Անի Սամսոնյան. «Կանանց շահերը պաշտպանել եմ Երևանի ավագանիում, կպաշտպանեմ խորհրդարանում»
WomenNet.am-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ , արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Անի Սամսոնյանի հետ։ Նա նաև առաջադրվել է Երևանի թիվ 1 ընտրատարածքում ։
–Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքը սպասվածից քիչ ձայներ հավաքեց, այդքանից հետո ի՞նչ շանսեր ունեք խորհրդարանում հայտնվելու:
-Այո, «Լույս» դաշինքը սպասվածից ավելի քիչ ձայներ հավաքեց Երևանի ավագանու ընտրություններում և դա ունի հիմնականում երկու պատճառ։ Առաջինն այն էր, որ մեր դեմ իրականացվեց սև քարոզչություն և դա իրականացվեց ամենաբարձր ամբիոններից։ Երկրորդ պատճառն այն էր, որ փոխվեց քարոզարշավի բնույթը և ծրագրային, գաղափարական մրցակցությունը դարձավ սև ու սպիտակի քարոզ։ Երևանցիները չընտրեցին քաղաքապետ, այլ տվեցին վստահության քվե նիկոլ Փաշինյանին 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։ Այս քարոզարշավի ընթացքում, այդ մարտավարությունը կորցրեց իր ակտուալությունտ, որովհետև ընտրությունները իրողություն են, հակահեղափոխության վտանգ չկա։ Իսկ սև քարոզչության ասելիքի առումով իրադարձությունները ապացուցել են բազմիցս, որ այն իրականությանը չի համապատասխանում։
-Թիվ 1 ընտրատարածքում Դուք առաջադրվել եք նաև ռեյտինգային ընտրացուցակով, ո՞ր ուժին եք համարում լուրջ մրցակից և ինչպես եք ընտրողներին համոզելու, որ բազմաթիվ թեկնածուներից, այդ թվում՝ Ձեր թիմակիցներից, հենց Ձեզ ընտրեն։
-Ռեյտինգային ընտրակարգով ընտրություններում մեծապես կարևորվում է անձի գործոնը և այս առումով մրցակից բոլորը ուժերը, նրանց ներկայացուցիչները կարող են լինել անկանխատեսելի։ Ընտրողին համոզել պետք չէ, ընտրողը պետք է գնահատի քո աշխատանքը և իր խնդիրների լուծման հարցում ցուցաբերած հետևողականությունը։ Ես Երևանի ավագանու անդամ եմ, զբաղվել եմ երևանցիների խնդիրներով քաղաքային մակարդակում, հիմա ցանկություն կա այդ խնդիրները ներկայացնել ավելի բարձր ամբիոններում։
–Որոնք են լինելու Ձեր ծրագրային առաջնահերթությունները…
-Ծրագրային առաջնահերթություններում տնտեսությունն է, հարկային համակարգի և օրենսգրքի փոփոխությունները, որը մեծապես ազդելու է ներդրումային միջավայրի վրա։ Այս ոլորտում մենք ուշադրություն ենք դարձրել նաև փոքր բիզնեսին աջակցությանը, օրինակ՝ ՓՄՁ ընկերություններին պետական աջակցության տրամադրում, պրոգրեսիվ համակարգի սահմանում։ Գյուղատնտեսության ոլորտում ներդնելու ենք ապահովագրության համակարգ, խթանելու ենք կանաչ տնտեսությունը, ինչպես նաև տուրիզմը՝ գյուղական համայնքներում։
–Եթե պատգամավոր ընտրվեք, ո՞րն է լինելու Ձեր առաջին օրենսդրական նախաձեռնությունը։
-Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը, ինչպես նաև Երևանի մասին ՏԻՄ օրենքը պետք է վերափոխվի։ Ընտրվելու դեպքում, որպես ՏԻՄ-ից խորհրդարան գործուղղված պաշտոնյա, պլանավորել եմ մասնակցել այդ աշխատանքներին։
–Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում։
-Այո, պաշտպանել եմ Երևանի ավագանիում, կպաշտպանեմ խորհրդարանում։
-Ինչ–որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում ինչքանո՞վ է կարևոր կանանց մասնակցությունը …
-Ցանկացած խնդրին լուծում տալու հարցում օգնում է փորձը և պրոֆեսիոնալիզմը։ Իսկ եթե դա ունի կինը, դրան գումարվում է հոգատարությունը, հեռատեսությունը և գտնվում է լավագույն լուծումը։
–Ինչ կմաղթեք Ձեր ընտրողներին։
-Լուսավորե՛ք Հայաստանը։
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 1925