Աշխարհի բնակչությունը դարձավ 8 միլիարդ
2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը հասել է 8 միլիարդի։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA)։
«Այս ցուցանիշը նշելու առիթ է, և մարդկությանն ուղղված բարձր կոչ՝ լուծումներ գտնելու մեր առջև ծառացած խնդիրների համար… Շրջե՛ք 8 թիվը և դուք կունենաք անսահմանության խորհրդանիշ… Որպես ութ միլիարդ՝ մենք կարող ենք կերտել մեր ընդհանուր ապագան»,- նշում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:
Երկրի բնակչության աճի մասին կանխատեսումներն արվել են դեռ այս տարվա հուլիսին հրապարակված «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում:
Երկիր մոլորակի բնակչության ներկայիս աճը տարեկան 67 միլիոն մարդ է։ Աշխարհին մոտ 12 տարի պահանջվեց 7 միլիարդից 8-ի հասնելու համար:
Աշխարհի բնակչությունն ըստ տարիների՝
7 միլիարդ 2010թ.
6 միլիարդ 1998թ.
5 միլիարդ 1987թ.
4 միլիարդ 1974թ.
3 միլիարդ 1960թ.
2 միլիարդ 1930թ.
1 միլիարդ 1804թ.
Բնակչության թվով առաջատար երկրներն են՝ Չինաստանը՝ 1.452 միլիարդ, Հնդկաստանը՝ 1.412 միլիարդ, ԱՄՆ՝ 335 մլն., Ինդոնեզիա՝ 280 մլն., Պակիստան՝ 231 մլն.: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝ 2023 թվականին Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին՝ դառնալով ամենախիտ բնակչություն ունեցող երկիրն աշխարհում։
Կանխատեսվում է, որ 2030 թվականին բնակչության թիվը կարող է հասնել 8,5 միլիարդի, իսկ մինչև 2050 թվականը՝ 9,7 միլիարդի։ Բնակչության թվաքանակի պիկը կգրանցվի 2080-ական թվականներին՝ հասնելով 10,4 միլիարդի և այս մակարդակում կմնա մինչև 2100 թվականը։
2050 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 միլիոն
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի պարզաբանմամբ երկրի բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է մահացության նվազմամբ եւ կյանքի միջին տեւողության սպասվող աճով: «20 տարի առաջ կյանքի սպասվող միջին տեւողությունը 60-65 տարի էր, 2019-ին՝ 72 տարի, իսկ 2050-ին այն կաճի մինչեւ 77 տարի։ Ծնելիության ընդհանուր գործակիցի ցուցանիշը 2,5 է, որը 2100 թվականին կնվազի մինչեւ 2,1», -նշեց Հովհաննիսյանը:
Ըստ ՄԱԲՀ-ի կանխատեսումների, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի՝ կազմելով 2,6 միլիոնի: Ներկայումս, ծնելիության գումարային գործակիցը, 2021 թ. պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1,6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050թ:
«Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորված է ծնելիության գումարային գործակցի նվազմամբ, ինչպես նաև արտագաղթի տեմպերի փոփոխմամբ» ,-ասաց Աննա Հովհաննիսյանը:
Ասուլիսի տեսագրությունն ամբողջությամբ այստեղ.
Լրագրողների հարցին, հնարավո՞ր է արդյոք պատկերը դրականորեն փոխվի անհրաժեշտ ծրագրերի իրականացման դեպքում ՝ փորձագետը նշեց .
«Ցավոք սրտի, ոչ, որովհետև մենք ունենք կանխատեսումների մի քանի սցենարներ՝ հաստատուն, վատատեսական և լավատեսական: Բոլոր այս սցենարներում համապատասխանաբար, հաշվի են առնվում, եթե ոչինչ չփոխվի երկրում, եթե իրավիճակը վատանա և եթե իրականացվեն արդյունավետ տարբեր տեսակի ծրագրեր և ռազմավարություններ: Պետք է ասեմ, որ ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետությունում բնակչությունը կնվազի, պարզապես ավելի լավատեսական սցենարով՝ նվազումն ավելի քիչ կգրանցվի, իսկ վատատեսական ու հաստատուն սցենարների դեպքում ՝ բնակչության թվաքանակն ավելի շատ կնվազի»:
Արևելյան Եվրոպայի ժողովրդագրական խնդիրները պահանջում են վերանայել բնակչության քաղաքականությունները
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնակչության աճի դանդաղեցմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը: Մանրամասները ներկայացված են ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում:
Աշխարհի դեռևս աճող բնակչության այսօրվա 8 միլիարդի նշաձողը չպետք է մթագնի այն պոտենցիալ ծանր հետևանքները, որոնց կարող են բախվել բնակչության թվաքանակի նվազում ունեցող երկրները, եթե չկարողանան վերանայել ժողովրդագրական փոփոխության նկատմամբ վերաբերմունքը, – ասել է Ֆլորենս Բաուերը:
Ողջ աշխարհում բնակչության աճը զգալիորեն դանդաղել է և հետընթաց է սկսել աճող թվով երկրներում, որոնցից շատերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում են, որտեղ ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի համակցությունը նվազեցրել է բնակչության թիվը: Եթե այդ խնդիրը չլուծվի, այն կարող է վտանգել տնտեսությունների, սոցիալական համակարգերի և ենթակառուցվածքների ապագան:
«Բնակչության նվազմանն իրենց արձագանքներում կառավարությունները հակված են կենտրոնանալ ծնելիության աճի և ավելի շատ երեխաներ ունենալու համար մարդկանց ֆինանսական խթաններ տրամադրելու վրա», – ասում է տիկին Բաուերը:
«Բայց մենք տեսանք, որ դա չի աշխատում։ Անհրաժեշտ է միջոցառումների լայն շրջանակ, որը կհեշտացնի մարդկանց՝ իրենց ապագան սեփական երկրում կերտելը՝ այլուր հնարավորություններ փնտրելու փոխարեն, և իրենց ուզած թվով երեխաներ ունենալը»:
«Սա պահանջում է վերաիմաստավորել, թե ինչպես են երկրները մոտենում ժողովրդագրական փոփոխությանը», – նշում է տիկին Բաուերը, – «հեռանալ թվերի և սպառնալիքների ընկալման գերշեշտադրումից և ժողովրդագրական փոփոխությունը տեսնել որպես ավելի ուժեղ և ներառական հասարակություններ կառուցելու հնարավորություն»:
Արևելյան Եվրոպան աշխարհում առաջին տարածաշրջանն է, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է բնակչության թվաքանակի կայուն անկում, քանի որ մեծ թվով մարդիկ լքում են իրենց երկրները՝ այլ տեղ աշխատելու, և ծնելիության մակարդակները ցածր են: Ներկայում աշխարհի տասը ամենաարագ փոքրացող բնակչությամբ երկրները, բացառությամբ մեկի, գտնվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
«Իհարկե, թվերը կարևոր են, բայց բնակչության թվաքանակի վերելքներով ու անկումներով չափազանց տարվելը կարող է շեղել նրանից, ինչն իսկապես կարևոր է՝ կառուցելուց այնպիսի հասարակություններ, որտեղ մարդիկ կցանկանան ապրել և ընտանիք ունենալ», – ասել է տիկին Բաուերը:
Փաստերը վկայում են, որ, ըստ ամենայնի, փոփոխություն կարող է բերել տարբեր քաղաքականությունների համակցությունը։ Դրանց թվում են վաղ մանկության խնամքի ոլորտում արվող ներդրումները, առատաձեռն աջակցությունն ընտանիքներին, որից կշահեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, նախաձեռնությունները, որոնք կանանց և տղամարդկանց համար հեշտացնում են ընտանեկան և աշխատանքային պարտականությունները համատեղելը, աշխատանքի և բնակարանային հնարավորությունների ընդլայնումը երիտասարդների համար, ինչպես նաև խնամքի և տնային գործերի արդար բաշխումը տղամարդկանց և կանանց միջև։
Ներառականության ամրապնդումը ևս կարևոր է երկրները ժողովրդագրական փոփոխությանը պատրաստելու համար: Սա ներառում է կանանց, տարեցների, ներգաղթյալների և հասարակության լուսանցքում գտնվողների համար խոչընդոտների վերացումը՝ տնտեսությանը և հասարակական կյանքին լիարժեք ներդրում ունենալու համար:
Դիտումների քանակը` 544