Անուշ Բեղլոյան. «Տղամարդկանց հետ հավասար ենք պատասխանատու ապագայի համար»
Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքից թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ) առաջադրված Անուշ Բեղլոյանը, ում կարծիքով, վերաբերմունքը կին թեկնածուների նկատմամբ փոխվել է , հիմա իրենց թեև յուրօրինակ , բայց դրական են վերաբերվում:
Նրա խոսքով, աշխարհի տարբեր երկրներում այսօր կանայք ավելի ու ավելի շատ են մասնակցում քաղաքական կյանքին, և Հայաստանն էլ բացառություն չէ: «Ներկա քարոզարշավի ընթացքում մենք դիտարկում ենք մեծ թվով կանանց առաջադրումը որպես ռեյինգային թեկնածուներ։ Իհարկե, տարածքային ցուցակով պայքարն ունի իր առանձնահատկությունները, սակայն քայլարշավի ու բնակչության հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ, որ մարդիկ հակված են հատուկ ուշադրությամբ լսել ու իրենց աջակցությունը հայտնել հենց կին թեկնածուներին»,-ասում է Անուշը։ Նա նկատել է՝ փորձառու տղամարդ գործիչների հետ պայքարող կանայք հարգանք ու զորակցություն են զգում իրենց տարածքներում.«Հաճախ լսում ենք որ կանայք պատասխանատու ու պարտաճանաչ գործընկերներ են»։
Անուշ Բեղլոյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, բացի այս մասնագիտությունից, նա նաև Գործարար կառավարման մագիստրոս է, ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը: Դեռևս 1995 թվականից աշխատել և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել տարբեր միջազգային կազմակերպություններում՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն, ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի երևևանյան գրասենյակում, Համաշխարհային բանկի ևրևանյան գրասենյակում, Հայաստան համահայկական հիմնադրամ, եղել է հասարակայնության հետ կապերի Հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրենը, «Արմենտել» ՓԲԸ -ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, եղել է IDEA հիմնադրամի մարկետինգի ու հաղորդակցության տնօրենը։ Ներգրավվել է որպես հաղորդակցության գծով տեղական ու միջազգային փորձագետ մի շարք պետական, մասնավոր, միջազգային կազմակերպություններում Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մոլդովայում, Բելառուսում, Բոսնիա և Հերցեգովինայում։ Հիմա նաև Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի առևտրի ֆակուլտետի մարկետինգի ամբիոնի դասախոս է:
Անուշն ասում է, որ իր աշխատանքային մեծ փորձը կարող է օգտակար լինել նաև խորհրդարանում: Պատրաստվում է իր ներդրումն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանը նպաստող նախագծերում և խորհրդարանական նախաձեռնություններում.«Նաև աշխատելու եմ հանրային հաղորդակցության, խոսքի ազատության ոլորտի զարգացմանը ուղղված օրենսդրական բարեփոխումների վրա, առանձնապես մեծ հետաքրքրություն ունեմ կրթության ոլորտի բարեփոխումների ու զարգացման հանդեպ»։
Նախընտրական հանդիպումների ժամանակ էլ ներկայացնելու է իր փորձն ու գիտելիքները՝ պատասխանելով ընտրողներին հետաքրքրող հարցերին: «Լսելու եմ առաջարկներ, կիսվելու եմ իմ մտահաղացումներով ու նախագծերով, խոսելու եմ ապագա անելիքների մասին»։
Մեր երկրում առկա առաջնահերթ խնդիրներից պատգամավորության թեկնածուն առանձնացնում է՝ Հայաստանի խորհրդարանի դերի ու վարկանիշի անկումը, խորհրդարանական վերահսկողության գործառույթի ոչ կայացած լինելը, խորհրդարանի ոչ բավարար աշխատանքը միջազգային ատյաններում, այդ թվում Հայաստանի միջազգային շահերի պաշտպանության ոլորտում՝ կապերի ու հնարավորությունների ստեղծման ուղղված աշխատանքի պակասի հետևանքով։ Անուշն արդեն պատկերացնում է և գիտի ինչպես լուծել իր նշած խնդիրներն՝«Հետևողական, կանոնակարգված գործունեությամբ, նախագծելով հստակ նպատակներ, ներգրավելով համապատասխան մասնագետների ու տվյալ խնդիրներով հետաքրքրված պատգամավորական խմբավորումների ներկայացուցիչների: Ինչպես նաև զբաղվելու եմ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի կայացման հարցերով»։
Կանանց նկատմամբ խտրականությանը և անհավասարության դրսևորումների պատճառն, ըստ Անուշի, բնակչության ցածր իրազեկվածությունն է իր իրավունքների մասին: «Հասարակական և քաղաքական, պետական ոլորտներում կանանց ներգրավածությունը ցածր է, որովհետև իրականում հասարակության մեջ գոյություն ունի կին-տղամարդ սոցիալական դերերի կոշտ բաժանում։ Տղամարդու վրա դրված է ընտանիքի ֆինանսական ապահովումը, իսկ կնոջ՝ տնային տնտեսությունը և երեխաների խնամքը։ Լրացուցիչ պարտականությունների ստանձնումը թե՛ կնոջ, թե՛ տղամարդու կողմից կարող է հասարակության կողմից ճնշում առաջացնել, ինչին ոչ բոլորն են ի վիճակի դիմադրել», – ասում է նա։ Անուշի կարծիքով, այս խնդիրը լուծելու համար հարկավոր է հաթահարել կարծրատիպերն ու փոխել հանրային գիտակցությունը.«Խնդիրը կարող է աստիճանաբար լուծվել խտրականության հաղթահարմանն ուղղված հանրային արշավների կամ համապատասխան պետական կրթական ու քարոզչական աշխատանքի արդյունքում։ Իհարկե, այդ գործընթացը պահանջում է տարիների աշխատանք ու հետևողականություն», – հավելեց նա։
Տարբեր ոլորտներում կանանց ցածր ներգրավվածության մասին պատգամավորի թեկնածուն ուշագրավ կարծիք ունի. Նա գտնում է, որ կին-առաջնորդների թույլ ներկայացված լինելը բարձր պետական պաշտոններում պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրությունը չի խրախուսում կանանց ակտիվ ներգրավումը քաղաքականության կամ ձեռներեցության մեջ.« Կինը կարող է զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն հաճախ ի վիճակի չի կենտրոնանալ իր մասնագիտական առաջխաղացման վրա։ Ինչպես արդեն նշեցի ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ հաճախ պարտադրված են լինում կատարել հանրության կողմից իրենց վերագրված պարտականությունները։ Այստեղ տուժող կողմը նաև տղամարդն է, ով ստիպված է միայնակ հոգալ ընտանիքի ֆինանսական կարիքները, հաճախ «իրավունք չունենալով» այդ բեռի մի մասը փոխանցել կնոջը, մյուս կողմից կիսելով կնոջ տնային պարտականությունների ու երեխաների դաստիարակության բեռը։ Հանրային ընկալումները փոխելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկարաժամկետ ռազմավարություն, որի թիրախը կլինեն երիտասարդ ընտանիքները և դպրոցականները», – ասում է նա։
Ինչ վերաբերում է կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության հայտնի 50/50 բանաձևին, ապա, Անուշը կարծում է, որ կանայք պետք է հավասար մրցեն տղամարդկանց հետ յուրաքանչյուր բնագավառում, և պետության դերն այստեղ ընդամենը հավասար մրցակցային պայմաններն ապահովելն է։ Եվ ուստի հավասար իրավունքներ ապահովելու համար և խորհրդարանում կանանց շահերը պաշտպանելու առումով, Անուշը սեռերի միջև տարանջատում չի դնում, եթե իրավունքներ պետք է պաշտպանի, ուրեմն, ինչպես ինքն է ասում՝պատրաստ է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների պաշտպանության համար։
Կին թեկնածուն մեծ քաղաքականություն մուտք գործելուց չի վախենում, և գտնում է, որ քաղաքականությունը պայմանավորված չէ սեռի ու սոցիալական դերի առանձնահատկություններով։
«Տղամարդկանց հետ հավասար, պատասխանատու ենք մեր երկրի ու մեր երեխաների ապագայի համար։ Եկե՛ք քվեարկելու ու ձեր քվեն տվեք այն ուժին, որի հետ կապում եք մեր երկրի ապագան»,-իր խոսքն այսպես է եզրափակում Անուշ Բեղլոյանը:
Մարիամ Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 2014