Միխաիլ Սահակաշվիլին հորդորում է ընդգրկել կանանց ու տղամարդկանց ընտրական ցուցակներում 50/50 ձեւաչափով
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր նախկին կուսակցությանը մի քանի խորհուրդներ է տվել: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սահակշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր կուսակցությունը միշտ հանդես է եկել նորարարական գաղափարներով ու գործելաոճով, ուստի և հիմա պետք է հանդես գա մի քանի նոր նախաձեռնություններով: Դրանցից առաջինը պետք է լինի կանանց համար լիակատար հավասարության ապահովումը: Արդիականացման ընդհանուր գործընթացների շրջանակում պետք է հայտարարել, որ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների ցուցակում 50 տոկոսը պետք է կանայք լինեն:
Առաջին հերթին մենք այդպիսով ընդգծում ենք վրացական հասարակության մեջ կնոջ դերը, դա օբյեկտիվորեն կնպաստի թարմացմանն ու լավագույնս մեզ կպատրաստի ընտրություններում անխուսափելի հաղթանակին: Վստահ եմ, որ արժանի կին թեկնածուներ գտնել և ընտրելու հարցում մենք դժվարություններ չենք ունենա: Բացի այդ, մենք պետք է անհաղապաղ հասարակությանը ներկայացնենք այդ թեկնածուներին», – գրել է Վրաստանի նախկին նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Առանց մեկնաբանությունների թողնելով Վրաստանի նախկին նախագահի խորհուրդները, նշենք , որ վրացական աղբյուրների հաղորդմամբ, երկրի Ընտրական օրենսգրքում դեռ 2011-ին ամրագրված փոփոխությունների համաձայն, ցուցակներում կանանց ներկայացվածությունն ապահովող քաղաքական ուժերը լրացուցիչ ֆինանսական միջոցներ են ստանում:
Դիտումների քանակը` 3107