«Երազում եմ Շուշիի պարիսպների մոտ վայելել իմ պատրաստած չրերը». Աննա Գրիգորյան
2006-ին Աննա Գրիգորյանը մեկ ամսով Արցախ եկավ ու մնաց 15 տարի։ Արցախցի ամուսնու՝ Մարատի ու երկու դուստրերի հետ ապրում և աշխատում է Ստեփանակերտում։ Երեք տարի առաջ ամուսինները փորձեցին արքայանարնջի չիր պատրաստել։ Կարճ ժամանակում այն հոբբիից վերածվեց բիզնեսի ու ստացավ “Yan’s Chir” անունը։ Շուտով “Yan’s”-ն աշխատատեղ կդառնա մի քանի արցախցի կանանց համար։ WomenNet.am -ի հետ զրույցում Աննա Գրիգորյանը պատմել է բիզնեսում արած առաջին քայլերի ու ինքնաշեն չորանոցի, պատերազմի օրերի ապրումների, Շուշի վերադառնալու երազանքի մասին և ոչ միայն։
«Սկզբում ընտանիքիս համար էի պատրաստում»
Արցախում բերքը շատ-շատ է։ Մարդիկ չգիտեն՝ ինչ անել այդ բերքի հետ։ Մի մասը բաժանում են, մյուսն՝ օղի քաշում։ Չեն կարողանում ամբողջը սպառել։ Երբ մեր բակի ծառերը մեծացան, բերքն էլ շատացավ, նույն խնդրի առաջ ես կանգնեցի։ Սկսեցի հետաքրքվել՝ ինչպե՞ս կարելի է չիր պատրաստել։ Սկզբում ընտանիքիս համար էի անում, բայց քիչ-քիչ դարձավ բիզնես գաղափար։
2019 թ․-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Արցախից հայտեր էր ընդունում «Սովորիր և վաստակիր» ծրագրի համար։ Ես էլ ընտրվեցի։ Ծրագրին մասնակցելու արդյունքում խորությամբ ուսումնասիրեցի շատ բաներ, ինչն ազդեց նաև աշխատանքիս վրա։
Բիզնեսը զարգացնելու համար ՀԲԸՄ-ից ստացա 1.3 մլն դրամ, որով ձեռք եմ բերելու մեծ չորանոց, բարեկարգելու եմ այն տարածքը, որտեղ պատրաստվում են չրերը։ Մնացած գումարն էլ ընթացիկ աշխատանքներին կուղղեմ՝ տուփեր, փաթեթավորում, մարքեթինգային ծախսեր և այլն։
«Ուզում էի արցախյան չիրն այցեքարտ դարձնել»
Միշտ ասել են՝ Արցախի թթի օղի, դոշաբ, բայց արցախյան չրեր երբեք չեմ լսել։ Նպատակս այն էր, որ նաև ասեն արցախյան չրեր, որ Արցախի արքայանարնջի չիրը դառնա այնպիսի այցեքարտ, ինչպիսին Մեղրիի չրերն են, նույնը՝ թութը․ Արցախի թութն իրոք տարբերվում է, ուրիշ համուհոտ ունի։
Իմ ընկեր Հովիկը Սիրիայից սիրադեղձ է բերել, տնկել իր այգում։ Այս տարի առաջին անգամ “Yan’s”-ը կունենա սիրադեղձի չիր։
Մեղվի փեթակներ էլ ունեմ։ Անցյալ տարի ենք դրել։ Աշնանը կունենանք նաև մեղրային չրեր։
Շատերն ինձ հարցնում են՝ ինչու՞ շաքարով չես անում, այդպես ավելի քաղցր է։ Նախընտրում եմ, որ բնական լինեն, մաքուր՝ առանց մի գրամ շաքարի։ Հենց դրանով էլ մեր չրերն առանձնանում են։
“Yan’s Chir”-ը բոլորիս պրոյեկտն է
Ընտրեցի Yan’s անունը՝ կապելով մեր հայկական ազգանվան «յան» վերջածանցի հետ։ Երբ ներկայացնում էի իմ բիզնես ծրագիրը, խոսել եմ այդ մասին, հիմա էլ եմ ուզում ասել, որ թեև “Yan’s”-ն իմ արտադրանքն է, բայց այն բոլոր հայերինն է, միայն իմ պրոյեկտը չէ։
Ինքնաշեն չորանոցը
Չորանոցը, որով աշխատում եմ, ինքնաշեն է, ամուսինս է պատրաստել։ Մոտ 25 կգ է տեղավորում։ Սկսել եմ դրանով։ Հիմա արդեն մեծ՝ 150 կգ-անոց չորանոց եմ պատվիրել։ Մեկ շաբաթից պետք է գամ Երևան, որ այն վերցնեմ ու բերեմ Ստեփանակերտ։
«Մտավախությունս սպառման շուկա գտնելն էր»
Բոլոր սկսնակ բիզնեսմենների համար էլ այդպես է։ Կարող ես արտադրել շատ լավ ապրանք, բայց պետք է սպառման շուկա գտնես։ Ինչպես գիտեք՝ արցախյան շուկան փոքր է։
Իմ պատրաստած չրերի սպառումն ընկերներս են կազմակերպել։ Մինչև հիմա էլ այդպես է․ միջնորդ են հանդիսանում, որ կարողանամ վաճառել։
Նորվեգացիների 32 հոգանոց խումբ պետք է գար Արցախ, համավարակի պատճառով չստացվեց։ Ընկերներիցս մեկի՝ Անժելիկայի միջոցով կապ էին հաստատել, ասել, որ տեղական արտադրանք են ուզում։ Այդպես “Yan’s Chir”-ը հայտնվեց Նորվեգիայում։
Հիմա ինքս եմ կապ պահում նորվեգացիների հետ, փաթեթներ պատրաստում և ուղարկում։ Այս տարի որոշել էի չրերի հետ արցախյան թեյեր ուղարկել՝ որպես նվեր։ Միտքը նրանց շատ դուր եկավ, բայց ցանկացան գնել, ոչ թե նվեր ընդունել։
Չրերն ուղարկել եմ նաև Ռուսաստան՝ Մոսկվա։ Եթե բանակցությունները լավ ընթանան, առաջիկայում դրանք կներկայացնեմ նաև ԱՄՆ-ում։ Աշնանը նոր արտադրանք կունենանք, որը կվաճառվի Երևանում՝ «Ազգային մոլում»։
Նոր համագործակցություններ են լինելու նաև Արցախում։ Ծանոթացել եմ Իզաբելի և Հովիկի հետ, լավ ընկերներ ենք դարձել ու որոշել նաև համագործակցել։ Ես իրենցից բերքն եմ գնում, իրենք էլ իրենց «Սամրա» ռեստորանում իմ չրերն են ներկայացնելու։ Ստեփանակերտի «Բարդակ» փաբում էլ կլինեն “Yan’s” չրերը։
“Yan’s Chir”-ը՝ արդեն աշխատատեղ
Սկզբում ամուսնուս՝ Մարատի հետ էինք կազմակերպում աշխատանքը։ Քանի որ Արցախի Հանրային ռադիոյում էլ աշխատանք ունեմ, բիզնեսի ծավալներն էլ քիչ, թե շատ մեծացել են, շուտով մեզ կմիանան 2-3 արցախցի կանայք։
Կան շատ մարդիկ, որ օրավարձով աշխատանք են փնտրում։ Ուրախ եմ, որ կարող եմ նրանցից մի քանիսին ապահովել աշխատանքով։
Պատերազմի մեկնարկը․ «Կարծես ֆիլմ լիներ»
Ապրիլյանի ժամանակ Ստեփանակերտից դուրս չեմ եկել։ Այս անգամ ուրիշ էր։ Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ լսեցի ռմբակոծության ձայները, միանգամից հասկացա՝ պատերազմ է։
Թաղամասը, որտեղ ապրում ենք, բարձր դիրքում է՝ գրեթե Շուշիին հավասար։ Տեսնում էի՝ ինչ է կատարվում քաղաքում։ Կարծես ֆիլմ լիներ։ Մարդիկ չէին հասկանում՝ ինչ է տեղի ունենում։ Սկզբում նույնիսկ մտածում էին՝ հրավառություն է։ Ես եմ զանգել ընկերներիցս շատերին, տեղեկացրել, որ պատերազմ է։
Փորձում էի սառը դատել, ինձ չկորցնել։ Երեխաներին հագցրի։ Մի քանի ժամ սպասում էինք, որ իրավիճակը հանդարտվի, բայց ավելի էր բարդանում։ Քաղաքում ՀՕՊ կետեր կային։ Երբ տեսա, որ թշնամին դրանք արդեն ոչնչացրել է, վախեցա երեխաներիս համար, մտածեցի, որ կարող են ինքնաթիռով էլ գալ ու կանգնել Ստեփանակերտի գլխին։ Որոշեցի երեխաներիս դուրս հանել քաղաքից։ Վերցրի մեր փաստաթղթերը, լուսանկարների ալբոմն ու մեծ աղջկաս կիթառը։ Ինձ չէի ներում, որ աղջկաս դիմանկարը տանն ենք թողել․ 11-ամյակի առիթով հորաքույրն էր նկարել, մտածում էինք՝ իսկ եթե չկարողանա՞նք հետ գալ, նկարը թուրքերի ձեռքում մնա՞։
Երևան տարա երեխաներին ու վերադարձա Արցախ․ Հանրային ռադիոյի ընկերներս այստեղ էին, չէի կարող այդ դժվար պահին նրանց մենակ թողնել։ Մի քանի օր աշխատելուց հետո տարհանման որոշում կայացվեց։ Սկսեցինք աշխատել նկուղներից։ Որևէ պայման չկար, բայց եթեր էինք հեռարձակում։ Մեկ շաբաթից նորից գնացի Երևան՝ հույսով, որ մեկ-երկու օրից հետ կդառնամ։ Ճանապարհն արդեն շատ ավելի վտանգավոր էր, չկարողացա։ Եթերն ապահովեցի Երևանից։
«Հույսս կորցրել էի, որ հետ ենք գալու»
Երբ սեպտեմբերի 27-ին երեխաներիս դուրս հանեցի քաղաքից ու տարա Երևան, արդեն հույսս կորցրել էի, որ հետ ենք գալու։ Երբ եկա Ստեփանակերտ, հետո նորից գնացի Երևան, դա ինձ վրա հոգեբանական ազդեցություն գործեց։ Կարծես ինքս ինձ համոզում էի, թե՝ տես, հանգիստ գնում ես Երևան, նորից հետ ես գալիս քո տուն։ Գնալ-գալը, Ստեփանակերտ-Երևան կապը պահելն ինձ այդ օրերին շատ օգնեց։
Պատերազմից հետո վերադարձանք Ստեփանակերտ։ Երեխաներս շատ էին ուրախացել։ Իրենք էլ հույս չունեին, որ երբևէ հետ կգանք։
Ինձ թվում է՝ կարիք չկա պատմել, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ քաղաքում։ Անշունչ էր, նույնիսկ տհաճ հոտ էի զգում։ Կամաց-կամաց նույն Ստեփանակերտն է դառնում։
Տունը, որտեղ ապրում ենք, բարձր դիրքում է։ Մեր պատուհանից Շուշին երևում է։ Միշտ աչքիս առաջ է։ Վախ չկա, պարզապես ավելի զգոն ես, երբ գիտես՝ դիմացդ թշնամին է։
Նորից Շուշիի պարիսպների մոտ կամ «Այդ օրը գալու է»
Պետք է լինի մի գաղափար, որով բոլորս կշարժվենք ու ըստ դրա նպատակներ կսահմանենք։ Օրինակ՝ ի՞նչ պետք է անեմ ես Շուշի վերադառնալու համար։ Պետք է Ստեփանակերտում քրտնաջան աշխատեմ ու փորձեմ օգնել մյուսներին։
Ամեն մեկս մեր գործում պետք է լինենք ավելի լավը, քան նախկինում, անենք ավելին, քան մինչ պատերազմն էինք անում։ Ինձ թվում է՝ այդ դեպքում կվերադառնանք մեր Շուշի, մեր Ղազանչեցոց։ Ինքս ավելի կապված էի Կանաչ ժամի հետ, որն այլևս չկա (ադրբեջանցիները հողին են հավասարեցրել եկեղեցին,- հեղ․)։
Քաղաքի պարիսպների մոտ գաստրո բակ կար։ Հաճախ էինք երեկոներն այնտեղ անցկացնում։ Ուզում եմ, որ մի օր իմ չրերն այնտեղ վաճառքի դրված լինեն։ Երազում եմ նստել Շուշիի պարիսպների մոտ ու թեյի հետ վայելել իմ պատրաստած չրերը։ Հնարավոր է՝ այդ օրը մոտ չէ, բայց ես հավատում եմ, որ այն անպայման գալու է։
«Ավելի ամուր եմ կանգնած իմ հողին»
Պատերազմից առաջ էլ, հիմա էլ իմ բոլոր պլաններն Արցախի հետ են կապված։ Իմ ապրելու միակ տեղն Արցախն է։ Եթե ստիպված լինեմ դուրս գալ այստեղից, հաստատ Երևանում էլ չեմ ապրելու։
Իրենց (ադրբեջանցիների,-հեղ․) ուզածն էլ հենց դա է, որ մենք դուրս գանք Արցախից կամ չաշխատենք, ոչինչ չանենք։ Պիտի ավելի շատ աշխատենք, քան մինչ պատերազմը՝ ավելի մեծ գաղափարներով ու մտքերով։ Դա է պատճառը, որ պատերազմից հետո վերադարձել եմ ու որոշել վերսկսել “Yan’s”-ի աշխատանքները։
Չես կարող ուղղակի թողնել ու գնալ, պատասխանատու ես քո հողի, քո տան, ամեն ծառի ու անկյան համար։ Մինչ այս նման մեծ պատասխանատվություն երբևէ չեմ զգացել։ Հիմա ավելի ամուր եմ կանգնած իմ հողին։
Զրույցը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարները՝ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից
Դիտումների քանակը` 1168