Անահիտ Էվոյան․ «Ինչպե՞ս մաքրությունը բերել ինստիտուցիոնալ դաշտ»
Փոխել գործունեության ոլորտն ու ամեն ինչ սկսել զրոյից… Լրագրությունից և PR-ից՝ դեպի բիզնես, տեքստերից և ստեղծարարությունից՝ դեպի թվեր և հաշվարկներ… Այս որոշումը հատկապես դժվար է տրվում նրանց, ովքեր հաջողել են մասնագիտության մեջ, ունեն սիրելի աշխատանք, իսկ, երբ այս ամենին գումարվում է նաև նորաստեղծ ընտանիքի կնոջ և երիտասարդ մոր պարտականությունները, խնդիրն ավելի է բարդանում։ Բայց ոչ Անահիտ Էվոյանի համար, ով 35–ում որոշեց հիմնովին փոխել իր և, ինչու ոչ, ուրիշների կյանքը․
«Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկն ինձ ասեր, որ ես որոշելու եմ թողնել իմ ստեղծագործական աշխատանքը և բիզնեսով զբաղվել, ես շատ բարձր կծիծաղեի։ Ես, իրոք, երբեք ինձ չեմ պատկերացրել այս ոլորտում, հատկապես, որ շատ սիրում էի իմ մասնագիտությունն ու աշխատանքը։ Երբեմն հիմա էլ չեմ հավատում, որ արեցի դա։ Բայց ամեն ինչ շատ զարմանալի կերպով բերեց ինձ այս որոշմանը․ Երբ ծնվեց աղջիկս, ինձ համար առաջնահերթությունները շատ հստակ էին՝ նախ ինքը, ապա մյուս հարցերը, այդ թվում՝ մաքրությունը։ Բայց ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ մաքրության հարցում չափազանց բծախնդիր եմ։ Եկավ մի պահ, երբ հասկացա, որ այդ հարցում ինքս իմ սահմանած չափանիշներին այլևս չեմ բավարարում, չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել տնային գործերին։ Սկսեցի օգտվել տարբեր ծառայություններից։ Ընդ որում՝ ես օգտվում էի ոչ թե անհատների ծառայություններից, այլ այդ ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների, քանի որ կարծում էի, որ դրանք ավելի վստահելի են»,– պատմում է Անահիտը։
Ըստ նրա՝ կազմակերպությունների առաջարկած ծառայություններից օգտվելը, իհարկե, ավելի թանկ է, քանի որ հաճախորդը ստիպված է լինում վճարել նաև կազմակերպչական ծախսերի համար, բայց միևնույն պատճառով մեծ են սպասելիքները նաև որակի իմաստով։ Այդ ընթացքում Անահիտն օգտվել է տարբեր կազմակերպությունների ծառայություններից, մեկից գոհ է եղել, մյուսից՝ ոչ այդքան։ Բայց խոստովանում է՝ չի եղել մի դեպք, երբ մաքրուհիների գնալուց հետո անձամբ բնակարանը մաքրելու կարիքը չզգա․
«Վերջին անգամ, երբ օգտվեցի բավականին հայտնի մի կազմակերպության ծառայություններից, աղջիկս դեռ շատ փոքր էր։ Տանը աշնանային, սեզոնային մաքրություն պետք է արվեր։ Ծառայությունն այդ աշխատանքի համար ուղարկել էր մի կնոջ, որը գիշերային հերթափոխից էր գալիս՝ չքնած, հոգնած։ Եվ դա իր մեղքը չէր։ Նա մորս տարիքի էր, և ես, իհարկե, չէի կարող ինձ թույլ տալ նկատողություն անել նրան։ Նրա գնալուց հետո երկար լաց էի լինում։ Ես, որ երբեք վատ կարծիք չեմ հայտնում, գտա կազմակերպության հավելվածը, էջերը սոցիալական ցանցերում ու 4 էջանոց մի նամակ գրեցի այն մասին, թե որքան վատ էր կազմակերպված աշխատանքը։ Երբ ամուսինս վերադարձավ աշխատանքից և տեսավ ինձ այդ վիճակում, ասաց՝ «եթե չես գտնում այն, ինչ քեզ պետք է, գուցե ի՞նքդ ստեղծես»»,– հիշում է Անահիտը։
Ամուսնու այս խոսքերը դեռ որոշ ժամանակ միայն հետաքրքիր գաղափար էին թվում։ Չէր պատկերացնում ինչպես համատեղել բիզնեսը դստեր ու սիրելի աշխատանքի հետ։ Կարճ ժամանակ անց քույրը համացանցում տեսնում է ՀԲԸՄ հայտարարությունն այն մասին, որ սկսվել է կին ձեռներեցների համար դասընթացի մասնակցության հայտերի ընդունելությունը։ Լուրջ չվերաբերվելով նաև այս հնարավորությանը, Անաիտն, ամեն դեպքում, լրացնում է հայտը․
«Հայտը շատ մանրամասն էր կազմված։ Անգամ լրացնելիս՝ ես սկսեցի մտածել հարցերի շուրջ, որոնց մասին երբեք չէի մտածել՝ օրինակ՝ նախնական բյուջեի կազմում և այլն։ Շուտով պարզվեց, որ հայտադիմումների փուլն անցել եմ, հաղթահարեցի նաև հաջորդ փուլերը և սկսեցի հաճախել դասընթացների։ Այդ ժամանակ գտնվում էի ֆիզարձակուրդում, և դասընթացներին հաճախելը դժվար չէր։ Դրանց ընթացքում ես ստացա բիզնես ոլորտի այնպիսի գիտելիքներ, որոնց մասին գաղափար անգամ չունեի։ Դասընթացի վերջում կարող էինք դիմել դրամաշնորհ ստանալու համար։ Ես այս փուլը չհաղթահարեցի»,– պատմում է Անահիտը։
Դասընթացի ավարտը համընկավ համավարակի տարածմանը, հետո՝ նաև պատերազմին, և բիզնես գաղափարների իրականացումը հետաձգվեց ևս մեկ տարով։ Այդ ընթացքում Անահիտը վերադարձավ աշխատանքի, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ գրասենյակում իր հաստիքը կրճատվում է։ Ամանորից հետո Անահիտը կանգնեց երկընտրանքի առջև՝ անցնել այլ գրասենյակային աշխատանքի կամ փոխել կյանքը․
«Այդ ժամանակ «քաղաքական որոշում» կայացրեցի, որովհետև հասկացա, որ այլևս չեմ ուզում գրասենյակային աշխատանք անել՝ այն իմաստով, որ ինքս ոչինչ չեմ ստեղծում։ Այստեղ ևս ՀԲԸՄ–ն ինձ օգնության հասավ․ ես դիմեցի բիզնես խորհրդատվության համար, ներկայացրեցի բիզնես սկսելու համար նախնական բյուջե, ինչից հետո նրանք կիսով չափ ֆինանսավորեցին այն, և ես կարողացա անհրաժեշտ տեխնիկա, նյութեր և համազգեստ ձեռք բերել։ Այսպես ստեղծվեց «Մաքրության ակադեմիան»»,– պատմում է նա։
Անահիտն ասում է՝ սա մեծագույն աջակցություն է սկսնակ գործարարի համար, քանի որ կիսով չափ նվազում է ոչ միայն անձնական ֆինանսական ներդրման չափը, այլև ձախողման վախը։ Բիզնես գաղափարի իրագործումը մասնագիտությամբ լրագրող Անահիտը սկսեց հետազոտություններից․ նրա համար կարևոր էր հասկանալ ոչ միայն արտասահմանյան նման կազմակերպությունների աշխատանքի տրամաբանությունը, կազմակերպչական մանրուքները, փորձը, այլև այն, թե ինչպիսին պետք է լինի իր բիզնեսը, որպեսզի տարբերվի տեղական շուկայում արդեն իսկ գործող շուրջ հարյուր նման կազմակերպություններից․
«Երբ սկսեցի ուսումնասիրել միջազգային փորձը, պարզվեց, որ մարդիկ մաքրության սերտիֆիկատներ ունեն, որ սա աշխատանք է, որը կատարելու համար սովորում են։ Պարզվեց, որ, օրինակ, Անգլիայում դա շատ թանկ կրթություն է, որ նրանք սերտիֆիկատներ են տալիս ամբողջ աշխարհում գործող քլինինգային ընկերությունների։ Ինստիտուցիոնալ փորձ ունեն նաև Ամերիկան, Կանադան և այլն։ Այս բիզնեսում մոտեցումները շատ տարբեր են։ Ես ուսումնասիրում էի հասանելի բոլոր աղբյուրները՝ գտնելու համար, թե դրանցից ո՞րն առավել հարմար կլինի Հայաստանում տեղայնացնելու համար»,– հիշում է Անահիտը։
Խոստովանում է՝ հաջորդ՝ աշխատակիցների ընդունման փուլն ամենաբարդն էր՝ ամենասթրեսայինն ու, միևնույն ժամանակ, ամենաուսուցանողը։ Այս փուլում Անահիտը հասկացավ՝ հաճախորդների սպասարկման էթիկան պետք է դառնա առանձին դասընթաց, քանի որ հենց դա է, հիմնականում, խնդիր դառնում։
Անահիտն ասում է՝ արդեն այսօր ունի այնպիսի աշխատակիցներ, ում սահմանած նշաձողն իր համար օրինակելի է։ Մարդիկ, ովքեր կարող են ունենալ նույնիսկ բարձրագույն կրթություն, բայց նրանք գիտեն իրենց աշխատանքի, ջանքի իմաստը, արժանապատիվ են և սրտացավ իրենց գործի նկատմամբ, իսկ սրտացավության ամենալավ դրսևորումը սեփական գործը լավ անելն է։
Անահիտն ասում է՝ Հայաստանում կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք պատրաստ են աջակցել սկսնակ գործարարներին, ուղղակի դաշտը ուսումնասիրել է պետք և հասկանալ՝ պե՞տք է արդյոք դիմել աջակցության համար, թե ոչ։ Այսօր ինքն արդեն շատ կազմակերպությունների չի դիմում․ գիտի՝ իր բիզնեսն ավելի արագ ինքնաբավ կդառնա, քան շատ ուրիշներինը, ովքեր այդ աջակցության կարիքն ավելի ունեն։ Այսօր ինքն ավելի շատ մտածում է բիզնեսի և ծառայությունների ընդլայնման մասին, քան հավելյալ ֆինանսական հոսքերի ներգրավման․
«Այսօր ինձ համար ավելի կարևոր է գործունեության նոր ուղղությունների վրա աշխատանքը։ Օրինակ՝ պարզվեց, որ կան հյուրանոցներ, գրասենյակներ, որոնց հետաքրքրում են ոչ թե քլինինգային ծառայությունները, այլ մեր թրեյնինգային կոմպոնենտը, որպեսզի մենք սովորեցնենք իրենց աշխատակիցներին ավելի լավ և արդյունավետ կատարել իրենց աշխատանքը։ Հիմա սա մեր գործունեության առանձին ուղղություն է դառնում»,– ասում է «Մաքրության ակադեմիայի» հիմնադիրը։
Անահիտն ասում է՝ իր համար սկզբունքային է եղել աշխատանքները հարկային դաշտում իրականացնելը, չնայած, որ նման ծառայություններ մատուցող ընկերությունները, սովորաբար, ունենում են մեծ թվով չգրանցված աշխատակիցներ, հետևաբար՝ խախտված աշխատանքային իրավունքներ և ոչ մի պատասխանատվություն․
«Բայց արի ու տես, որ հարկային դաշտում, օրինական աշխատանքի այս սկզբունքը աշխատակիցների ներգրավման իմաստով խնդիր դարձավ։ Ես շատ զարմանում էի, երբ մարդիկ գերադասում էին անհամեմատ ցածր աշխատավարձով, վատ կազմակերպչական և աշխատանքային պայմաններում աշխատել, բայց չընդունել մեր առաջարկը միայն այն պատճառով, որ չէին ուզում գրանցված աշխատող լինել։ Շատերն ասում էին, որ իրենք վարկեր ունեն կամ նմանատիպ այլ խնդիրներ, և չեն ուզում, որպեսզի իրենց եկամուտը որևէ տեղ գրանցվի։ Երկրորդ հիմնական պատճառը, որ մարդիկ հրաժարվում են աշխատանքի անցնել, այն է, որ չեն ցանկանում մասնակցել թրեյնինգներին։ Ասում են՝ մենք 20 տարի այս գործն ենք անում, դուք ի՞նչ նոր բան պետք է մեզ սովորեցնեք։ Երրորդ պատճառը, իհարկե, մաքրուհու աշխատանքի հետ կապված կարծրատիպերն են»,– ասում է Անահիտ էվոյանը։
Ըստ նրա՝ «Մաքրության ակադեմիայում», ի վերջո, հայտնվում են միայն այն մարդիկ, ովքեր ուզում են սովորել և աշխատել և ովքեր հասկանում են արժանապատիվ, պաշտպանված աշխատանքի գինը։ Նրանց աշխատանքային պայմանագրերում միայն 8 էջ հատկացված է աշխատանքային իրավունքներին և պարտականություններին, այդ թվում՝ նրան, թե ինչպե՞ս իրենք պետք է վերաբերվեն հաճախորդներին և, ինչը պակաս կարևոր չէ, հաճախորդն՝ իրենց․
«Մեր աշխատակիցները գիտեն՝ այն պահին, երբ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են զգում, ճնշում, առավել ևս՝ ոտնձգություն, որ պարզվում է կա, իրենք դադարեցնում են աշխատանքը, թողնում տարածքում ամեն ինչ և դուրս գալիս այդ բնակարանից։ Այդ պահից սկսած ողջ պատասխանատվությունը կազմակերպությունը վերցնում է իր վրա»,– մանրամասնում է «Մաքրության ակադեմիայի» հիմնադիրը։
Ըստ նրա՝ լրագրողի մասնագիտությունը և փորձը PR ոլորտում իրեն շատ են օգնում նաև բիզնեսի իրականացման հարցում․ իր համար խնդիր չի դառնում գաղափարները տեքստի վերածելը և դրանք մարդկանց համար առավել հասկանալի դարձնելը։ Փորձը նաև օգնում է սոցիալական մեդիայի համար բովանդակության ստեղծման և էջերի առաջխաղացման հարցում։
Անահիտն ասում է՝ առանց ընտանիքի և հատկապես ամուսնու աջակցության, երբեք չէր խիզախի բիզնես հիմնել և այսպիսի կտրուկ փոփոխությունների գնալ․
«Առավելություն է ունենալ սիրելիների աջակցությունը և վստահությունը, որ կարող ես զբաղվել այն գործով, որը քեզ հետաքրքիր է։ Ցավոք, այդ աջակցությունը բոլորը չունեն։ Շատ կարևոր է, որ մեկը քեզ ասի՝ մի վախեցիր, որովհետև վախն առաջին խոչընդոտն է ցանկացած բան ծրագրելիս։ Հաջորդ քայլը ուսումնասիրելն է, կարդալը, հնարավորինս շատ ինֆորմացիա ունենալը այն մասին, ինչով ուզում ես զբաղվել»,– ասում է Անահիտը։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 2256