Աննա Գալստյան. «Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք»
Արարատի մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց մարզային խորհրդի նախագահ Աննա Գալստյանն այն 7 կանանցից մեկն է, որ պայքարում է Արտաշատի ավագանու անդամության համար սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Ծնվել է Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում: Գերազանցությամբ ավարտել է Այգեզարդ գյուղի Ա.Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցը, նույն տարին էլ մեկնարկել է իր աշխատանքային կենսագրությունը՝ աշխատել է Այգեզարդի, ապա նաև Շահումյանի միջնակարգ դպրոցներում՝ դասավանդել է կենսաբանություն առարկան: Այնուհետ ավարտել է ՀԳԱ ագրարային բաժինը, աշխատել միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը, որպես կադրերի բաժնի պետ, մաքսային համակարգի կապիտան է: Ներկայումս Աննա Գալստյանը արտադրող-գործարար է, ունի երկու զավակ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամակցում է 2008 թվականից և շուրջ 2 տարի է, ինչ ԲՀԿ Արարատի մարզի կանանց խորհրդի նախագահն է:
WomenNet.am-ի հետ զրույցում Աննա Գալստյանը ներկայացրեց այն խնդիրները, որ ստիպում են իրեն հերթական անգամ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին: Նախորդ ընտրություններին ևս դրել էր թեկնածությունը, սակայն հաջողության չէր հասել:
-Ի՞նչ տեսլական ունեք այս ընտրություններում:
-Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք: Ցանկանում եմ Արտաշատը տեսնել նորոգ ու բարեկարգ, մարդկանց՝ գոհ ու սրտացավ, լիարժեք տեր իրենց քաղաքին – սա է իմ տեսլականը:
-Կանայք այս անգամ շատ ակտիվ են Արտաշատում և դա ողջունելի է, քանի որ հատկապես մարզային քաղաքաներում կանայք ընտրություններին նվազ մասնակցություն են ցուցաբերում՝ մտահոգություն ունենալով, որ տղամարդկանց մրցակցությունն ավելի բարձր է: Ի՞նչն է փոխվել, ըստ Ձեզ, որ կանայք սկսել են ավելի ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացներին:
– Կարծում եմ վաղուց վերացել են այն կարծրատիպերը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ: Այսօր մեր կանայք կյանքի բոլոր բնագավառներում էլ իրենց լավագույնս են դրսևորում: Ներկայումս կանայք ավելի են սկսել գնահատել իրենց ուժերը և իրականում էլ մեծ ներուժ ունեն, ինչը ցանկանում են կյանքի կոչել: Ինչպես ասում են, եթե կանայք իրավունք ունեն բարձրանալու կառափնարան, ապա իրավունք ունեն նաև բարձրանալու ամբիոն:
-Ձեր կարծիքով, ինչու՞ է անհրաժեշտ կանանց ներկայությունն ավագանիում:
-Կինն ունի՝ լայն մտահորիզոն, ուղղամտություն, ուղղախոսություն, սրտացավություն՝ սեփական ժողովրդի և քաղաքի հանդեպ: Նա ունի մեծ նվիրում և ամենակարևորը՝ օժտված է մարդկանց օգնելու պատրաստակամությամբ:
–Որո՞նք են քաղաքի այն առաջնահերթ խնդիրները , որոնք պատրաստվում եք բարձրացնել ավագանու անդամ ընտրվելու դեպքում:
-Հրատապ լուծում է պահանջում կրթական ոլորտի խնդիրներն, որոնց էլ առաջնահերթ անդրադառնալու եմ, հատկապես կադրային քաղաքականությանը: Իրականում խնդիրները շատ են և բոլորն էլ ավագանու ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1465