7-ամյա Աննան ուզում է ատամնաբույժ դառնալ, բայց գումարի պատճառով դպրոց չի գնում

… Էջմիածին քաղաքից 4կմ հեռավորության վրա գտնվող թաղամասը` Մարգարայի խճուղին, նախկինում կոչվել է Խոզաբուծական: Հենց այստեղ էլ ապրում է 23-ամյա Քրիստինեն` իր 7-ամյա դստեր, մոր եւ երկու եղբայրների հետ:  «Ժողովուրդ»-ի ներկայացմամբ  բազմանդամ այս  ընտանիքը չունի եկամտի եւ ոչ մի աղբյուր:

 

Քրիստինեն  ամաչելով պատմեց, որ գումար աշխատում է միայն գարնան եւ ամռան ամիսներին, երբ մարդիկ իրենց հողատարածքներում աշխատանք են ունենում: Քրիստինեի եղբայրներն ամուսնացած չեն եւ չեն էլ պատրաստվում, քանի որ ընտանիք կազմելու պայմաններ չկան:  Ծանր վիճակում հայտնված բազմանդամ այս ընտանիքը ձմռան ամիսները մի կերպ է անցկացրել: Նրանք ապրուստի ոչ մի միջոց չունեն, չեն օգտվում նաեւ «Ընտանեկան» նպաստից, Օգնության ցուցակից, «Փարոս» համակարգից:

 

«Օր կա սոված ենք` առանց մի կտոր հացի, օր էլ կա` մի կտոր հացով: Աշխատանք լինում է` աշխատում եմ, չի լինում` տանն եմ նստում: Եղբայրներս էլ կամ աշխատում են կամ էլ ոչ: Իսկ մայրս  հիվանդ է: Այս տարի` ձմռանը աշխատանք չունեինք. էդ ձյանը հազիվ էինք կարողանում փայտ գտնել: Ես եմ հիմնականում գնացել հարեւան համայնքների հողատարածքներից փայտի կտորներ հավաքել ու բերել, որ տաքանանք»,- ներկայացրեց երիտասարդ  կինը:

 

Սակայն  միայնակ մոր մտահոգության գլխավոր  առարկան 7-ամյա դստեր` Աննայի դպրոց չհաճախելն է:  Հնարավորություն չունեմ, որ շորեր, կոշիկ ու տետրեր գնեմ: Ոչ մի բան չունեմ դպրոց ուղարկելու համար: Փող չկա:  «Փարոս»  համակարգից օգտվելու համար դիմեցի Էջմիածնի համապատասխան բաժին, բայց ասացին, որ պետք է երեխայի հետ միասին առանձին ապրեմ, որ ստանամ: Բայց ո՞ւր գնամ, տեղ չունեմ գնալու: Աշխատանք չունեմ, որ ունենայի, գոնե վարձով կապրեի»-հուզված ձայնով ասաց Քրիստինեն: Ի դեպ, Քրիստինեի մայրը` տիկին Հասմիկը, ով ունի առողջական խնդիրներ, թոշակ չի ստանում:

 

Մեր զրուցակցի խոսքով` Աննան շատ է ցանկանում դպրոց հաճախել: «Ամեն առավոտ, երբ պատուհանից տեսնում է, թե մյուս երեխաները ոնց են դպրոց գնում, ինքն էլ է ուզում, լաց է լինում ու պահանջում: Տեսնեմ, եթե էս տարի ամեն ինչ լավ լինի, կուղարկեմ, բայց գիշերօթիկ դպրոց, թե չէ այլ տեղ հնարավորություն չունեմ»,- ասաց Քրիստինեն:

 

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 7-ամյա Աննան անկեղծացավ` ասելով, որ շատ է ուզում մյուս աղջիկների նման դպրոց գնալ. «Մաման ասեց, որ փող չկա: Բայց ես շատ եմ ուզում գնամ, որովհետեւ ուզում եմ սովորել ու ատամնաբույժ դառնալ»…

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

 

 

P.S.  Ըստ պաշտոնական տվյալների  ՀՀ-ում 2012-2013 ուս. տարում դպրոցից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թվաքանակը կազմում է 754, որից 165-ը սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով Է դուրս մնացել, 271-ը` ցանկության բացակայության, 127-ին ծնողները չեն ուղարկում, 3-ը` խուլ են, 5-ը` կույր, 3-ը` ֆիզիկական, 10-ը` մտավոր անկարողություն ունեն:

 

 

Դիտումների քանակը` 4489

Գլխավոր էջ