2018-ի իրադարձությունների թոփ տասնյակը՝ WomenNet.am-ի ներկայացմամբ
WomenNet.am-ը ներկայացնում է 2018 թվականի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող իրադարձությունների իր թոփ տասնյակը:
1)․ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության»-ը երիտասարդ աղջիկների ու կանանց ակտիվ մասնակցությունը գնահատվեց որպես բացառիկ։ Թեև Հայաստանի պատմության մեջ չի եղել գեթ մեկ քաղաքական հանրահավաք, շարժում, որին կանայք ակտիվ չեն մասնակցել, այնուամենայնիվ, 2018-ի շարժմանը նրանց մասնակցությունն առավել տեսանելի էր։ Պատահական չէ, որ ապրիլի 20-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց մասնակցությանը, ասաց․ «Իմ կարծիքով՝ այս շարժման ամենահզոր շարժիչ ուժը մեր կանայք են, մեր քույրերը, մեր դուստրերը։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել, և սա մեզ համար իրական հպարտություն է, որովհետև երկրի ապագայով չի կարող ավելի մտահոգ մարդ լինել, քան մեր մայրերը, մեր կանայք, մեր քույրերը, մեր դուստրերը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: Ու թեպետ իշխանափոխությունից հետո ձևավորված ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար ընդգրկվեց , կառավարման համակարգում կանանց մասնակցության ընդլայնման խնդիրը հստակ ձևակերպվեց քաղաքական օրակարգում որպես արդարության պահանջ:
Կարդալ ավելին.
«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»
«Կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացների խաղաղ բնույթի գրավականն էր». Փաշինյան
«Մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել»…
Կանայք իշխանության կազմում. չարդարացված ակնկալիքները թվերով
«Առանց կանանց Հայաստանի կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ»․ բաց նամակ՝ Փաշինյանին
Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա
2) 2018 թվականին Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ ընտրվեց։ Էջմիածին քաղաքը երկար տարիներ գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի տիրապետության տակ լինելուց հետո բացառիկ քայլ արեց՝ ընտրելով երիտասարդ կնոջը որպես քաղաքապետ։ Ու թեպետ քաղաքագետների գնահատականներով, Դիանա Գասպարյանը նման հաջողություն չէր արձանագրի, եթե առաջադրված չլիներ «Իմ քայլը» դաշինքի կողմից, բնական է, որ նաև կանանց մեծ ջանքերի շնորհիվ իշխանության եկած ուժը պետք է խրախուսեր կանանց ավելի ակտիվ մասնակցությունը երկրի կառավարմանը։
Կարդալ ավելին.
ՏԻՄ ընտրություններ. Հայաստանն արդեն կին քաղաքապետ ունի
Դիանա Գասպարյան. «Եկել եմ նորը կառուցելու սկզբունքով»
Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար / լրացված
3) Երևանի ավագանու արտահերթ ընտրություները ևս բացառիկ էին կանանց մասնակցության առումով։ Առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնին էր հավակնում 3 կին թեկնածու, ընդ որում, երկուսի դեպքում այդ կանայք առաջադրված դաշինքի և կուսակցության առաջնորդներն էին։ Ընդհանուր թեկնածուների թվում կանանց մասնակցությունը ևս բարձր էր՝ 36,2%, սակայն վերջնարդյունքում կանանց ներկայացվածության թիվն ավագանու կազմում նույնը մնաց նախորդ ընտրությունների համեմատ՝ կազմելով ընդամենը 27․6%, ինչը մեծապես պայմանավորված էր «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում կանանց սակավաթվությամբ։ Երևանի ավագանու ընտրություններում կանանց մասնակցության գնահատականը ամփոփվեց «Հավասար» քարոզարշավի շրջանակում պատրաստված վերլուծական տեղեկանքում:
Կարդալ ավելին.
Կանանց ներկայացվածությունը Երևանի նորընտիր ավագանիում 27.6% է
Կանանց մասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում. վերլուծական տեղեկանք
4) 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի կազմում 132 պատգամավորներից 32-ը կամ 24 %-ը կանայք են: Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման Ազգային Ժողովի 105 անդամներից 19-ը կամ 18 %-ն էին կին: Առաջընթացը մեծապես ապահոված է նրանով, որ «ռեյտինգային» համակարգով խորհրդարան անցան տասներկու կին թեկնածուներ, իսկ նախորդ ընտրություններում ընդամենը երկուսը: Տարածքային ցուցակներով առաջադրված կին թեկնածուներն իրենց ակտիվ քարոզարշավի շնորհիվ կոտրում էին հասարակությունում արմատացած այն կարծիքը, թե քաղաքականությունը կնոջ տեղը չէ։ Մայրաքաղաքի կենտրոնից մինչև ամենահեռավոր գյուղեր տնից տուն շրջող թեկնածուները հասարակական ընկալումներում ահռելի փոփոխություններ արեցին, որոնց պտուղները կանայք ապագայում կքաղեն։ Խորհրդարանական ընտրություններում կանանց մասնակցության արդյունքներն ամփոփվեցին «Կինը և քաղաքականությունը» դեկտեմբերին լույս տեսած համարում:
Կարդալ ավելին.
Նորընտիր խորհրդարանում կին պատգամավորների թիվն ավելացել է
Կանայք և ընտրությունները-2018. լույս է տեսել «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը
ԱԺ ընտրություններ-2018. առավելագույն ձայներ հավաքած կին թեկնածուները
Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.9%-ը կանայք են
Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը 32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց
Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում
5) Արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանձնացան նաև կին թեկնածուների մասնակցությամբ բանավեճերով, որոնք եկան հաստատելու, որ Հայաստանում կանայք վաղուց կայացել են որպես քաղաքական գործիչներ և կարող են ինքնուրույն ու լիարժեքորեն ներկայացնել իրենց կուսակցության դիրքորոշումն ու շահերը։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից կազմակերպված «Կանանց օրակարգը հանուն զարգացման» թեմայով դեբատները , ինչպես նաև ՀՀԿ ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանի և «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Լենա Նազարյանի միջև հեռուստաբանավեճը։
Սա նախկին և ներկա իշխանությունների բանավեճ էր, որի ընթացքում կողմերի դիրքորոշումները ներկայացնում էին կին առաջնորդները։ Այս բանավեճը ևս հեղափոխական նշանակություն ունեցավ հասարակական ընկալումների առումով։
6) Անցած տարի կանանց կյանքում արձանագրված դրական փոփոխություններից է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը, ով իր օրինակով կարող է նաև ոգեշնչել ու խրախուսել շատ կանանց առավել ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում։ Վերջինս «առաջին տիկնոջ» դերում հայտնվելուց գրեթե անմիջապես հետո հստակ հայտարարեց, որ կանանց և երեխաների խնդիրները լինելու են իր գործունեության թիրախում։ Բացի այդ, տիկին Հակոբյանը նախաձեռնեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որը կարող է լավ հնարավորություն դառնալ՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը կանանց մասնակցության առումով։
Կարդալ ավելին.
Կանանց եվրասիական համաժողով. Աննա Հակոբյանը կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին
7) 2018 թվականին WomenNet.am-ի կողմից հայտարարված լրագրողական մրցույթի արդյունքում ձևավորվեց «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»-ը: Մրցույթի շնորհիվ հանրությունը տեղեկացավ տեխնոլոգիաների, արվեստի, սպորտի, կրթության, քաղաքականության, տնտեսության մեջ նորարարություններով հանդես եկող բազմաթիվ կանանց մասին։ Մրցույթին ներկյացված մի քանի տասնյակ հոդվածներից ընտրվեցին 10 լավագույնները, որոնց հեղինակներն ու նյութի հերոս կանայք արժանացան խրախուսական մրցանակների։
Կարդալ ավելին.
WomenNet.am –ը ներկայացնում է կին նորարարների թոփ տասնյակը
Հայտնի են «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»-ի մրցանակակիրները
8) 2018 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որով օրենսդրական հիմքեր են նախատեսված ընտանեկան բռնության կանխարգելման համար։ Սա նշանակում է, որ այսուհետ իրավապահ մարմինները լիազորված են կիրառել օրենքով նախատաեսված գործիքակազմը ընտանիքում տեղի ունեցող բռնությունների դեպքում միջամտելու համար։ Օրենքը կիրառման արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ դեռևս չկան, որոշ ժամանակ է պետք դրա գնահատման համար։
9) Անցած տարի տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունների թվում առանձնացրել ենք նաև ՖեմԳրադարանի ստեղծումն ու բացումը։ Ֆեմգրադարանը նոր ձևավորվող ֆեմինիստական նախաձեռնություն է, որը նպատակ ունի ստեղծելու ապահով տարածք ինքնակազմակերպման, (ինքնա)կրթության և դիմադրության համար: Սա մի տարածք է, որտեղ ակադեմիական աշխատանքը միահյուսվելու է ֆեմինիստական ակտիվիզմին և արվեստին։ Ֆեմգրադարանում կենտրոնանալու է կանանց ուսումնասիրությունների, շարժումների վերաբերյալ գրականությունը։
10) Հայաստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից կարևոր իրադարձություն տեղի ունեցավ տարեվերջին՝ դեկտեմբերի 27-28-ին: ՕքսԵՋեն հիմնադրամի և WomenNet.am -ի հետ համագործակցությամբ իրականանցվող «Հավասար» քարոզարշավի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվեց «Հասարակական կազմակերպությունների և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում էին խորհրդարան անցած քաղաքակակն ուժերի ներկայացուցիչները, որոնց հետ քննարկվեցին «Կանանց օրակարգի» հիմնախնդիրներն ու դրանց լուծումները։ Նորընտիր պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ հիմնախնդիրների շուրջ հետագա ավելի սերտ համագործակցության վերաբերյալ։ Աշխատաժողովի մասնակիցները համերաշխություն հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի անդամ քաղաքական ուժերին ուղղված կոչի շուրջ:
Պատրաստեց Արման Ղարիբյանը
Դիտումների քանակը` 2316