Կրկին փողոցների վերանվանման մասին, այս անգամ սեքսիզմի վերացման տեսակետից

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական-հասարակական  կյանքի  օրակարգ բերվեց  Երևանի փողոցների  անվանափոխության հարցը: Նախաձեռնությունը  Երևանի ավագանու «Ելք» դաշինքինն է, որի առաջարկի հիմքում   հայտնի խորհրդային գործիչների  անունները կրող  փողոցներն ազգային հերոսների անուններով փոխարինելու  սկզբունքն է: 
 

 

Առաջարկը հրապարակելուց հետո   պարզ դարձավ, թե կոնկրետ որ փողոցներն են, ավագանու անդամների կարծիքով,   ենթակա   անվանափոխության: Դրանց թվում են՝ Լենինգրադյան փողոցը, որն առաջարկվում է անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Կասյան փողոցը, որն առաջարկվում է անվանափոխել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անունով, Միկոյան փողոցը` այն կդառնա Քըրք Քըրքորյանի փողոց, Ամիրյանը փորձ կարվի անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, թեև նախկինում նման փորձը հաջողությամբ չպսակվեց և Ամիրյանը վերադարձավ: Ինչպես նաև Ֆրունզեի փողոցը կանվանափոխվի` դառնալով Ապրիլյան հերոսների փողոց…. Իհարկե այս ամենը  իրականությում կդառնա  միայն այն դեպքում, եթե ավագանին այս առաջարկին հավանություն տա:

 

 

Քանի դեռ  փողոցների անվանումների մասին քննարկումներն արջևում են,  արժե բացահայտել  այս թեմայի համատեքստում  մի ակնհայտ ճշմարտություն, որին սակայն  քչերն են ուշադրություն դարձնում: Դա այն է, որ   հայաստանյան փողոցները բացառապես «պատկանում են» տղամարդկանց: Այսպես,  մայրաքաղաք Երևանն ունի շուրջ  210 փողոցների,  փակուղիների, նրբանցքների և հրապարակների անվանում: Դրանց թվում գերիշխում են  տղամարդկանց  անունները, այսինքն մայրաքաղաքը փողոցների անվանումների  տեսակետից   ինքնին սեքսիզմի  ամենավառ օրինակ է…

 

 

 Երևանի  քաղաքապետարանի  կայքում ներկայացված  փողոցների անվանումների  ցանկից տեղեկանում ենք, որ Երևանն ունի  այնպիսի  փողոցներ,  որոնք, թերևս, ոչինչ  չեն խորհրդանշում կամ այդ խորհրդանիշը կորցրել է իր ակտուալությունը  և կարելի է  նաև դրանք անվանափոխել: Իհարկե, դա լուրջ խնդիր է ու «գլխացավանք  առաջացնող» գործընթաց, բայց որոշ դեպքերում ոչ միայն անհրաժեշտություն, այլև հարգանքի տուրք:

 

Երևանն ունի, օրինակ, Կիլիկյան Հայաստանի խոշոր նավահանգիստներից մեկի՝ 

 Այասի անունով փողոց,  կամ  ԿիլիկյանՀայաստանի Լուսինյանների  արքայատոհմի անունով Լուսինյանց փողոց, թեև համոզված ենք, որ այդ փողոցներում բնակվող երևանցիներից հաշվածները գիտեն, թե ինչի հետ է կապված իրենց փողոցի անվանումը։ Ի դեպ, ենթադրում ենք, որ երբ հայտնի ու անհայտ տղամարդկանց անունների ցանկը սպառվեց  ու էլ հարմար մեկը չմնաց, ում անուն-ազգանունը կարելի էր տալ օրեցօր մեծացող  ու նոր փողոցներ ավելացնող Երևանին, քաղաքային իշխանությունները,հավանաբար, սկսեցին անվանումներ տալ մասնագիտություններով: Մինչ օրս էլ Երևանն ունի Աղյուսագործների,Արհեստավորների, Տպագրիչների, անգամ Ֆիզկուլտուրնիկների փողոց, թեև Հայաստանի դպրոցներում անգամ գրեթե մոռացության է մատնված ֆիզկուլտուրան: Ունենք նաև Գետառի փողոց, թեև Գետառին վաղուց «թաղել են» բետոնիտակ: Թվարկումը կարելի է շարունակել անվերջ:

 

 

 Չնայած Հայաստանն  ունեցել է  շատ արժանի  ու ականավոր   քաղաքական,  հասարակական,  մշակութային կին գործիչներ, բայց շուրջ 210 փողոցներից  միայն  երեքն են  անվանակոչվել նրանց պատվին.  2007 թվականին  Բաղրամյան պողոտայի 1-ին անցուղին  ի պատիվ  բանաստեղծուհի  Սիլվա Կապուտիկյանի  վերանվանվեց նրա  անունով՝ Սիլվա  Կապուտիկյան  փողոց: Ունենք  նաև հայ  գրականության մեջ  նշանակալից  երևույթ դարձած գրող Զապել Եսայանի անվան փողոց: Ի պատիվ  բանվոր  երիտասարդության միությունների կազմակերպիչ  Լուսիկ Լիսինյանի  երևանյան փողոցներից մեկը վերանվանվել է  Լիսինյան փողոց: Եվ  վերջ…  Կա նաև Սոֆիայի փողոց, բայց սա, որքան հասկանալի է, նվիրված է Բուլղարիայի Սոֆիա քաղաքին, այլ ոչ թե հայոց պատմության  մեջ իր հետքը թողած որևէ կին գործչի: Թեև դրանց պակասը Հայաստանը երբեք չի ունեցել՝ ո՛չ վաղ անցյալում, ո՛չ էլ վերջին մեկ դարում: Սակայն երևանյան փողոցները դեռ չեն կրում նրանց անունները, իսկ փողոցների անվանափոխության համար  պայքարողների մտքով էլ  չի անցնում դիտարկել  հարցը այդ համատեքստում:

 

 

Ինչու, օրինակ, Երևանը կարող է ունենալ ֆրանսիացի անվանի օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոյի պատվին փողոց, բայց չունի Լուսինե Զաքարյանի, Օֆելյա Համբարձումյանի,  Գոհար Գասպարյանի, Ֆլորա Մարտիրոսյանի և այլ հայտնի կանանց  անուններով փողոցներ: Հայաստանի պատմությունը շատ կին գործիչներ ունի, որ արժեր հիշել և հավերժացնել այն հայրենիքի սրտում,որին իրենք նվիրել են իրենց կյանքն ու գործունեությունը:

 

 

Իրականությունը, սակայն, այնպիսին է, որ հայաստանյան  քաղաքական  համակարգի օրինակով   Երևանն էլ իր փողոցներով  «տղամարդկանց տիրույթ» է, իսկ  փողոցների անվանմամբ մտահոգված    ավագանու անդամները   շատ հեռու են   սեքսիզմի վերացման ուղությամբ  քայլեր ձեռնարկելուց, քանի որ այս պրոբլեմը ուղղակի չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել…

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 3216

Գլխավոր էջ