Անահիտ Ադամյան. «Մեզ ընտրելով` ընտրում եք ձեզ»
Մեր զրուցակիցն է լրագրող, հրապարակախոս Անահիտ Ադամյանը, ով «Մենք» դաշինքի համապետական ցուցակի 7-րդ հորիզոնականում է ներկայացված, ինչպես նաև առաջադրվել է Արարատի մարզի 5 ընտրատարածքում :
Անահիտ Ադամյանը մասնագիտական հարուստ փորձ ունի, այդ թվում պետական կառավարման համակարգում : «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխխմբագիր է աշխատել, «Գարուն» ամսագրում հրապարակախոսության բաժնի վարիչ է եղել, խմբագրել է «Մայրենի» ամսագրը, «Երկիր Նաիրի» թերթը, առ այսօր «Իրատես» թերթի քաղաքական մեկնաբանն է: Աշխատել է Տեղեկատվության նախարարությունում` վերլուծական բաժնի վարիչ, Սոցիալական ապահովության նախարարությունում` մամլո քարտուղար, այնուհետ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Հեղինակել է երկու գիրք` «Հիմնականի հիմնականը», «Ես դուռն եմ »:
-Ինչու՞ եք առաջադրվել հենց Արարատի մարզում:
-Որովհետև ամեն հայի հոգում կա Արարատը:
-Դուք անկուսակցական եք, ինչո՞վ է պայամանվորված հենց «Մենք» դաշինքի ընտրությունը:
–Դա փոխադարձ ընտրություն էր: «Հանրապետություն» կուսակցությունը միակ կուսակցությունն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ 21-րդ դարասկզբին ստեղծվելով, երբեք չի դավաճանել իր սկզբունքներին, չի կորցրել դեմքը, չի մարգինալացել` ինչպես ասպարեզի շատ ավելի հայտնի կուսակցությունները, և այսօր էլ կենսունակ, իր տեսակետներն ունեցող ու ազդեցությունը պահպանող քաղաքական ուժ է, որը կարող է ուրույն ներդրում ունենալ քաղաքական կյանքում: Հենց այդ պատճառով այլ ընտրության մասին չեմ էլ մտածել:
–Սա Ձեր քաղաքական գործունեության առաջի՞ն փորձն է …
–21 տարեկանից քաղաքական դաշտում եղած լրագրողի համար դժվար է պատասխանել հարցին` սա քաղաքական գործունեության առաջի՞ն փորձն է, թե՞ ոչ: Փաստացի` քաղաքականությունը եղել է իմ կյանքում միշտ: Ողջ էությամբ քաղաքականություն մտնելու որոշումը ինքնաբերաբար է ծնվում` երբ տասնամյակներով գրում ես` ի՞նչ են անում, ի՞նչ պիտի անեն ու չանեն քաղաքական գործիչները, գալիս է պահ, որ ինքդ ես ուզում անել այն, ինչ չեն անում ուրիշները:
-Ի՞նչ նոր գաղափարներով եք հանդես գալիս այս ընտրություններին:
-Գուցե տարօրինակ հնչի, բայց աշխարհում վաղուց չկան նոր գաղափարներ, կա տեղի, ժամանակի ու իրավիճակի համընկնում, երբ մոռացված գաղափարները վերադառնում ու դառնում են արդիական: Ընտրարշավի արդեն երկրորդ շաբաթում ցավով եմ արձանագրում, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մարտավարության մեջ գաղափարները մղվել են հետին պլան ու առաջնայինն են փոխհարաբերությունների պարզաբանումները` սևի ու սպիտակի գունաբաժանման հիմնավորումները: Նույնքան ու ավելի ցավով եմ արձանագրում նաև, որ ոչ միայն ընտրվողներին, ընտրողներին էլ գաղափարներն առանձնապես չեն հետաքրքրում: Մարդկանց հուզում են շատ ավելի պրագմատիկ խնդիրներ, որոնց լուծումներն ուզում են տեսնել այստեղ ու հիմա, «ինչպես»-ի հարցը նրանք չեն էլ քննարկում:
-Ինչպե՞ս եք համոզում ընտրել Ձեզ և Ձեր կուսակցությունը:
–Ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր և անգամ հպանցիկ հայացքը ի հայտ է բերում, որ 10 ուժերը Հայաստանի ներկան ու ապագան տեսնում են եվրասիական տարածքում` նույն ներքին ու արտաքին քաղաքականությամբ: «Մենք»-ը ընդլայնում է հորիզոնը` մենք համարում ենք, որ Հայաստանը ինքնիշխանության վերականգնման խնդիր ունի լուծելու, որ հնարավոր է միայն անվտանգության ապահովմամբ ու տնտեսության զարգացմամբ: Հայաստանին այլընտրանք է պետք, ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում, որ նշանակում է ինտեգրում ԵՄ-ին ու պայմանների ստեղծում ԵՄ-ի հետագայում ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: Այս ընտրությունները գերկարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ներկայի ու ապագայի վրա: Հարափոփոխ տարածաշրջանում Հայաստանի առաջ բացվում են աննախադեպ հեռանկարներ, միաժամանակ` սրվում են վտանգները: Մենք աշխարհաքաղաքական ընտրություն ենք կատարելու` խորհրդարան ընտրելուց զատ: Այս թեման ընտրարշավում չի արծարծվում: Քաղաքական ուժերը խրվում են Հայաստանի ներքին կյանքում ու չեն անդրադառնում արտաքին քաղաքական խնդիրներին, որ չեն սկսվում ու չեն ավարտվում Ղարաբաղի հարցով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվում է օր առ օր, ու բոլոր պետությունները ընտրության առաջ են` կառչել եղածի՞ց, թե՞ համարձակ քայլերի գնալ` համարժեք իրավիճակ ունենալու համար փոփոխված պայմաններին: 11 քաղաքական ուժերից քաղաքակրթական փոփոխություններին արձագանքելու մասին մտածում է միայն «Մենք»-ը ու միայն «Մենք»-ն է բարձրացնում Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում իրավահավասար գործընկեր դարձնելու անհրաժեշտության հարցը: Գուցե դա չի բավարարում ընտրողի պոպուլիստական պահանջարկը, որին տուրք են տալիս բոլորը, գուցե նույնիսկ թվում է հակաքարոզչություն, բայց դա ճշմարտություն է, որ եթե ոչ այսօր, վաղը բախելու է բոլորի դուռը: Իսկ երկիրը պետք է հեռանկար ունենա ու ամբիցիա: Ու հենց այդ պատճառով` «Մենք»-ը խորհրդարանում կարող է լինել հակակշիռ, որ մղում է զարգացման, նոր ելքերի ու նոր լուծումների:
–Եթե ընտրվեք, խորհրդարանում կպաշտպանե՞ք կանանց շահերը:
-Գուցե ինձ համարեք գենդերային հարցերում վիճակին անհամարժեք տեսակետներ ունեցող, բայց ես չեմ ուզում մարդկանց միջև սեռերի բաժանմանը տուրք տալ: Դուք կարծում եք կանայք նվա՞զ պաշտպանված են երեխաներից, ծերերից, հաշմանդամներից կամ երիտասարդներից: Ընտրվելու պարագայում իմ խնդիրն եմ համարելու միջին վիճակագրական հայի իրավունքների պաշտպանությունը: Առաջնայինը ու գլխավորը արժանավայել ապրելու իրավունքն է` սովորելու, աշխատելու, հանգստի, բուժման ու ապահովված ծերության: Այս շրջագծում տեղավորվում է մարդու ողջ կյանքը:
-Այսպիսի մի կարծիք կա, որ կանայք կանանց չեն ընտրում, համաձա՞յն եք այս մտքի հետ:
-Կարծում եմ` կանայք միշտ ընտրում են արժանի մարդկանց` կին, թե տղամարդ: Ու դա ճիշտ ընտրություն է:
-Որո՞նք են այսօր Հայաստանում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները:
-Դա մի հարց է, որ ոչ թե մեկ հարցազրույցի, այլ` հոդվածաշարի է արժանի: Եթե համառոտ` առաջինը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, երկրորդ ու կարևորությամբ ոչ պակաս խնդիրը մեծ արդյունաբերության վերագործարկումն է, որ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կտա, հետևաբար` կնպաստի արտագաղթի սահմանափակմանը: Տասնամյակներով Հայաստանը փորձել են զարգացնել իբրև սպասարկման ոլորտ ու չարչիությունը համարել են առևտուր` սա սխալ ճանապարհ է, որից օր առաջ պետք է հրաժարվել: Ոչ էլ հնարավոր է զբոսաշրջությամբ երկիր պահել այս կտրվածքով` ավիատոմսերի ու հյուրանոցների բարձր գներ, դեպի պատմամշակութային հուշարձանները տանող անբարեկարգ ճանապարհներ, բնական կարիքների բավարարման պայմանների չգոյություն, կանխիկ դրամի փոխարեն քարտերի օգտագործման հնարավորության բացակայություն… Միայն արդյունաբերության վերագործարկումն ու տնտեսության կառուցվածքի փոփոխությունը իրավիճակ կփոխի: Հայաստանը չունի նավթ ու գազ, բայց ունի հարուստ հանքային պաշարներ և շատ անփույթ, եթե չասեմ հանցագործ վերաբերմունք ունի իր բնական պաշարների նկատմամբ` արտահանում է իբրև հումք, տեղում վերամշակելու ու արտադրանք արտահանելու փոխարեն, որ շատ ավելի մեծ պահանջարկ ու բարձր գին ունի: Հայաստանն ունի խմելու ջրի անսպառ պաշարներ և անտեսում է իր այն հարստությունը, որ Մերձավոր Արևելքում նավթից ու գազից թանկ է, նույնիսկ ինքնահոս խողովակաշարերով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի խմելու ջրի մատակարար… Սրանք խնդիրներ են, որ որոնց լուծումը բյուջեին կապահովի այն մուտքերը, որոնց կարիքը մենք ունենք ու փորձում ենք արտասահմանյան ներդրումների հաշվին լուծել: Վստահաբար` առաջին հերթին տնտեսության գույքագրում է պետք ու հեռանկարների ամրագրում` նվազագույնը 25 տարով:
-Ի՞նչ եք կարծում ինչպիսի՞ն կլինի ապագա Ազգային Ժողովը:
-Շատ կուզեի, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը լիներ այլևս կայացած, ինքնիշխան ու ժողովրդավար երկրի խորհրդարան, բայց արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի խնդիրը հենց այդ հարցերի լուծումն է լինելու: Օրինաչափ է, որ հեղափոխությունից հետո հեղափոխություն արած քաղաքական ուժը` ՔՊ-ն, ստանա սահմանադրական մեծամասնություն` 70 տոկոս, թեպետ արդյունավետ կառավարման համար իշխող ուժի դեպքում օպտիմալը 40 տոկոսն է, որ մյուս քաղաքական ուժերը ևս ընդունվող որոշումների վրա ներգործության հնարավորություն ունենան: Դա համաշխարհային փորձն է վկայում:
-Ի՞նչ կուզեք ասել ձեր ընտրողներին:
-«Մենք»-ի կարգախոսն է` «Առաջինը` Հայաստան»: Մեզ ընտրելով` ընտրում եք ձեզ:
Կ. Պետրոսյան
Դիտումների քանակը` 1591