Անժելա Խաչատրյան. «Կարող եմ փոփոխություններ իրականացնել»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ներկայացված է կուսակցության համապետական ցուցակի 6-րդ հորիզոնականում, ինչպես նաև տարածքային ցուցակով առաջադրվել է թիվ 13 ընտրատարածքում, Տավուշի մարզում: Ծնունդով Տավուշից չէ, բայց տավուշեցու հարս է, ու այս մարզի խնդիրներին անձամբ է առնչվել, լավ տեղեկացված է:
28 ամյա Անժելան, ինչպես ինքն է ասում, նոր մարդ չէ քաղաքականությունում, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ է 2011 թվականից ,երբ դեռ 22 տարեկան էր :
Ուզում է պատգամավոր դառնալ, որովհետև մինչ կուսակցական լինելը լրագրող է աշխատել, և որքան էլ տարբեր հիմնախնդիրների մասին գրել է, դրանք, իր խոսքերով ասած՝ մնացել են օդում կախված , արձագանք չի եղել պատասխանատուների կողմից. «Հասկացա, որ խնդրի լուծման լծակները քաղաքականության մեջ են»:
Առաջին անգամ է առաջադրվում, բայց ասում է՝ կարող եմ փոփոխություններ իրականացնել: «Ազգային ժողովում աշխատելու փորձ ունեմ, աշխատել եմ մեր կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հետ, և օրենսդրական նախաձեռնություններին անմասն չեմ եղել, օրենսդրական գործունեությանը քաջատեղյակ եմ »:
Անժելա Խաչատրյանի կարծիքով, այն խնդիրները, որոնք իր գնահատմամբ հրատապ լուծման կարիք ունեն շատ են ու բազմազան, սակայն Տավուշն առանձնանում է խնդիրներով.«Սահմանամերձ մարզ է, այստեղ առանձնահատկությունը անվտանգության խնդիրն է. աշխատատեղերի պետք է ստեղծել, որպեսզի մարդիկ կապնված լինեն բնակավայրին, դպրոցները դոտացիաներ պետք է ստանան, որպեսզի երեխաները լավ կրթություն հնարավորություն ունենան: Բիզնես միջավայրի բարելավումը նույնպես կարևոր է, որպեսզի տավուշցիները իրենց հայրենիքում աշխատեն, աշխատատեղ լինի: Ես հաճախ լինելով Տավուշում ու լսելով մարդկանց, հասկացել եմ, նրանց կրակոցները չեն վախեցնում, սովորել են, բայց նրանց շատ է հուզում աշխատատեղի հարցը: Ամուսինս, երեխաս տավուշցի են, և սա էլ լուրջ հանգամանք է, որպեսզի ես, եթե քվե ստանամ, սկսեմ Տավուշի խնդիրների լուծումից»:
Երիտասարդ թեկնածուն վստահ է՝ ամեն ինչի հիմքում քաղաքացու իրավունքների պաշտպանութունն է, արժանավայել աշխատավարձն ու արդարադատությունը: Նրա խոսքով արտագաղթն էլ ցավալի խնդիր է, սա ներքին արյունահոսություն է, բայց դրա ծնող պատճառները ոչ միայն սոցիալական են, հիմքում արդարության ու իրացվելու հնարավորության բացակայությունն է:
Ինքը՝ Անժելան երբևէ իր հանդեպ խտրական վերաբերմունքի չի հանդիպել, բայց կանանց նկատմամբ խտրականության առկայությունը չի ժխտում: Ասում է, որ այս խնդիրը թե հանրային գիտակցության փոփոխության, թե օրենսդարական ճանապարհով պետք է լուծել: Նա հիշում է, երբ ԱԺ-ում կին-տղամարդ 30/70 քվոտավորման հարցն էր լսվում, «Ազատ դեմոկրատներ»-ն առաջինն են առաջարկել, որ այդ դրույթն ուժի մեջ մտնի այս ընտրություններին:
Կանայք շատ բան կարող են անել մեր երկրի համար, սակայն, ըստ Անժելայի, նրանց ներուժը լիարժեք չի օգտագործվում: «Կան նախարարությունններ, որոնք կանայք են ղեկավարում, բայց քիչ են, կանայք ստորին օղակներում են ավելի շատ զբաղված, ղեկավար մարմիններում հիմնականում տղամարդիկ են… Եթե անգամ կանայք շատ են ներգրաված որեւէ ոլորտում, կարերիայի աճ գրեթե չեն ունենում կամ մեծ դժվարությամբ են առաջ գնում: Մեզանում կարծրատիպեր կան կանանց ակտիվության հանդեպ՝ ծուռ աչքով են նայում, կամ էլ կասկածանքով վերաբերվում՝ ասելով դե կին է, չի կարող: Այդ կարծրատիպերը պետք է կոտրվեն ու դա, կարծում եմ, սերնդափոխության միջոցով հնարավոր է անել»:
Անժելայի խոսքով, կանայք իրենց մտածելակերպով տարբերվում են տղամարդկանցից, և թյուր կարծիք կա, թե տղամարդիկ ավելի սառն են դատում. « Իրականում կանայք ավելի սառն են դատում, և ընդհանրապես, կանանց որակյալ մասնակցությունը շատ բան կարող է փոխել երկրում ու դրա զարգացման գործում: Կնոջ ներուժն ավելի շատ է և կնոջ՝ գայթակղություններին տրվելու հավանականությունն ավելի քիչ է: Կինն ինչպես տանն է հոգատար, այնպես էլ երկրի համար կարող է հոգատար լինել, և առավելապես կուսակցությունները պետք է շահագրգռված լինեն կանանց ներուժն օգտագործելու»:
Համառություն, նպատակասլացություն, կիրթ վերաբերմունք ու լավ կրթություն. սրանք, ըստ Անժելայի, այն հատկանիշներն են, որոնք օգնում են իրեն հաղթահարել ցանկացած դժվարություն: Ասում է՝ քաղաքականությամբ զբաղվելը բարդ գործ է, հատկապես երբ ընտանիք, փոքր երեխա ունես, բայց եթե գիտես հանուն ինչի ես անում այդ ամենը, ապա ամեն ինչն էլ հաղթահարելի է, ճանապարհի կեսից հետ չես կանգնի:
Տավուշի մարզում իր մրցակիցներից չի վախենում, Անժելան ասում է՝ քաղաքական պայքար չի նկատել այնտեղ. «Անձնական, թաղային հեղինակությունների պայքար է: Ես չեմ ընկճվում իրենց ֆոնին, այն ինչ ես եմ ներկայացնում՝ տարբերվում է: Իմ քարոզչական խմբով աշխատանքը զգացվում է, մարդիկ ճանաչում են ինձ, տեսնելով ասում են՝ էն ելույթը կամ խոսքը շատ լավն էին»:
Եթե հանկարծ բավարար քվե չհավաքի ու խորհրդարանում չլինի, Անժելան ասում է՝ կյանքը չի սկսվում ու վերջանում խորհրդարանում. «Շարունակելու եմ պայքարն ու շարունակելու եմ քաղաքականությամբ զբաղվել, որովհետև դա երկար ճանապարհ է, որը պետք է անցնես: Բայց վստահ եմ իմ ընտրողների իմաստնության վրա, ճիշտ ընտրություն կանեն: Ուստի, թող չվախենան, և գնան ընտրեն կին թեկնածուին»:
Իսկ նրանց, որոնք ասում են, թե քաղաքականությունը կնոջ գործը չէ, Անժելա Խաչատրյանն պատասխանում է՝ «Նրանք մնացել են նախորդ դարում…Քաղաքականությունն և ցանկացած գործ կնոջ համար է, եթե նա ցանկություն ունի և ունի նպատակ, ուրեմն ամեն ինչ կարող է հաջողությամբ անել»…
Նունե Բադալյան
Դիտեք նաև Նաիրա Խաչիկյանի ռեպորտաժը.
Տավուշի մարզի պատգամավորության կին թեկնածուները/ տեսանյութ
Դիտումների քանակը` 4516