Անահիտ Բախշյան. « Մանկապարտեզները պետք է անվճար լինեն միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար»
Երևանում նախադպրոցական կրթության խնդիրների մասին WomenNet.am-ը զրուցում է առաջիկա ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանի հետ: Երկար տարիներ կրթության խնդիրներով զբաղվող տիկին Բախշյանն ասում է, որ Երևանում նախադպրոցական կրթությունը հասու է երեխաների ընդամենը 55 տոկոսին, մնացածները այդ կրթությունից չեն կարողանում օգտվել տարբեր պատճառներով: Դրանցից հիմնականը նա է, որ մանկապարտեզներում տեղերը սահմանափակ են, քանի որ տարբեր ժամանակներում մանկապարտեզների շենքերն են օտարվել, դրանք տրվել են վարձակալության: Դրա հետ մեկտեղ, կա նաև ուրիշ խնդիր՝ կան մանկապարտեզներ, որտեղ պատրաստի խմբասենյակները դատարկ են մնում, երեխաներին չեն ընդունում: Տիկին Բախշյանը մանակապարտեզների խնդրի լուծման իր տարբերակն ունի…
– Երևանում մանկապարտեզները դարձան անվճար 2011 թվականին քաղաքապետի որոշմամբ, այնուհետ, արդեն Տարոն Մարգարյանի որոշմամբ, մանկապարտեզները 8000 դրամ վճար սահմանեցին այն երեխաների համար, ովքեր երևանցի չեն, և ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանին այնքան էլ ձեռնտու չի եղել բոլոր եղած ազատ խմբասենյակները լրացնել: Ես առնվազն երեք մանկապարտեզ գիտեմ, որտեղ խմբասենյակը կա, բայց երեխա չկա. Հայտարարում են, որ Երևանի բյուջեն կարող է միայն կոնկրետ այսքան երեխայի անվճար հաճախում ֆինանսավորել: «Լույս» դաշինքի ծրագրում չենք բարձրաձայնել այդ մասին, բայց ես առաջարկելու եմ սոցիալապես անապահով ընտանիքների համար մանկապարտեզները թողնել անվճար, իսկ մնացած ընտանիքների համար դրանք դարձնել վճարովի: Բայց այդ մասին ես խոսել եմ անընդհատ նախորդ տարիներին և շարունակելու եմ այդ գիծը տանել, որովհետև կարծում եմ, որ ճիշտ է վերադառնալ վճարովի մանկապարտեզների գոյությանը, բայց տարբերակված մոտեցմամբ ընտանիքների համար: Այդպիսով նաև Երևանի բյուջեի բեռը կթեթևանա:
–Մտավախություն չունեք, որ քննադատության կարժանանա՞ք նման նախաձեռնության համար:
-Ոչ, որովհետև երբ մանկապարտեզները բոլորն անվճար են, ապա դա բոլորովին արդար չի, մանավանդ, որ Երևանը միակ համայնքն է, որտեղ մանկապարտեզներն անվճար են, մնացած բոլոր մարզերում նման մոտեցում չի կիրառվում: Նաև խնդիր է այն, որ նախադպրոցական կրթությունը սահմանադրությամբ պարտադիր չէ, այսինքն պետությունը չի վերցրել պարտավորություն նախադպրոցական կրթությունը դարձնել անվճար: Սա նշանակում է նաև, որ այդ ծառայությունը վճարովի է, և բարի կամք դրսևորել միայն Երևանում, դա չափազանց անարդար է մարզերի նկատմամբ: Ես այս մասին ասել եմ տարիներ շարունակ:
– Որքանո՞վ Ձեր նշված տարբերակը դա կարող է ծնողներին երաշխավորել, որ իրենք այլևս չեն բախվի երեխային մանկապարտեզ տեղավորելու խնդրին և հերթը հասավ–չհասավ գլխացավանքից կազատի:
– Անշուշտ, ավելի քիչ հերթեր կունենանք՝ վստահ եմ դրանում, բայց նույնիսկ այդ դեպքում խնդիրը լիովին չի լուծվելու, որովհետև մանկապարտեզների թիվն է սահմանափակ: Կան վարչական շրջաններ, օրինակ Արաբկիրը, որտեղ շատ քիչ մանկապարտեզներ կան, նույնը նաև Դավթաշենում: Ժամանակին դրանք սեփականաշնորհել են, երեխաներից խլել են և հասկանալի է, որ նման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է շենքերը վերադարձվեն երեխաներին: Փաստը այն է, որ նույնիսկ եթե վճարովի դառնան, այդ խնդիրը մնալու է: Թեպետ ինձ ասում են, որ եթե լինի վճարովի համակարգ, ապա մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կպակասի, ինչի հետ ես այնքան էլ համաձայն չեմ:
– Հատկապես, եթե նայենք մասնավոր մանկապարտեզների ու նմանատիպ կենտրոնների օրեցօր աճող թվին …
-Այո: Ես չեմ կարծում , որ երեխաների թիվը կպակասի, քանի որ, նախ, չեմ ասում, որ մանկապարտեզները վճարովի դառնան բոլորի համար, այլ ասում եմ, որ պետք է լինի տարբերակված մոտեցում՝ սոցիալապես անապահով ընտանիքները չեն վճարի: Եվ սա բոլորովին դժվար չէ ճիշտ կազմակերպել :
–Եթե «Լույս» դաշինքը հաջողություն արձանագրի առաջիկա ընտրություններին և ներկայացված լինեք Երևանի ավագանիում, Դուք այս հարցը բարձրացնելո՞ւ եք:
-Այո, անպայման: Ես առաջարկելու եմ վերանայել Երևանի քաղաքապետի 2011 թվականի ապրիլի 4-ի որոշումը: Եվ հիմնավորումը լինելու սա՝ նախադպրոցական կրթությունը պարտադիր չէ, պետությունը չի ստանձնել այն անվճար իրականացնելու պարտավորություն, հետևապես միայն Երևանում դա իրականացնել, իսկ մարզերում՝ ոչ, արդար չէ:
– Որոշ ժամանակ առաջ Ձեր գործընկերները բարձրաձայնեցին մանկապարտեզների աշխատանքային ժամերն ավելացնելու հարցը, որպեսզի ծնողները աշխատավայրում խնդիրներ չունենան, բայց այդ հարցը այդպես էլ չլուծվեց: Այս հարցի ինչ լուծում եք տեսնում:
-ՀՀ Աշխատանքային օրենսգրքով աշխատանքային օրը 8 ժամ է, եթե մարդ դրանից ավելի է աշխատում, ապա պետք է վճարել: Երևանի քաղաքապետարանին դա ձեռնտու չէ , քանի որ եթե մանկապարտեզի աշխատողների աշխատանքային օրը մինչև 19.00-ն երկարացվի, ապա պետք է կես դրույք ավել վճարվի: Այս հարցի լուծման համար երկու տարբերակ կա. կամ քաղաքապետարանը իսկապես պետք է վճարի, կամ այդ լրացուցիչ ժամանակի համար, որպես լրացուցիչ վճարովի ծառայություն, վճարեն ծնողները:
–Կարծում եք ծնողները չե՞ն համաձայնի նման տարբերակի:
-Որքան տեղյակ եմ, Երևանում ընդամենը երեք մանկապարտեզ է գործում, որտեղ այդ ծառայությունը կա, բայց անվճար: Թե ինչպե՞ս են դա արել կամ ինչպես են դաստիարակները համաձայնվել ես չգիտեմ, բայց նման փորձ ունենք: Բայց ես անձամբ սխալ եմ համարում, որպեսզի դաստիարակները ավել ժամ աշխատեն ու չվարձատրվեն դրա համար: Մեր ծնողները չեն ուզում վճարել, այս խնդիրը ունենք, բայց, կարծում եմ, սա քննարկման հարց է և դրան կանդրադառնանք:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1794