Հայաստանում մնացել է 502 համայնք, որոնցից միայն  7-ն են կանայք ղեկավարում  

Այս տարի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած  խոշորացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում   թվով 325 համայնք  միավորվեցին  34  փնջերում: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարության տվյալներով,  խոշորացումից հետո այս պահին Հայաստանում հաշվվում է 502 համայնք: Նրանցից միայն 7-ն են կանայք ղեկավարում, ինչը  1.4% է կազմում :

 

Համայնքները գլխաորող կանանց   թվում  են Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան,  Արմավիրի մարզի Արևաշատի համայնքապետ Սուսաննա Գևորգյանը և  Արտամետ համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը,   Գեղարքունիք մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանը, Լոռու մարզի Բազումի համայնքապետ  Սրբուհի Հարությունյանը ,  Կոտայքի  Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը և  Շիրակի մարզի  Ամասիայի համայնքապետ  Հարությունյան Ջեմման, ով խոշորացված համայնք ղեկավարող միակ կինն է: Համայնքապետ   կանանցից երկուսը՝  Սուսաննա Գևորգյանը և Ալինա Հարությունյանը  համայնքի ղեկավարման  ավելի քան 20 տարվա  փորձ ունեն: 

 

Հայաստանի չորս  մարզերում՝  Արագածոտնում, Տավուշում, Վայոց ձորում և Սյունիքում  կին համայնքապետներ ընդհանրապես  չկան: Հանրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում: Հիշեցնենք, որ 2016-ի տվյալներով Հայաստանի 793 համայնքներից 17-ն էին ղեկավարում կանայք , ինչը  2.02% էր կազմում:  Կանայք, ըստ էության,  դուրս են մղվում  խոշորացվող համայնքներում ընթացող թեժ ընտրպայաքարից  կամ էլ , ի սկզբանե շանսերը գնահատելով, չեն էլ առաջադրվում:

 

 

Համայնքապետի թեկնածու երեք կանանցից երկուսը պարտվել են 

 

Այս տարվա  նոյեմբերին կայացած ՏԻՄ  ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 104 քաղաքացիներից միայն  3-ն էին կանայք: Նրանք  պայքարում էին Լոռու մարզի խոշորացված Օձուն, Գեղարքունիքի մարզի Գեղաքար ու խոշորացված Գեղամասար  համայնքներում: Ընտրությունների արդյունքում  համայնքապետի թեկնածու երեք կանանցից երկուսը  պարտվել են: Ընտրվել է միայն մեկը՝ Կարինե Մարտիրոսյանը,  այն էլ ոչ խոշորացված Գեղաքար համայնքում: Գործող գյուղապետ Կարինե Մարտիրոսյանի օգտին քվեարկել էր 67 մարդ, նրա մրցակիցը՝ անկուսակցական Ռաֆիկ Սաֆարյանը ստացել է 19 ձայն: Կարինե Մարտիրոսյանը գյուղը ղեկավարում է 2012-ից:

 

 Գեղարքունիքի հաջորդ համայնքում՝ խոշորացված Գեղամասար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար պայքարում էր  ՀՀԿ երկու ներկայացուցիչ: Կուսակցությունն առաջադրել ու սատարում էր Զոյա Գևորգյանին, ով  1996 թվականից  ղեկավարել  է Շատջրեք համայնքը: Նրա օգտին քվեարկել էր 1392 ընտրող: Նրա մրցակից, ինքնաառաջադրված Հակոբ Ավետյանի օգտին՝  2078 ընտրող: 

 

Լոռու մարզի Օձուն համայնքում ինքնառաջադրված ամկուսակցական Դոնարա Հախինյանի օգտին 64 ընտրող է քվեարկել: Այստեղ հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-կողմից առաջադրված Արսեն Տիտանյանը, ով 1885  ձայն էր ստացել: Երրորդ թեկնածուն Բարսեղ Այվազյանի օգտին  1852 ընտրող էր քվեարկել:

 

 Նշենք, որ քաղաքական առումով նույեմբերի  ընտրությունները կարելի է համարել ոչ մրցակցային, համայնքերի մեծ մասում ղեկավար ընտրվելու համար առաջադրվել են գործողները: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քիչ էին , միայն իշխող ՀՀԿ-ն է, որ թեկնածուներ է առաջադրել համայնքների գերակշռող մասում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածուներ առաջադրել է վեց համայնքում, նրանց թվում որևէ կին չկար:

 

Ավագանու ընտրություններում  կին  թեկնածուները ընդամենը  5% էին կազմում

 

Այս տարվա  ավագանու անդամի ընտրություններն աչքի  ընկան  կանանց պասիվ մասնակցությամբ, ինչը  թերևս կարելի է բացատրել համայնքների խոշորացմամբ: Այյսպես, նոյեմբերի 5-ին ընտրություններին   54 համայքներում, այդ թվում 34 խոշորացվող համայնքներում,  առաջադրվել էր 983 թեկնածու, որոնցից 49-ը  կամ 5%-ը  կանայք էին: Նրանք ավագանու անդամ դառնալու համար պայքարում էին միայն  24 համայնքում, որոնցից  20-ը խոշորացված են:    Ընտրությունների արդյունքում 49 կին թեկնածուներից ընտրվել են գրեթե կեսը՝ 24-ը , ինչը նորընտիր 544 ավագանիների  անդամների  4.4%-ն  է կազմում:  Հիշեցնենք, որ անցյալ տարվա ՏԻՄ ընտրությունների արդյունքներով  ավագանիներում կանանց ներկայացվածությունը 11.8%- էր, եւ այս առումով, նոյեմբերի 5-ի ընտրություններում լուրջ հետընթաց է արձանագրվել:

 

Նոյեմբերի 5-իընտրություններին  ամենամեծ թվով կանայք առաջադրվել եւ ընտրվել են Լոռու մարզում: Ընտրված 23 կանանցից ՝ 12-ը Լոռիում են ավագանի անդամ դարձել, սակայն այստեղ  էլ  խոշորացման արդյունքում կանանց ներկայացվածությունը նախորդ ավագանիների համեմատ 2 անգամ պակասել է:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3671

Գլխավոր էջ