Աննա Աստվածատուրյան Թերքոթ. «Իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ իմ սիրտն է, այսինքն՝ Սյունիքում և Արցախում»

 

Լույս է տեսել ամերիկահայ գրող, իրավաբան Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում․ դեպի անհայտություն» գիրքը, որում հեղինակն  առաջին դեմքից է  պատմում  Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին : Խեղված ճակատագրերի և օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող այս գիրքը գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք։

 

 

Դեռ Բաքվում ապրելու տարիներին 14 տարեկանում  նա իր ապրածի ու տեսածի մասին գրի առավ օրագրում, որն էլ  քսան տարի անց  հիմք  հանդիսացավ ամերիկյան հանրությանը ներկայացնելու ԱՄՆ-ում  անգլերենով հրատարակած իր «Արտաքսում․ դեպի անհայտություն» փաստագրական գիրքը։ Newmag-ը վերջերս է թարգմանել այդ գիրքը հայերեն,  շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Երևանում՝  հեղինակի մասնակցությամբ:

 

 «Այս անձնական պատմությունն իմ տատիկի և պապիկի հայրենիքում իրենց մայրենի լեզվով թարգմանելն իսկապես շատ կարևոր էր: Իմ տունն այնտեղ է, որտեղ իմ երեխաներն են, այսինքն՝ Միացյալ Նահանգներում, բայց իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ իմ սիրտն է, այսինքն՝ Սյունիքում և Արցախում», – ասում է նա:

 

 

 Աննա Աստվածատուրյան-Թերքոթը ծնվել է  Բաքվում 1978 թվականին,  որտեղից նրա ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո էլ բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում, որտեղ էլ Աննան իրավաբանական կրթություն է ստացել, ամուսնացել։ Ներկայումս նա հայտնի իրավաբան է:

 

 

2021 թվականին դարձել է առաջին փախստական կինը, որն ընտրվել է Վեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։ Աստվածատուրյանը  զբաղվում է նաև բարեգործական աշխատանքներով՝ տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի բնակչների համար մի շարք մարդասիրական ծրագրեր է նախաձեռնել։ 2013 թվականին արժանացել է Մխիթար Գոշ մեդալի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երախտագիտության մեդալի։ 2020 թվականին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։

 

 

 

 

Դիտումների քանակը` 779

Գլխավոր էջ