Անի Մկրտչյանի գերժամանակակից ջերմոցը կամ ակվապոնիկան Հայաստանում
Գեղարքունիքի մարզում մի յուրահատուկ ջերմոց կա, որը հիմնադրել է մասնագիտությամբ էկոլոգ Անի Մկրտչյանը: Երկար ուսումնասիրություններից հետո նա ներդրել է Դդմաշեն համայնքում գյուղատնտեսության նոր ու գերժամանակակից տեխնոլոգիա` ակվապոնիկան:
Ակվապոնիկան ակվակուլտուրայի ( ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումն առանց հողի) համադրությունն է : Այսինքն՝ փակ ջերմոցում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, որը հարստացվում է հարևանությամբ բազմացող ձկների արտաթորանքով: Ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես էկոլոգիապես մաքուր պարարտանյութ: Ակվապոնիկան նորարություն է Հայաստանում և տարածաշրջանում։ Այն որպես համակարգ առկա է զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում։
Գյուղատնտեսության մեջ գերժամանակակից այս ճյուղը Հայաստանում ներդնելու միտքը էկոլոգ Անի Մկրտչյանի մոտ ծագել է այն ժամանակ, երբ փորձել է ստեղծել իր սեփական բիզնեսը: Հինգ տարի աշխատելով միջազգային կազմակերպությունում, մի օր որոշում է կայացրել՝ ժամանակն է ստեղծել մի այնպիսի բիզնես, որն իր բնույթով կլինի յուրահատուկ:
Անի Մկրտչյանը պատմում է, որ հայաստանյան շուկան ուսումնասիրելուց հետո՝ հասկացել է, պետք է ընտրել մի այնպիսի բնագավառը, որ նորություն է շուկայում: Որպես կենսաբան՝ ծանոթ լինելով ակվապոնիկային, փորձել է այն կիրառել նաև մեր երկրում: Ուսումնասիրել է մի շարք երկրների փորձը, որից հետո իր նպատակը կյանքի կոչելու համար հիմնադրել է «ՄԱկվափոնիկս» (MAquaponics) ընկերությունը:
Ընկերությունը 2014 թվականին դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, CRDF Global կազմակերպության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից կազմակերպված, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվող «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա սթարթափ մրցույթի հաղթողներից մեկը:
Անի Մկրտչյանի խոսքերով՝ իրենք Հայաստանում ստեղծել են առաջին կոմերցիոն ակվապոնիկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռում արտադրել տարբեր տեսակի բանջարեղեններ, կանաչի և ձուկ։ Ներկայացնելով ակվապոնիկայի յուրահատկությունը՝ Անի Մկրտչյանն ասաց, որ այն մթերքի արտադրության գերխնայող մեթոդ է, ջրի կորուստը հասցված է նվազագույնի, անգամ ձկների օրգանիկ կերը աճեցվում է նույն ջրով լցված ավազանի մակերեսին: «Այսինքն՝ արդյունավետությունը բարձր է, իսկ ջրի տարեկան կորուստը կազմում է ընդամենը 7 տոկոս»,- ասաց նա:
Դդմաշենում տեղակայված ջերմոցի տարածքը 1000 քառակուսի մետր է։ Հետագայում պլանավորում են Դդմաշենը դարձնել էկո և ագրո տուրիստական, ինչպես նաև էկո-կրթական կենտրոն:
Անի Մկրտչյանը հայտնեց, որ ջերմոցում արտադրվող բերքը՝ բանջարեղենը և կանաչին, հիմնականում վաճառում են սրճարաններին ու ռեստորաններին: «Մենք չենք արտադրում այնպիսի մթերք, որը շատ ջերմոցներ արտադրում են: Մեր արտադրանքը յուրահատուկ է, ունենք մշտական գնորդներ: Տարեկան իրացնում ենք շուրջ 20 տոննա բերք, հետագայում նախատեսում ենք ծավալներն ավելացնել: Բույսերը, որոնք դժվարությամբ են աճում դաշտային պայմաններում, մեր ջերմոցում հեշտությամբ ու արագ բերք են տալիս: Ակվապոնիկան թույլ է տալիս ջրի մեծ խնայողությամբ ու բնական հավելումներով օրգանիկ մթերք ստանալ: Մեր արտադրանքի դեպքում սպառման խնդիրը 100 տոկոսով լուծված է»,- ասաց Անի Մկրտչյանը:
Ջերմոցում աշխատում են դդմաշենցիները, հիմնականում երկու ընտանիք, որոնց աշխատանքը, նվիրվածությունը ընկերության ղեկավարը բարձր է գնահատում: «Նրանք ինձ համար թանկ են, քանի որ այս ամենի մեջ հոգի են դնում: Նրանց նվիրվածության շնորհիվ այսօր մենք արտադրում ենք բարձրորակ, էկոլոգիապես մաքուր սննդամթերք»,- նշեց Անի Մկրտչյանը՝ հավելելով, որ իր նպատակն է նորարարության միջոցով նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ ծրագրերը շատ են, պարզապես ժամանակ է պետք, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի:
Անի Մկրտչյանից հետաքրքվեցինք՝ դժվար չէ Հայաստանում բիզնեսով զբաղվել, այն էլ՝ նորարարությամբ, պատասխանեց. «Կարծում եմ, որ ցանկացած երկրում էլ դժվար է: Ես ապրել եմ տարբեր երկրներում, փորձել եմ ինչ-որ բան անել, բայց Հայաստանը միակ տեղն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում: Նախ իմն է, իմ միջավայրն է, այստեղ ավելի կայուն եմ ինձ զգում: Այո, մրցակցության խնդիր կա, բայց եթե նման գործ ձեռնարկեի Նորվեգիայում, երբեք այսքան շուտ արդյունքի չէի հասնի, քանի որ անծանոթ միջավայրում ինչ-որ բան սկսելն արդեն բավականին երկար ժամանակ է պահանջում: Իսկ այստեղ ավելի արագ ստացվեց: Բացի դրանից, կան ծանոթներ, որոնք քեզ օգնում են, ուղղություն են ցույց տալիս»:
Նշենք նաև, որ Անի Մկրտչյանը բացի նորարարությամբ, զբաղվում է հագուստի, մասնավորապես, գիշերազգեստների արտադրությամբ: Ստեղծել է «Փետուր» ապրանքանիշը, որն այսօր արդեն իսկ մրցունակ է տեղական շուկայում: «Փորձում ենք մեր երկրում լումա ունենալ թեթև արդյունաբերության վերածծնդի եւ զարգացման գործում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հայկական արտադրանքը միշտ չէ, որ թանկ է, և որակով էլ ոչնչով չի զիջում եվրոպականին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց օրինակով ցույց են տալիս՝ հայկական արտադրանք կարելի է ստանալ առանց թուրքականն օգտագործելու: Նշենք, որ «Փետուր»-ի արտադրանքի համար անհարժեշտ հումքը ներկրվում է Դուբայից ու ասիական երկրներից:
Մ. Մարգարյան
Դիտումների քանակը` 9175