Անահիտ Եղոյան. «Շարքային երևանցին պետք է մասնակցի մայրաքաղաքի կառավարմանը»

«Երևանցիներ» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 53 թեկնածուներով: Նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանն է:

 

 

2005 թվականին ստեղծված «Հայոց հայրենիք» կուսակցությունն ակտիվ քաղաքական գործընթացներին սկսել է մասնակցել 2007 թվականից, երբ նախագահական ընտրապայքարին միացավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տիկին Եղոյանը հիշում է, որ իրենց կուսակցությունն առաջիններից էր, որ միացավ ժողովրդական շարժմանը: Այդ ժամանակ կուսակցությունն ավելի քան 500 վստահված անձինք ուներ տարբեր ընտրատեղամասերում: Նախագահական ընտրությունները  և դրան հաջորդած բոլոր իրողությունները, հատկապես Մարտի 1-ի իրադարձությունները, ազդեցություն ունեցան նաև կուսակցության վրա՝ քաղաքական հետապնդումների և հալածանքների տեսքով: Նույն թվականին կուսակցության առաջնորդի պարտականությունները ստանձնեց Անահիտ Եղոյանը: Խոստովանում է՝ դա պայմանավորված էր ոչ միայն իր կուսակցական ակտիվ գործունեությամբ, նաև՝ կին լինելու հանգամանքով:

 

 

«Չնայած, որ օրենսդիր և գործադիր մարմիններում ներկայացված չենք եղել, կարողացել ենք կազմակերպել կուսակցության բազմաթիվ հանդիպումներ՝ քաղաքի տարբեր վարչական տարածքների բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, փորձել լուծումներ տալ նրանց հուզող հարցերին: Այնուամենայնիվ, ինձ համար կարևոր է, որ մեր գործունեության և մտահոգության առանցքում մշտապես գտնվել են սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ, հատկապես կանայք, ովքեր, շատ հաճախ, զրկված են աշխատելու հնարավորությունից»,- պատմում է Ա. Եղոյանը:

 

2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի առաջին օրերին, Անահիտ Եղոյանը ստեղծել է  «Հայ կանանց կամավորների» ջոկատ, որում ընդգրկվել է ավելի քան 30 կին: Ստանձնելով ջոկատի հրամանատարի դերը՝ օրեր անց մեկնել են Թալիշ՝ առաջնագիծ:

 

Պատերազմից հետո տիկին Եղոյանի գործունեությունն առավելապես ուղղվել է սահմանամերձ շրջաններում կանանց զբաղվածության խնդրին: «Մեզ համար կարևոր է, որ սահմանամերձ շրջաններում ապրող կանանց տրամադրվի ոչ թե մեկանգամյա օգնություն՝ ֆինանսական կամ այլ բնույթի, այլ որպեսզի նրանց համար ստեղծվեն պայմաններ՝ երկարաժամկետ ապագայում կայուն, թեկուզ և փոքր եկամուտ ունենալու համար»,- պատմում է նա:

 

2017 թվականին Անահիտ Եղոյանն առաջադրվել է Շիրակի մարզի պատգամավորի թեկնածու՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից:

 

Մասնագիտությամբ իրավաբան Եղոյանի մասնակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին եղել է կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ:  Ավագանու կազմում ընդգրկվելու դեպքում ևս նրա ուշադրության կենտրոնում լինելու են տարբեր վարչական շրջաններում բնակվող սոցիալապես անապահով, խոցելի ընտանիքների հիմնախնդիրները, հատկապես՝ միայնակ մայրերի, ում ձայնը, հաճախ, լսելի չէ:

 

Ըստ տիկին Եղոյանի՝ մայրաքաղաքի առաջնային խնդիրը «երևանամետ» քաղաքապետ ունենալն է, ով ճանաչում և սիրում է քաղաքը. «Իմ կարծիքով՝ կարևոր է, որպեսզի Երևանի քաղաքապետը տեղյակ լինի քաղաքի խնդիրներից, կտրված չլինի իրականությունից, կարողանա զատել առաջնային և երկրորդական խնդիրները: Մեզ բանիմաց, փորձառու քաղաքապետ է պետք: Միակ բանը, որ կարողացան անել նախորդ իշխանությունները, իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների հանրապետականացումն է: Ավելին, ամեն անգամ, երբ որևէ մեկն ինձ ասում է, որ նախկին իշխանությունները աղբահանություն, կանաչապատում կամ այլ ծրագիր են իրականացրել, ես ուղղակի ասում եմ, որ դա իրենց աշխատանքային պարտականությունն է եղել, նրանք դրանով որևէ մեկիս լավություն չեն արել»,- ասում է նա:

 

«Երևանցիներ» դաշինքը Երևան քաղաքը պատկերացնում է որպես միասնական օրգանիզմ: Ավելին՝ նրանք առաջարկում են Երևանը դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, որում բաժնետեր կարող է դառնալ յուրաքանչյուր երևանցի: Ամեն մեկն իր մասնագիտական կարողությունների և հնարավորությունների սահմանում կարող է հիմնախնդիր մատնանշել և դրա լուծմանն ուղղված քայլեր առաջարկել և իրագործել: Այդպիսով՝ շարքային երևանցին կմասնակցի Երևանի կառավարմանը՝ ստանձնելով շատ որոշակի պարտավորություններ:

 

«Ես համոզված եմ, որ շարքային քաղաքացու սրտացավությունը կօգնի շատ խնդիրների լուծմանը: Եթե ամեն մարդ ստանձնի կոնկրետ իր բնակության վայրին վերաբերող որևէ հիմնախնդրի լուծում, արդյունքը շատ ավելի նկատելի կդառնա: Քաղաքապետարանը կստանձնի քաղաքի հիմնախնդիրների լուծման պարտականությունը, քաղաքացին՝ պարտավորությունը: Միայն այսպիսի համագործակցության շնորհիվ է հնարավոր լուծել մեր քաղաքի առջև ծառացած խնդիրները»,- համոզված է Անահիտ Եղոյանը:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 1909

Գլխավոր էջ