500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ օրերս   հրապարակեց Երեւանի երեք մանկապարտեզներին օգտագործման համար անթույլատրելի թռչնամիս մատակարարած Էդվարդ Մխիթարյանի պատիժը` տուգանք 500 հազար ՀՀ դրամի չափով: Թեմային է անդրադառնում «Հետք.ամ»-ի թղթակից Սառա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ դեպքը բացահայտվել էր անցյալ տարի ոստիկանության կողմից ու երեխաները բարեբախտաբար այդ միսը չեն կերել; 

 

Դատավճիռը լիովին կանխատեսելի էր. դեռեւս նախորդ օրը` մայիսի 26-ին, գործով մասնակցող Երեւան քաղաքի դատախազ Գ. Մանուկյանը 20 րոպե համբերությամբ սպասում էր կալանքի տակ չգտնվող ամբաստանյալի ժամանելուն, որպեսզի ներկայացնի մեղադրական ճառը: Իր պաշտպանի հետ միասին դատարան ներկայացած ամբաստանյալի անհոգ կեցվածքը վկայում էր իր համար կանխատեսելի ու բարենպաստ դատավճիռ լսելու մասին:

 

Դատաքննությունն ընդամենը 5 րոպե տեւեց, որից 3 րոպեն բաժին ընկավ դատախազի ճառին, որն ամբաստանյալի արարքը համապատասխանեցրեց ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 1 րոպե տեւեց պաշտպան Սեյրան Գրիգորյանի ճառը, որը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի սոցիալական վիճակը հաշվի առնելով նրա նկատմամբ մեղմ վերաբերվել եւ նշանակել տուգանք` 300 հազար դրամի չափով, եւս երկու րոպե զբաղեցրեց դատավորը` ազդարարելով դատական նիստի սկիզբն ու ավարտը:

 

Դատարանն այսօր վերաորակեց դատախազի առաջարկած մեղադրանքը` 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակված արարքը վերաորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջնահաշվարկում Երեւանի դատախազությունն ու դատարանը տարակարծություն չունեին նշանակված պատժաչափի` 500 հազար դրամ տուգանքի վերաբերյալ:

 

Ամբաստանյալն ընդունել էր առաջադրված մեղադրանքը եւ գործը քննվեց արագացված կարգով, որը հնարավորություն չտվեց հավաստիանալու, թե հանցագործության բացահայտման ժամանակ ոստիկանության տարածած հայտարարություններից որը հաստատվեց, եւ նշանակված պատժաչափը որքանով է համապատասխանում նրա արարքին:

 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Էդվարդ Մխիթարյանը հաղթել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած «Մանկապարտեզներին հավի միս մատակարարելու» մրցույթում: 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա կազմակերպել եւ իրականացրել է հավի մսի մշակման եւ փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս՝ այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով եւ կալիումի պերմանգանատով եւ 79 կգ հավի միս էր մատակարարել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին:

 

Երեւանի քաղաքապետարանն ի պատասխան հայտնեց, որ մատակարարն ընդամենը մեկ ամիս առաջ` 2014թ.-ի հուլիսի 10-ին է Երեւանի քաղաքապետարանի հետ համապատասխան  գործունեություն իրականացնելու պայմանագիր կնքել` հաղթող ճանաչվելով հայտարարված մրցույթում եւ օգոստոսի 12-ին առաջին անգամ էր սնունդ մատակարել: Մինչդեռ 2014թ. օգոստոսի 14-ին տարածած հայտարարությամբ ոստիկանությունը տեղեկացրեց, թե պարզել են, որ քիմիական մի շարք նյութերի միջոցով մշակվող եւ օգտագործման համար ոչ պիտանի հավի միսը տեւական ժամանակ մատակարարվել է նաեւ մանկապարտեզներին:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության` Էդվարդ Մխիթարյանը 2014թ. օգոստոսի 4-ին եւ 11-ին Նոր Նորքվարչական շրջանի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին մատակարարել է ՀՀ Կառավարության՝ «Մսիեւ մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջներինչհամապատասխանող՝ 98750 դրամ արժողության 79 կգ հավի միս: Օգտագործման համար անթույլատրելի հավի միսը երեխաները չեն կերել, քանի որ մատակարարելուց րոպեներ անց, ամբողջ միսը հավաքվել է մանկապարտեզներից: Նաեւ քննության շրջանակներում հարցումներ են արվել բուժհիմնարկներ, թունավորման դեպքեր չեն արձանագրվել:

 

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հանրությանը տեղեկացրեց, որ «Սննդի մատակարար, արտադրող, իրացնող կամ սպասարկման օբյեկտ հանդիսացող կազմակերպությունները պետք է գրանցված լինեն Սննդի անվտանգության պետական ծառայությունում, որպեսզի համարվեն օրինական դաշտում գործող ընկերություն, սակայն անհատ ձեռներեց եւ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Մխիթարյանը նման գործունեություն իրականացնելու իրավունք չի ունեցել, քանի որ չի ունեցել համապատասխան գրանցում:

 

Չպարզվեց, թե ինչպես էր «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով 10 տոննա հավը ձեռք բերել Է. Մխիիթարյանը եւ կատարված հանցագործության մեջ ինչ դերակատարություն էր ունեցել նրան մսամթերք վաճառողը:

 

Հոդվածը ամբողջությամբ այստեղ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

 

Դիտումների քանակը` 3911

Գլխավոր էջ