Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար
Ի՞նչ խնդիրների են առնչվում հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները հայաստանյան բուժհաստատություններում` վերարտադրողական առողջության հետ կապված ծառայություններից օգտվելիս: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները փորձել են ստանալ հաշմանդամություն ունեցող մի խումբ կանայք` նախաձեռնելով «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար Հայաստանում» հետազոտությունը: Նշենք, որ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 195.925 մարդ, որոնցից 93.134-ը կանայք են:
Ծրագրի հեղինակ և ղեկավար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ մինչ այժմ հաշմանդամություն ունեցող կանանց կարիքների վերաբերյալ որևէ հետազոտություն չէր արվել և իրենց նախաձեռնությունը կոչված էր լրացնել այդ բացը՝ ուսումնասիրելով այս հարցում առկա իրավիճակը Հայաստանի բժշկական հաստատություններում:
Բանախոսը նշեց, որ իր անձնական փորձից գիտի ՝ հաշմանդամություն ունեցող կանայք բուժհաստատություն դիմելով առնչվում են շատ տարբեր խնդիրների, որոնց մի մասը կապված է ֆիզիկական մատչելիության, մյուս մասը վերաբերմունքի և առկա կարծրատիպերի հետ: Հետազոտության շրջանակում հավաքագրված պատմությունները դա հաստատում են .
… «Գնացել եմ հղիության քարտ հանելու համար, աշխատողը նայում ա դեմքիս , ասում. «Իյա~, էս դու հղի ե՞ս (շատ խիստ զարմացած), բա կարա՞ս բերեց, որ հղիացել ես, չե՞ս վախում»: (ք.Վանաձոր. հենաշարժողական հաշմանդամություն ունեցող կին)
… «Բժիշկը առանց իմանալու` ամուսնացա՞ծ եմ, թե ոչ, չգիտես ինչու որոշեց, որ ես 32 տարեկանում դեռևս սեռական հարաբերություն չեմ ունեցել»: ( ք.Երևան, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կին).
…«Լսողության խնդիր ունեմ և առանց ժեստերի լեզվին տիրապետող անձի օգնության չեմ կարող հիվանդանոց գնալ: Ծննդաբերության ժամանակ գիշերն ինձ շտապ պետք է հիվանդանոց գնալ: Ստիպված զանգեցի իմ թարգմանիչին: Ստիպված էի նրան խնդրել, քանի որ դա նրա աշխատանքային ժամից դուրս էր»: ( ք.Երևան, լսողության խնդիր ունեցող կին)
Նշենք, որ հետազոտության շրջանակում դիտարկում է իրականացվել մարզերի բուժհաստատություններում հաշմանդամություն ունեցող 28 կանանց և աղջիկների մասնակցությամբ: Հարցումներ են անցկացվել Հայաստանի մարզային բուժհաստատությունների 164 աշխատակիցների հետ, իրականացվել են նաեւ օնլայն հարցումներ 18-40 տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց շրջանում: Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են առողջապահության ոլորտում առկա խտրականության դեպքեր՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ, որոնք բուժծառայությունների անմատչելիության, բուժանձնակազմերի ոչ լիարժեք պատրաստվածության եւ կարծրատիպային կամ ոչ կոռեկտ վերաբերմունքի, օրենսդրական բացերի հետևանք են հանդիսացել:
Հետազոտության արդյունքները ի հայտ են բերել հետևյալ խնդիրները. Բուժհաստատությունների միայն 41 տոկոսն ունի հատուկ ձև, որով գրանցւոմ է հիվանդի տվյալները հեռախոսով ընդունելության համար , ընդ որում դրանցից միայն 41 տոկոսն է ներառում հիվանդի հաշմանդամության վերաբերյալ հարցը այդ ձևի մեջ:
Հարցմանը մասնակցած ընդունարանի աշխատակիցների միայն 13 տոկոսն է համարում, որ իրավունք ունի մերժել հաշմանդամություն ունեցող հիվանդին մատուցելու համապատասխան ծառայություն` հիմնավորելով դա բժշկական հաստատության և դրանում առկա սարքավորումների անմատչելիությամբ: Նրանց մոտ 66 տոկոսը համարում է, որ իրավունք ունի հաշմանդամություն ունեցող անձին խնդրել բժշկական հաստատություն այցելել օգնական-ուղեկցողի հետ, ով կօգնի վերջինիս հաղթահարելու հաստատության ֆիզիկական անմատչելիությունն ու հաղորդակցման խոչընդոտները: Այլ կերպ ասած` նրանց մտքով չի անցնում, որ ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող կնոջ առողջապահական խնդրով, այդ թվում` կանացի առողջության հարցերով միայնակ բժշկի այցելելու իրավունքը:
Ընդհանուր հարցվածների 68 տոկոսը պատկերացում չուներ, թե իրենց հիվանդների քանի տոկոսն են կազմում հաշմանդամություն ունեցող կանայք: Այսինքն` պոլիկլինիկան կամ հիվանդանոցը, որպես կանոն, վիճակագրություն չի վարում հաշմանդամություն ունեցող կանանց այցելությունների վերաբերյալ: Իսկ այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող այցելուները քիչ են, անուղղակի վկայում է, որ տվյալ պոլիկլինիկան կամ հիվանդանոցը իր առջև խնդիր չի դնում ներառական և մատչելի դարձնել իր կողմից առաջարկվող ծառայությունները հաշմանդամություն ունեցող կանանց համար:
Խնդիր է նաև այն, որ հարցմանը մասնակցած բուժող անձնակազմի 122 ներկայացուցիչներից միայն 4-ն են ` 3 տոկոսը, երբևէ վերապատրաստվել հաշմանդամություն ունեցող կանանց մատչելի ծառայություններ մատուցելու թեմայով:
Ի դեպ, արված բացահայտումների հիման վրա մշակվել են առաջարկություններ օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով, ինչպես նաև համակարգային այլ ցանկալի միջամտությունների վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվում է, որպեսզի`
- Վերարտադրողական առողջության ծառայությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց պետք է մատուցվեն ոչ հաշմանդամ անձանց նույն ծառայությունները մատուցելու պայմաններով և գներով` պահպանելով հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ հատուկ պայմանները , ինչպես նաև այն արտոնությունների տրամադրմամբ, որոնք կարող են սահմանվել օրենսդրությամբ կամ առաջարկվել վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցող սուբյեկտի կողմից:
- Վերարտադրողական առողջության ծառայությունները պետք է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինեն: Վերարտադրողական առողջության ծառայություններ մատուցող սուբյեկտները չեն կարող մերժել վերարտադրողական ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող կանանց կամ դեռահասներին` նրանց հաշմանդամության հիմքով` բացառությամբ, եթե տվյալ ծառայության մատուցումը վտանգ է սպառնում նրա կյանքին կամ առողջությանը:
Նշենք, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել բուժհաստատությունների մատչելիությունը, վեր հանել նյութատեխնիկական հագեցվածության և վերաբերմունքային խոչընդոտները, անել հիմնավոր առաջարկություններ` դրանք բարելավելու նպատակով: Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4151