2021թ. ՏԻՄ ընտրությունների ամփոփում. կանանց ներկայացվածությունը ավագանիներում զգալիորեն աճել է/ ինֆոգրաֆիկա
Ամփոփելով անցյալ տարի կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքները կարելի է փաստել, որ կանանց ներկայացվածությունը խոշորացված համայնքների ավագանիներում աճել էառնվազն 3.5 անգամ՝ 8.7% -ից 31%: Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին համամասնական ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 45 խոշորացված համայնքներում: Դրա հետ մեկտեղ մեծամասնական կարգով ընտրություններ անցան ազգային փոքրամասնություններով բնակեցված 7 համայնքներում:
Համամասնական ընտրակարգով բոլոր ընտրություններին մասնակցել են ընդհանուր առմամբ 66 քաղաքական ուժեր, որոնց ցուցակներում ընդգրկված են եղել 5348 թեկնածուներ, նրանցից 1798-ը կամ 34%-ը եղել են կանայք։
Կանայք առավել մեծ մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 17-ի ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի ցուցակներում՝ 36 %, նոյեմբերի 14-ի ընտրություններին կին թեկնածուները 33.4 % են եղել, դեկտեմբերի 5-ի ընտրություններին՝ 33.2%։
2021 թ. ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքում ընտրվել է ավագանու 1027 անդամ, որից 319-ը կամ 31.06 %ը կանայք են։
Մասնավորապես, հոկտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքում ավագանու ընտրված 120 անդամներից 43-ն են կանայք (35.8%) , նոյեմբերի 14-ին ընտրված 73 անդամներից 24-ն են կանայք (32.8%), դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքով ընտրված 813 ավագանու անդամներից 253-ն են կանայք (31%)։
Նշենք, որ մինչ ընտրությունները, 45 խոշորացված փնջերում ընդգրկված համայնքներում ավագանու 3205 անդամներից 280-ն են եղել կանայք (8.7%): Այսինքն, կանանց ներկայացվածությունը նշված համայնքներում աճել է առնվազն 3.5 անգամ՝ 8.7% -ից 31%:
Մասնավորապես, հոկտեմբերի 17-ի ընտրություններին մասնակցած 6 համայնքներում ավագանու 91 անդամից 11 –ն եղել կին ( 12%) , նոյեմբերի 14-ին 3 համայնքներում ավագանու 45 անդամների թվում կանայք չկային, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին 36 փնջերում միավորված համայնքներում ավագանինրի 3064 անդամներից 269-ն էին կին ( 8.8%) :
Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարների թվում կանանց ներկայացվածությանը , ապա 2021 թվականին անցկացված բոլոր ՏԻՄ համամասնական ընտրություններին առաջադրված 66 քաղաքական ուժերի ընտրացուցակներից միայն 4 դեպքում են կանայք ընտրացուցակը գլխավորել : Ընտրությունների արդյունքում միայն 2 կին են ընտրվել համայնքի ղեկավար, ընդ որում այդ կանայք մինչ ընտրություններն են ղեկավարել իրենց համայնքները, այսինքն վերընտրվել են:
Մեծամասնական կարգով ընտրություններ
Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին մեծամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են կայացել յոթ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում՝ Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Լոռու մարզի Լերմոնտովո, Ֆիոլետովա, Արմավիրի մարզի Ֆերիկ, Կոտայքի մարզի Արզնի գյուղերում։
Ընդհանուր առմամբ, ավագանու անդամի ընտրություններին մասնակցել է 64 թեկնածու, որից 13-ը կամ մոտ 20%-ը եղել են կանայք։ Առաջադրված թեկնածուներից ընտրվել են 40-ը, որից 5-ը կանայք , ինչը 12.5% է կազմում և գրեթե կիսով չափ ցածր է քվոտայի կիրառմամբ անցած համամասնական ընտրությունների արդյունքներից:
Համեմատության համար նշենք, որ նախկինում նշված 7 համայնքներն ունեցել են ընդհանուր առմամբ ավագանու 40 անդամ, որից 7-ը կամ 17.5% -ն են եղել կանայք։
Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնքներում՝ Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Լոռու Լերմոնտովո, Ֆիեոլետովա գյուղերում։
Համայնքի ղեկավարի համար պայքարել են 12 թեկնածուներ, նրանց թվում կանայք չեն եղել։ Մինչ ընտրություններն էլ այդ համայնքները կանայք չեն ղեկավարել։
Համեմատելով 2021թ. համամասնական և մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքները կարելի է փաստել, որ ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան , որը կիրառվել է ՏԻՄ համամասնական ընտրություններում, մեծապես նպաստել է ավագանիների կազմում կանանց տոկոսային ներկայացվածության բարձրացմանը: Մեծամասնական ընտրությունների դեպքում քվոտան չի գործել և արդյունքում առաջընթացի փոխարեն որոշակի հետընթաց է գրանցվել :
Ինչ վերաբերում է համայնքի ղեկավարների թվին, ապա այս հարցը քվոտայի միջոցով չի կարգավորվում և մեծապես կախված է քաղաքական ուժերից, որոնց ցուցակները եզակի դեպքերում են կանայք ղեկավարում: Նույնքան հազվադեպ են կանանց առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում մեծամասնական ընտրակարգի դեպքում:
Հ. Կարապետյան
Ինֆոգրաֆիկան՝ Ս.Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1310