«Մենք ապրում ենք Սյունիքում ու որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ». Անուշ Մալինցյան
Ողջ աշխարհում ամենամեծ տնտեսական հարվածը համավարակից ստացել է տուրիստական բիզնեսը: Առավել ևս Հայաստանում, որտեղ համավարակին գումարվեց պատերազմը: Մեր զրուցակիցը՝ Գորիսի «Եղևնուտ» հյուրանոցի մարքեթինգի գծով մենեջեր Անուշ Մալինցյանը, Սյունիքից է, որն այսօր թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների էպիկենտրոնում է հայտնվել, և որտեղ կարևորագույն խնդիրը՝ անվտանգության ապահովումն է…
Գորիս քաղաքի հյուսիսային մուտքի մոտ գտնվող «Եղևնուտ» հյուրանոցը Անուշ Մալինցյանի ընտանիքին է պատկանում: Անուշի խոսքով, վերջին տարիներին, մարզում տուրիզմի զարգացմանը զուգահեռ, լուրջ առաջընթաց էին գրանցել՝ սկսել էին 2007-ին 5 սենյակից, այսօր ունեն արդեն 34 սենյակ: Բայց եկավ պատերազմը և ամեն բան փոխվեց…
WomenNet.am-ի հետ զրույցում Անուշ Մալինցյանը պատմում է այն փորձությունների մասին, որով անցավ իրենց ընտանեկան բիզնեսը մարտահրավերներով լի 2020 թվականի ընթացքում… Կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին որոշում կայացրեցին չփակվել և հնարավորինս օգնել մարդկանց: Ասում է՝ րոպե անգամ չեն մտածել, թե ինչքան կտևի նման իրավիճակը, ինչ բարդություններ են սպասվում, ինչ է լինելու: Պարզապես կար հստակ գիտակցում, որ իրենք պետք է օգնեն: Արդյունքում իրենց հյուրանոցը միակն էր տարածաշրջանում, որ համաձայնել էր աշխատել որպես մեկուսարան շփման օղակում հայտնված մարդկանց համար. «Չէինք մտածում անգամ, թե որքան է տևելու դա՝ մի շաբաթ, թե մի ամիս: Անում էինք այն, ինչ ճիշտն էր»,- ասում է նա:
Իսկ հետո սկսվեց պատերազմը ու գործեց նույն սկզբունքը՝ պետք է օգնության ձեռք մեկնել, աջակցել, հնարավորինս մեղմել այն մարդկանց ցավը, որոնք հայտնվել են աղետալի վիճակում՝ թողնելով Արցախում իրենց տները: Ապրելով սահմանակից մարզում մի րոպե անգամ չեն երկմտել: Արդյունքում հենց սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 17-ը հյուրանոցը հյուրընկալել է արցախցիների.
«Պատերազմի առաջին օրվանից մինչև հոկտեմբերի 4-ն ընդունել ենք 148 արցախցու, և սա այն դեպքում, որ մեր մահճակալային ֆոնդը 78 է, հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ ևս 60 անձի: Ոչ մի րոպե չենք փակվել և աշխատել ենք որևէ մեկին չմերժել… Մարդիկ այնպիսի վիճակում էին, որ դրա իրավունքն ուղղակի չունեինք:», – ասում է մեր զրուցակիցը: Նաև ավելացնում, որ վերջին օրերին հյուրանոցում հյուրընկալել են նաև մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինների:
Արցախցիներին հյուրանոց ուղորդել է Գորիսի քաղաքապետարանը, որի հետ ողջ պատերազմի ընթացքում եղել են կապի մեջ: Ճշտող հարցին Անուշ Մալինցյանն ասում է, որ քաղաքապետարանը միայն կոորդինացրել է գործընթացը, իսկ արդեն պատերազմից հետո երկու ամսվա կոմունալ վճարն է փոխհատուցել: Մնացյալն ընտանիքն արել է սեփական ուժերով ու ռեսուրսներով. «Բա ուրիշ ո՞նց: Բոլորն էլ այդպես են արել, մենք միակը չենք»:
Եվ ահա, պատերազմն ավարտվեց (խիստ հարաբերական է ասված), ի՞նչ դժվարություններ ունեն այսօր.
«Ամենամեծ խնդիրն այսօր տուրիզմի համար փակ սահմաններն են: Եթե սահմանները փակ չլինեն, մենք այլ դժվարություններից չենք վախենում՝ միշտ աշխատել ենք, ստեղծել ենք: Հետպատերազմյան ամենալրջագույն մարտահրավերը նաև անվտանգության հարցն է: Սյունիքն այսօր չի դիտարկվում որպես անվտանգ գոտի և, հետևաբար, տուրիստների պակաս ունենք: Նույնիսկ ներքին տեղաշարժի առումով Սյունիքը չեն նախընտրում՝ մարդիկ խուսափում են գալ Սյունիք, վախենում են ադրբեջանցիներից: Ցավոք, կարծում եմ, առաջիկայում այս միտումը կպահպանվի»,- մտահոգություն է հայտնում մեր զրուցակիցը:
Իրավիճակի լուծումը, նշում է նա, իհարկե գլոբալ է՝ քաղաքական, տարածաշրջանային և այլն, բայց իշխանություններն էլ չպետք է իրավիճակը թողնեն ինքնահոսի: Օրինակ, ասում է Անուշ Մալինցյանը, առաջիկայում՝ երբ անվտանգության հարցը մի փոքր կայունանա, կարելի է սոցփաթեթով ակտիվացնել այս ուղղությունը, որպեսզի մարդիկ չխուսափեն այս գեղեցիկ մարզ այցելել:
«Մենք ապրում ենք Սյունիքում ու որևէ տեղ չենք պատրաստվում գնալ, հեռանալ: Խնդիրներ այսօր կան ամենուր, բայց պետք չէ թույլ տալ, որ Սյունիքը դիտարկվի որպես վտանգավոր գոտի ու մարդիկ զրկվեն այս հրաշք բնությունը վայելելու հաճույքից»,- հավելեց նա:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 888