա էր, որ ԸՕ-ում ամրագրված 30/70 քվոտան, որը պետք է գործեր միայն 2021 թվականից, պետք է որ գործի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այդ առաջարկը չընդունվեց, բայց մենք միշտ կարևորել ենք  կանանց ներգրավվածությունը խորհրդարանում,  որովհետև ինչպես վկայում են  միջազգային կառույցների հետազոտություններն ու համաշխարհային փորձը,  այն խորհրդարաններում, որտեղ կանանց ներկայացվածությունը բարձր է,  այնտեղ սոցիալական ուղղվածության օրենքներն են ավելի շատ ընդունվում, իսկ  խնդիրները, վեճերը լուծվում են ավելի հեշտ ու քաղաքակիրթ մակարդակում: Բայց նաև մենք միշտ շեշտել ենք, որ զուտ սեռերի համամասնության  խնդիր չենք դնում, այլ մեզ համար ամենակարևորն այն է, որ ԱԺ-ում ներկայացված լինեն որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներ՝ կլինի կին, թե տղամարդ:

 

-Այդուհանդերձ «Մենք» դաշինքի ցուցակը քաղաքական բոլոր ուժերից ամենացածր կանանց ներկայացվածությունն է ապահովել՝ 134 թեկնածուից միայն 34-ն են կանայք կամ 25.3%-ը:

 

-Բնականաբար այն, որ ցուցակը դաշինքի ցուցակ է, դա ևս իր դերը թերևս կատարել է: Բայց պետք է նշեմ, որ մենք այդ հանգամանքին ուշադրություն չենք դարձրել, այսինքն արհեստականորեն կանանց չենք ներգրավել, որպեսզի ցույց տանք, թե մեր ցուցակում կանանց թիվը մեծ է: Ավելի շատ մեր ցուցակում այն կանայք են, ովքեր իրականում ունակ են աշխատել խորհրդարանում և ովքեր իրական փոփոխությունների կրողն են: Դաշինքի առաջին տասնյակում ներկայացված է երեք կին թեկնածու, ինչը արդեն բարձր է պահանջվածից, քանի որ օրենքը 25/75 համամասնություն է պահանջում: Բայց պետք է նշեմ նաև, որ կան և օբյեկտիվ պատճառներ, թե ինչու կանայք չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ կամ ընդգրկվել քաղաքական գործընթացներում, աշխատել օրենսդիր կամ գործադիր մարմիններում: Կարծում եմ, խնդիրը զուտ հասարակական ընկալման մակարդակով դեռևս լուծված չէ, բայց մեր կուսակցությունը հենց այդ հարցում է փորձում առաջատարը լինել և կուսակցության վարչությունում միշտ կանայք 30 տոկոսից պակաս ներկայացված չեն եղել, միշտ ունեցել ենք կին փոխնախագահ:

 

-Ձեր կարծիքով, քվոտան օգնո՞ւմ է կանանց:

 

-Պատասխանը իմ նախորդ մտքի շարունակությունն է. քանի դեռ հասարակական ընկալման խնդիր ունենք, քանի դեռ հասարակությունը չի տեսնում կին առաջնորդների, քվոտան պարտադիր է: Դրանով է պայմանավորված, որ մենք միշտ պնդում ենք, որ քվոտան կարևոր է և անհրաժեշտ է, որովհետև եթե ներկա պայմաններում չլիներ օրենսդրական կարգավորում քվոտավորման տեսքով, ապա անշուշտ կլինեն ցուցակներ, որտեղ կանայք կամ առհասարակ չեն լինի, կամ շատ նվազ ներկայացված կլինեն: Եվ  քանի դեռ մեր երկրում կանանց մասնակցության մասով հասարակության գիտակցությունը հասունացած չէ, քվոտան անհրաժեշտություն է: Եվ հաջորդ խորհրդարանին ևս մենք ներկայացնելու ենք առաջարկ-նախագծեր ԸՕ-ում քվոտան էլ ավելի բարձրացնելու համար: Բայց քվոտայից բացի մի կարևոր հանգամանք ևս՝ կին պատգամավորի ինքնաբացարկի դեպքում նրա տեղը պետք է պարտադիր կին զբաղեցնի: Շատ կարևոր է, որ դա ամրագրված լինի օրենքով:

 

– Դուք կանանց օրակարգին լավ ծանոթ եք, ո՞ր հարցերն են առաջնային Ձեզ համար, պատրաստ եք դրանք բարձրաձայնելու, եթե հայտնվեք ԱԺ-ում:

 

-Մեր նախընտրական ծրագրում առանձնացված է մայրության արձակուրդի հետ կապված դրույթը, որը շատ կարևոր է աշխատող կանանց համար, որպեսզի մայրության արձակուրդը 100 տոկոսով բարձրացվի՝ կինը ավելի երկար կարողանա խնամել իր երեխային ու չվախենալ, որ կկորցնի աշխատանքը: Սա կարևոր հանգամանք է: Եվս մեկ խնդիր ենք բարձրացնում կանանց վարձատրության մասով, որպեսզի տարբերակված մոտեցում չլինի կին և տղամարդ  աշխատակիցների միջև և աշխատավարձերի տարբերություն չլինի: Սա, ի դեպ, միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ պետություններում ևս առկա է: Անձամբ չափազանց կարևորում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարը և այս հարցը ևս իմ օրակարգում է լինելու: Ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ մեր հանրությունը պետք է զարգանա ու գա այն մակարդակի, որ մենք չտարբերենք կանանց կամ տղամարդկանց խնդիրներ, այլ դիտարկենք դրանք ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1382

Գլխավոր էջ