Ալեսյա Բեջանյան. «Ես հիմա մեր մայրաքաղաքին նայում եմ նաև փոքրիկ տղայիս աչքերով»
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն Ալեսյա Բեջանյանն է, նա չորրորդ հորիզոնականում է ներկայացված։ ՀՅԴ–ին անդամակցում է 2003թ–ից և կուսակցության ցուցակի նույն տեղում էր նաև 2013-ի ավագանու ընտրություններում։ Հայ Օգնության Միության Կենտրոնական վարչության անդամ է, աշխատում է որպես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու։ WomenNet.am-ը զրույցում շեշտադրում է, որ այսօր նայում է քաղաքի խնդիրներին ոչ միան որպես կին քաղաքական գործիչ, այլև՝ երիտասարդ մայր։ Այստեղից և առաջին հարցը՝ որրպես ավագանու թեկնածու ո՞ր խնդիրներն եք առանձնացնում առաջնահերթ լուծման համար։
-Անկեղծ ասեմ, ես հիմա մեր մայրաքաղաքին նայում եմ նաև փոքրիկ տղայիս աչքերով: Երևանը պետք է դառնա մեծանալու և ապրելու լավագույն վայրերից մեկը, որտեղ զբոսնելը հարմար լինի, խաղահրապարակները բարեկարգ լինեն, զբոսայգիները շատանան, մանկական գրադարանները ավելանան ու գրավիչ լինեն: Ուզում եմ, որ մեր մայրաքաղաքը լավագուններից լինի աշխարհում, որտեղ մեր երեխաները կստանան լավագույն կրթությունը:
-Իսկ Երևանը որքանո՞վ է հարմարավետ փոքր երեխա ունեցող մայրիկների համար ։ Շատ փողոցներում երեխայի հետ սայլակով զբոսանքը չարչարանքի է վերածվում՝ կամ մայթեր չկան, կամ նեղ են, կամ էլ շատ կտրտած…
-Անձամբ եմ դա զգացել ամեն անգամ մանկասայլակով զբոսանքի դուրս գալով. թեքահարթակները քիչ են, ինչը նաև կաթվածահար է անում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժը: Բացի այդ, թե փոքր կենտրոնում, թե մնացած վարչական շրջաններում շատ քիչ են զբոսանքի վայրերը, խաղահրապարակները, այգիները: Նոր այգիների հիմնում ենք նախատեսում, առաջարկելու ենք նաև Հրազդանի կիրճը, Հաղթանակի զբոսայգին և նրան հարող տարածքը սահմանել որպես բնապահպանական գոտի: Դալմայի այգին, Երևանյան լիճը և նրան հարող տարածքը պետք է վերածել համաքաղաքային նշանակության հանրային հանգստի, կանաչ գոտիների:
– Աշխատող մայրերը լուրջ խնդիրներ ունեն երեխաներին մանկապարտեզ ընդունելու, նաև մանակապարտեզների աշխատանքային ժամերի հետ կապված։ Ծնողների աշխատանքը հիմնականում ավարտվում է 18։00-ին, երեխաներին մանկապարտեզից պետք է վերցնել ժամը 16։30-ին։ Այս խնդիրների ի՞նչ լուծում եք պատրաստվում առաջարկել:
-Տեղյակ եմ, որ պետական մանկապարտեզներում հերթեր են և այդքան հեշտ չէ երեխային մանկապարտեզ տեղավորելը: Մարդիկ կան՝ տարիներով սպասում են: Մանկապարտեզներում էլ խմբերը ծանրաբեռնված են, իսկ մասնավոր մանկապարտեզներն էլ շատերի համար մատչելի չեն: Լուծումը պետք է լինի՝ անհրաժեշտության չափով մանկապարտեզների ավելացումը: Իսկ ժամերի հետ կապված հարցը, կարծում եմ, պետք է կարգավորվի կամ հավելյալ աշխատող պահելով, կամ էլ հավելավճարով, որ գոնե մինչև 19:00 երեխաները հանգիստ մնան մանկապարտեզում, միչև ծնողը կհասնի:
–Ըստ Ձեզ, ինչպիսին պետք է լինի 2800-ամյա Երևանի դեմքն ու կարգախոսը։
– Կընտրեի՝ «Համայն հայության մայրաքաղաք» կարգախոսը: Աշխարհում ապրող ամեն մի հայի համար իր սրտի մայրաքաղաքը պետք է լինի Երևանը: 2800-ամյա մեր մայրաքաղաքը իր պատմության մեջ նոր էջ պետք է բացի: Այսօր Երևանն այնպիսին է, ինչպիսին ունենք՝ իր լավ ու վատ կողմերով, իր խնդիրներով: Այն, որ մեր մայրաքաղաքը Հռոմից հին է, դա մենք գիտենք, բայց աշխարհում քչերը գիտեն դրա մասին: Ցավոք, այսօր մենք չունենք «հին քաղաք» կոչվածը: Պետք է միջոցներ ներդնենք հին Երևանից մնացած մասունքները պահպանելու, դրանք բարեկարգելու, վերանորոգելու համար: Հնարավոր բոլոր միջոցները պետք է կիրառենք, որ մեր հնագույն մայրաքաղաքը շատ գրավիչ լինի զբոսաշրջիկների համար:
Զրուցեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 5444