Անի Խաչատրյան. «Երկրում տեղի ունեցած փոփոխությունն ինձ մեծ ուժ և եռանդ է հաղորդում»
Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակի առաջին եռյակում ներկայացված Անի Խաչատրյանը՝ գործող ավագանու Ելք խմբակցության անդամ է: WomenNet.am-ի հետ զրույցում Անին պատմեց այն մասին, թե ինչ է փոխվել մեկ տարում և ինչ սպասելիքներով է նա գնում նոր արտահերթ ընտրություններին:
– Երևանի ավագանու գործող անդամ լինելով շատ հստակ պատկերացումներ ունեմ, մեր քաղաքի բազմաթիվ խնդիրների և ավագանու պարտականությունների մասին: Մինչ օրս ամեն մի խնդիրն իր արձագանքն է գտել իմ սրտում, փորձել եմ բարձրաձայնել դրանք, որոշ դեպքերում` գտնել դրանց լուծման տարբերակներ: Կարծում եմ, այդքան էլ վատ չի ստացվում ինձ մոտ: Իսկ երկրում տեղի ունեցած վերջին հայտնի փոփոխություններից հետո լիահույս եմ, որ Երևանի ավագանու կազմում իմ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, քանի որ, համոզված եմ, ավելանալու է մեր քաղաքի մասին հոգ տանողների թիվը: Իմ կարծիքով, Երևանի զարգացման և առկա բազմաթիվ խնդիրների լուծման գործընթացի հաջողությունն ամբողջովին կախված է երեք նախապայմանից. սրտացավություն, օրենքի և Երևանի հանրության շահի գերակայություն: Ես միայն այդ դեպքում եմ տեսնում մեր մայրաքաղաքի և մյուս համայնքների զարգացումը:
–Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում Երևանում և ինչպես եք փոխվել Դուք:
– Մեկ, երկու, տասը տարի առաջ մեր քաղաքն ուեցել է բազմաթիվ ակտիվիստներ, որոնք փորձել են իրենց կամքն արտահայտել քաղաքում տեղի ունեցող այս կամ այն փոփոխության վերաբերյալ: Նրանք երբեմն հաջողության են հասել, երբեմն՝ ոչ: Բայց պետք է խոստովանել, որ հանրության շրջանում մեծամասամբ ճնշվածության մթնոլորտ է տիրել: Հավատը, որ կարել է հանրային կարծիքի և կամքի շնորհիվ հարց լուծել, որպես այդպիսին բացակայել է: Վերջին մեկ տարվա, գուցե և տասնամյակների գլխավոր փոփոխությունը ես համարում եմ այս հավատի և վստահության վերականգնումը, վստահություն, որ կարելի է չհամաձայնել, բարձրաձայնել, բողոքել, վերջիվերջո պահանջել և հաջողության հասնել: Այս փոփոխությունն ինձ մեծ ուժ և եռանդ է հաղորդում`ավելի ակտիվ ձեռնամուխ լինելու մեր քաղաքաշինությանը:
–Մեկ տարի առաջ, ընտրությունների նախաշեմին, WomenNet.am-ի հետ զրույցում ասացիք, որ Երևանը Ձեզ համար անհոգ դեմքով երևանցին է: Այսօր ինչպիսի՞ն է Երևանը, անհո՞գ ենք:
-Դեռևս ոչ: Երևանցին դեռ անհոգ չէ: Երևանը բազում խնդիրներ ունի, չնայած աշխարհում չկա այդպիսի քաղաք, որը խնդիրներ չունենա: Բայց մեզ մոտ դրանք շատ-շատ են: Հավատացած եմ, որ մենք այժմ դրանց լուծման ճիշտ ուղու վրա ենք: Այսօր երևանցին դեռ անհոգ չէ, բայց վերջապես նրան է վերադարձել տարիների ընթացքում կորցրած ժպիտը և սրտի ջերմությունը:
-Ասում են, կանայք էմոցիոնալ են մոտենում խնդիրների լուծմանը: Համաձա՞յն եք դրա հետ:
– Գիտեք, ես դեմ եմ աշխատանքի և պարտականությունների կատարման մեջ սեռաբաժանմանը: Ինչ է նշանակում ավելի էմոցիոնալ են կամ ավելի էմոցիոնալ են մոտենում հարցի լուծմանը: Առավել ևս դա դիտարկել որպես պիտակավորում: Կա հստակ աշխատանք, կա հստակ պարտականություն և դրանք կատարելու հստակ քայլեր: Հուզականությունն այստեղ որոշիչ գործոն չէ, ինչպես նաև սեռի պատկանելիությունը: Մարդը կամ իր աշխատաքը կատարում է, կամ ոչ: Սա է կարևորը:
–Ի՞նչ խնդիրներ ունեն մայրաքաղաքում բնակվող կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:
– Կարծում եմ, Երևանի կանայք և երեխաներն ունեն այն խնդիրները, ինչ և մայրաքաղաքի բոլոր բնակիչները: Իհարկե, որպես առանձին սոցիալական խմբեր, նրանք ունեն նաև իրենց հատուկ խնդիրներն ու կարիքները, բայց ի սկզբանե նրանց տարանջատել չէի ցանկանա: Ասենք, կանաչ գոտիների սակավությունից տառապում են բոլորը, տեխնիկապես անսարք տրանսպորտի պատճառով աղտոտված օդը շնչում են բոլորը: Իհարկե, երեխաներն այստեղ խոցելի խումբ են, տարեցտարի մեր քաղաքում ավելանում է շնչառական ալերգիաներով և ասթմայով տառապող երեխաների թիվը: Տուժում են նաև տարեցները, շնչառական խնդիրներով մարդիկ: Վատ աղբահանումից տուժում են բոլորը: Գուցե կանանցից առավել` իմունիտետով թույլ մարդիկ: Վատ ուսուցման արդյունքում տուժում են մեր երեխաները, բայց արդյոք այս խնդիրը իր սահմաններն է գտնում լոկ նրանց շրջանում: Իհարկե ոչ: Դրամահավաքից, ծնողի առաջ դրվող բազմաթիվ պահանջներից, ուսուցչի` որպես մասնագետ, որոշ դեպքերում որպես մարդ ցածր որակից ծնողը պակաս չի տուժում: Այնպես որ, անելիքները շատ են՝ թե՛ բոլորի համար, թե՛ առանձին խմբերի: Ասենք, հաշմադամություն ունեցող երեխաների, նաև մեծահասակների հարցը: Տեղյակ ենք մենք արդյոք հաշմադամություն ունեցող, տեղաշարժման խնդիր ունեցող քանի՞ երեխա կա մեր պետությունում և նրանցից քանիսն ունի սովորական դպրոց հաճախելու փաստացի հնարավորություն: Քանի՞ աշխատող, իր տան չորս պատից դուրս գալու հնարավորություն ունեցող սայլակով մեծահասակ կա: Այս մասին խոսվել է բազմիցս, արվել է գրեթե ոչինչ: Մենք չունենք նրանց հարմարեցված ո՛չ մայթեր, ո՛չ տրասպորտ, ո՛չ խանութներ ու հասարակական վայրեր: Եղածները կարելի է մատների վրա հաշվել…
-Ըստ Ձեզ, ինչո՞վ է ապագա ավագանին՝ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելով, տարբերվելու նախորդից և կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:
– Այն ավելի լուսավոր է: Եթե մեր ավյունի մեծ մասն ուղղված էր նախորդ իշխանությունների անօրինությոնների դեմ պայքարելուն, եթե մեր ամեն առաջարկ, դիտողություն, շտկման ցանկություն դիտվում էր որպես թշնամանք, մեծ տեղաշարժերի հասնելը բավականին բարդ էր: Այժմ իրողությունն այլ է, և մեծ հույս ունեմ, որ այս անգամ և այսուհետ երևանաշինության մեծ գործին ձեռնամուխ են լինելու ավագանու բոլոր անդամները, կառավարման բոլոր ուժերը միասին: Եվ այս պարագայում դրական տեղաշարժն ու փոփոխությունները ակնհայտ են լինելու:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3002