Ալվարդ Դավոյան. «Ապագան առողջ սննդինն է»

Նորարար գյուղատնտեսին հիասթափությունները ոչ թե ընկճել,  այլ նոր ուժով են առաջ մղել

 

Շուրջ 20 տարի է, վարդաբլուրցի Ալվարդ Դավոյանն զբաղվում է  գյուղատնտեսությամբ: Սկզբնական շրջանում ծաղիկների ջերմոցային մշակմամբ զբաղվող Ալվարդի մոտ տարիների ընթացքում նոր մշակաբույսեր աճեցնելու ցանկություն է առաջացել: Աստիճանաբար ավանդական մշակաբույսերի՝ լոլիկի, վարունգի, բիբարի ու բադրիջանի կողքին Ալվարդն սկսել է  փորձարկել նաև նոր՝ Հայաստանի համար ոչ ավանդական համարվող մշակաբույսեր:

Դրանց մշակման նրբություններին ու հմտություններին ծանոթանալու հարցում օգնել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը, որի կողմից  2010-2011թթ.-ին իրականացվող ծրագրերում որպես սոցիալական աշխատող ընդգրկված Ալվարդը ոչ միայն զբաղվում է իր բուն աշխատանքով, այլև շահառու կանանց հետ մասնակցում կազմակերպվող դասընթացներին ու քննարկումներին:

 

«Ծրագրի նպատակը կանանց ներգրավելու միջոցով  խոցելի ընտանիքներին  գյուղատնտեսական աշխատանքների մեջ ներառելն էր:  Թե՛ ես, թե՛ ծրագրի շահառու կանայք թեև ծանոթ էինք ավանդական մշակաբույսերի աճեցման նրբություններին, սակայն հատկապես ոչ ավադական մշակաբույսերը մեզ համար նորություն էին»,- հիշում է Ալվարդը:

 

Նրա խոսքով՝  ծրագրի ավարտին Վարդաբլուրում գյուղատնտեսութամբ զբաղվող կանանց թիվն զգալիորեն ավելացել է, շատերի տնամերձերում հայտնվել են նոր մշակաբույսեր, որոնցից ամենատարածվածը բրոկոլին էր:

 

«Միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից գյուղական համայնքներում իրականացվող  դասընթացներն ու ծրագրերը կարևորելով, Ալվարդը նշում է՝ դրանք բավականին «բացել են» համայնքի կանանց.

 

«Որտեղ ակտիվ ծրագրեր են իրականացվել, այնտեղ և՛ բնակիչներն են ավելի տեղեկացված ու ակտիվ, և՛ կարծրատիպերն են կոտրվել: Եթե որոշ համայնքներում տան մեծերը դեռ ասում են՝ վայ, պետք չէ, որ մեր հարսը, մեր աղջիկը գնա, մասնակցի այդ ծրագրերին, այստեղ հակառակն է՝ հասկանում են, որ իրենց հարսն ու աղջիկը որ գնան, մի բան ավել կսովորեն»:

 

Գյուղի կանանց հետ համատեղ ծրագրեր իրականացնելու գաղափարն Ալվարդին ստիպել է դիմել տարբեր կազմակերպությունների՝ դրամաշնորհ ստանալու ակնկալիքով, դրան զուգահեռ իր փոքրիկ ջերմոցում շարունակել է աճեցնել  բրոկոլի, սպիտակ սմբուկ, բրուսելյան կաղամբ… 5 տարի շարունակ, սակայն, որևէ դրամաշնորհ ստանալու նրա փորձերն ապարդյուն են անցել:

 

 «Շատերի մոտ արդեն մտավախություն կար, ինձ ասում էին՝ մի դիմի, մեկ է,  ոչ մի բան չի ստացվի, ում ուզեն՝ նրան են տալու»,- հիշում է Ալվարդը:

 

Բնավորությամբ համառ կնոջը, սակայն, հիասթափությունները ոչ թե ընկճել,  այլ նոր ուժով են առաջ մղել:

 

Ջերմոցային տնտեսություններում ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման ծրագիրը հավանության է արժանացել ու դրամաշնորհ ստացել Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ENPARD ծրագրի շրջանակներում: Ծրագրի նախապայմաններից մեկն էլ կանանց միավորման ու որոշակի ֆինանսական ներդրման արդյունքում կոոպարետիվների ստեղծումն էր:

 

 2015թ.-ին Ալվարդն իր շուրջ համախմբված 4 կանանցով ստեղծում է «Առողջ սնունդ» կոոպերատիվն ու անցնում ծրագրով նախատեսված բրոկոլի մշակաբույսի մեծածավալ աճեցմանը:

Ծրագրի շրջանակներում խմբին տրամադրվում է 140 քմ տարածքով ջերմոց՝ կաթիլային ոռոգման համակարգով, անհրաժեշտ քանակով բրոկկոլիի սերմեր: Կանայք անցնում են գործի:

 

«Ջերմոցում թաղարներով սածիլներն էինք դնում, որից հետո արդեն 35 օրական սածիլները տեղափոխում էինք դաշտ: Ասում ենք՝ կանանցով, բայց ընտանիքի անդամներն էլ են ընդգրկվում, այնպես չի, որ տղամարդկանց թողնում ենք պարապ մնան»,- կատակում է Ալվարդը:

 

Եռամյա ծրագրի առաջին փուլը կանանց համար եղել է խնդիրների բացահայտման տարի:

«Չնայած եղանակը որոշակիորեն բարենպաստ էր, բայց եթե դրա հետ մեկտեղ նաև ջրելու հնարավորություն ունենայինք, լավ կլիներ,- նշում է Ալվարդը, մատնանշելով գյուղի ոռոգման ջուր չունենալու հանգամանքը,- կրծողները բավականին վնաս տվեցին. նրանց գործոնը հաշվի չէինք առել: Նաև հակակարկտային կայաններ ունենալու  խնդիրը կա, որպեսզի կարողանանաք պահպանել մեր բերքը: Ծրագիրը նման տարր ուներ նախատեսված միայն ջերմոցի համար»:

 

Առաջացած խնդիրներից կանայք հետևություններ են արել. այս տարի պետք է փորձեն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը: Դրան զուգահեռ կշարունակեն փորձարկել նոր մշակաբույսեր:

 

«Պատիսոն, գանգուր կամ սև կաղամբ, արտիշոկ էլ ենք աճեցնելու: Այս տարի ուզում եմ նաև կարմիր վարունգը փորձարկեմ»,- նշում է  նորարար գյուղատնտեսը:

 

Նրա խոսքով՝ նախորդ տարի անցկացված ցուցահանդեսների ժամանակ սև կաղամբը «բուռն ընդունելության» է արժանացել:

 

«Ամուսինս միշտ հումորով ասում է՝ մի քանի քոլ էր տարել, ահագին լավ վաճառվեց: Մարդիկ, ովքեր դրսում համտեսել էին սև կաղամբ, անմիջապես նկատում էին այն ու գնում, միաժամանակ պատմելով դրա օգտակար հատկությունների ու արտերկրում մեծ տարածում ունենալու մասին»,- նշում է նա:

 

Ցուցահանդեսների արդյունքում արդեն իսկ ավելացել են պատվերները: Ալվարդը վստահ է՝ ապագան առողջ սննդին է:

                                                                                                                                            

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 4732

Գլխավոր էջ